«Ամեն ինչ պատրաստ է. ականազերծումներից սկսած՝ մինչև սահմանային փշալարերի քաշումը. փշալարեր քաշել ու կանգ են առել ». Կարեն Ղազարյան

Հուլիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբի քաղաքում, Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկումների առանցքում եղել է սահմանազատման գործընթացը։ Երկուստեք արձանագրվել է գործընթացում եղած առաջընթացը, համապատասխան պետական հանձնաժողովներին հանձնարարվել է շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Նշենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպմանը ներկա էին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկել էր նախորդ տարվա ապրիլից՝ Տավուշի մարզում, սակայն գործընթացը գրեթե մեկ տարի կանգ է առել, մինչդեռ ամիսներ առաջ Մհեր Գրիգորյանը, նաև Նիկոլ Փաշինյանն ասել էին, որ գործընթացը շարունակվելու է Տավուշի մարզից։

Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը զարմացած է, թե ինչու սահմանազատման գործընթացը չի շարունակվում։ Նրա խոսքով՝ մեծ թափով դրանք սկսվել էին, նույնիսկ ականազերծման աշխատանքներն են ավարտել, փշալարեր քաշել ու այդտեղ կանգ են առել, թե ինչո՞ւ, նրա կարծիքով՝ պատճառները կարող են տարբեր լինել։

Կարդացեք նաև

«Ամեն ինչ պատրաստ է. ականազերծումներից սկսած՝ մինչև սահմանային փշալարերի քաշումը, գոնե Նոյեմբերյանից մինչև Կիրանցի հատված ամեն ինչ արել են։ Այնտեղ մենք Բերքաբեր գյուղի հատվածում ունենք հայկական հող, եթե չեմ սխալվում՝ խոսքը 1200 հեկտարի մասին էր, որից մոտ 900-ը վարելահող է, մնացածը՝ արոտավայր, որն Ադրբեջանի ձեռքում է։

Զարմանալի է, որ այսքանից հետո որևէ գործողություն չի կատարվում, կրկնում եմ՝ ամեն ինչ նախապատրաստել են, բայց այդտեղ կանգ առել»,- 168.am հետ զրույցում ասաց Կարեն Ղազարյանը։

Նա նշեց, որ Տավուշի բնակիչների հետ մշտապես շփվում է, բոլորն էլ դժգոհ են սահմանազատման գործընթացից՝ մտավախություն ունենալով, որ գործընթացը վերսկսելուց հետո կրկին տուն ու տարածքներ են կորցնելու, ինչպես եղավ Կիրանցի դեպքում։

«Մարդիկ պարզ ինձ ասում են՝ սրանով իշխանությունը խաղաղություն չի բերելու, այլ պատերազմն իրենց տներ է մտցնելու։ Եթե հիմա պաշտպանվելու համար ունեն բուֆերային հատված, ապա այդ սահմանազատում կոչված չարիքն իրագործելուց հետո այլևս այդ պաշտպանական գոտին չեն ունենալու։ Մարտադաշտը սկսվելու է գյուղից, ինչպես Կիրանցում է այս պահին, որտեղ դպրոցը թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա է, այսպես էլ լինելու է Ոսկեպարի դեպքում՝ դպրոցը հայտնվելու է թշնամու վերահսկողության տակ։ Որոշակի տներ ևս հանձնվելու են թշնամուն։ Բնակիչները սպասում են, որ գոնե իշխանափոխություն լինի, քանի որ վստահ են՝ այս զիջողականությունն իշխանափոխության հետ կավարտվի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Կարեն Ղազարյանի կարծիքով՝ եթե սահմանազատման գործընթացն իրականացնելը մնար միայն հայկական կողմին, արդեն իսկ ամեն ինչ արված կլիներ, «խաղաղության պայմանագիրը» նույնպես ստորագրված կլիներ։

«Կարծում եմ՝ Ադրբեջանը դադար է տվել գործընթացին, ինչը կապված է Սյունիքով անցնող կոմունիկացիաների հետ, որպեսզի իրեն ոչ թե երթուղիներ տրամադրվի, այլ «միջանցք»։ Տավուշում սահմանազատման գործընթացը պետք է ավարտվեր ապրիլին, բայց ինչպես տեսնում ենք՝ գործընթացում դադար է տրված, և դա, կրկնում եմ, եղել է Ադրբեջանի կողմից»,- ընդգծեց Կարեն Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս