Պետության ռազմական բալանսը ոչ թե պահում են ֆեյսբուքյան լայվերով, սելֆիներով և նկարած թվերով, այլ արժանապատիվ արտաքին քաղաքականությամբ. Շիրազ Խաչատրյան
Շիրազ Խաչատրյանը գրում է. «Ընդհանրապես, աշխարհում տարբեր պետությունների միջև ամբողջական և մշտական ռազմական բալանս գոյություն չունի, և դա պետք է ֆիքսել։ ՔՊ-ականները, ոնց որ միշտ, այս պարզ ճշմարտությունը ևս չեն սերտել։
Տեղյակ չեն, որ պատերազմի բալանսը ոչ միայն զուտ ռազմական կարողությունների հավասարակշռությունն է, այլ ավելի լայն հարաբերակցություն է իրենից ներկայացնում՝ ներառելով զինուժի մակարդակը, տեխնոլոգիական ներուժը, տնտեսական հնարավորությունները, դաշնակցային աջակցությունը և տարբեր այլ ռազմավարական գործոններ։
Շատ կարևոր է հասկանալ, որ այստեղ միայն գումարներն ինքնին որոշիչ չեն։
Չի կարելի ասել՝ եթե, օրինակ, Հայաստանի ռազմական բյուջեն մեկ միլիարդ է, իսկ Ադրբեջանինը՝ հինգ, ուրեմն բալանսը խախտված է։ Ռազմական հավասարակշռությունը չի հաշվարկվում զուտ թվերով, երբեմն փոքր պետությունն իր դաշնակիցների, ռազմավարական դիրքի կամ պաշտպանական մարտավարության շնորհիվ կարող է ունենալ համարժեք զսպող ազդեցություն։
Հիմա, երբ ամեն անգամ որևէ քպական անգիր արած ձևով իր տգիտությունն է ցույց տալիս կամ պարզ մանիպուլացիա անում, պետք է «կրթել», որ պետության ռազմական բալանսը ոչ թե պահում են ֆեյսբուքյան լայվերով, սելֆիներով, պոռոտախոսությամբ կամ նկարած թվերով, այլ պետական գիտակցությամբ, պատասխանատվությամբ ու արժանապատիվ արտաքին քաղաքականությամբ։ Հակառակ պարագայում՝ երկիրը անխուսափելիորեն կորցնելու է իր տեղը քարտեզի վրա…»:



