ԱՄՆ-ն պահանջել է Թուրքիայից դադարեցնել ռուսական էներգակիրների գնումները
ԱՄՆ-ն մեծացրել է ճնշումը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների վրա՝ պնդելով, որ նրանք դադարեցնեն ռուսական էներգակիրների գնումները: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը համապատասխան պահանջը ստացել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ։
Այս առումով նշվում է, որ Թուրքիան ռուսական նավթի երրորդ խոշորագույն գնորդն է՝ Չինաստանից և Հնդկաստանից հետո։ Նրա նավթավերամշակման գործարանները վերջերս սկսել են կրճատել այդ ներմուծումներն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի երկու խոշորագույն արտադրողների նկատմամբ։ Սակայն Անկարան չի պլանավորում ամբողջությամբ հրաժարվել այդ մատակարարումներից։ Ավելին, Ռուսաստանը Թուրքիայի բնական գազի ամենամեծ մատակարարն է։ Ներկայումս բանակցություններ են ընթանում երկարաժամկետ պայմանագրերի շուրջ։
Bloomberg-ի վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ ճնշումը «կարող է դառնալ պոտենցիալ գլխացավանք» Թուրքիայի համար։



