ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՄԻ ԲԱՆ ՏԱԼԻՍ ԵՆ՝ ՄՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ. ՍՅՈՒՆԻՔԸ ՎԵՐՋԸ ՉԷ․ ՎԵՐՋԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ. ԴՐԱ ԴԵՄՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԻ ՁԵՎ ԿԱ. #ԴԱՍԵՐ-22

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի ճարտարագետ, հանրային գործիչ Հրաչյա Խաչատրյանն են։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Հովհաննես Ավետիսյան.- Այսօրվա Հայաստանը գտնվում է ավտորիտար ռեժիմի կառավարման ներքո, որը որևէ կերպ չի առնչվում հայկական շահերի հետ։ Ամեն ինչ արվում է Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց հանելու ու թուրքական տիրապետության տակ դնելու համար։

Կարդացեք նաև

Ոստիկանությունն ու դատաիրավական համակարգն այս ավտորիտար իշխանության կողմից օգտագործվում են որպես ռեպրեսիվ միջոց՝ մարդկանց լռեցնելու համար։

Հրաչյա Խաչատրյան.- Հայաստանն այսօր ամեն վայրկյան կորցնում է դիմադրողականությունը՝ որպես հայերի երկիր, որովհետև այսօրվա իշխանությունն այս տարածքում մոնոպոլիզացնում է իշխանությունը։ Չեմ ասում՝ պետություն, որովհետև մենք այսօր պետություն՝ որպես այդպիսին, չունենք։

Եկեղեցու դեմ մեկ ուժ չէ, որ աշխատում է, այլ արտաքին շատ ուժեր ու կազմակերպություններ։ Եկեղեցին շատ ավելի շատ թշնամիներ ունի, քան Հայաստանն ինքն իրենով։

Երկրի այսօրվա ղեկավարն իր իշխանությունը ստանձնեց «Արցախը, Շուշին Հայաստան են, ու վերջ» տրամաբանության մեջ ու, փաստորեն, շատ արագ ռևանշիստից դարձավ հակահայ, հակահայաստանյան դիրքերից խաղացող։ Այսօր ռևանշիզմն օգտագործվում է ներքաղաքական հարցեր լուծելու համար։

Հովհաննես Ավետիսյան.– Դեռևս 2019թ.-ին եմ ասել․ 2018թ.-ին տեղի ունեցածը իշխանության ուզուրպացիա էր։ 2018 թվականին տեղի ունեցածը հետևանք էր տարիների ընթացքում արտաքին ուժերի կողմից տարբեր խմբեր պատրաստելու ու պետության և իշխանության դեմ հանելու։

Այս տարածաշրջանում եվրոպական ազդեցություն չկա ու չի կարող լինել կա ռուսական, թուրքական ու իրանական ազդեցություն։ Եթե քո ժողովրդին շարունակաբար քարոզում են հակառուսականություն, հետևաբար՝ նրանց օրակարգը ոչ թե Հայաստանն ինքնիշխանության դաշտ բերելն է, այլ Հայաստանը թուրքական ազդեցության տակ տանելը, ինչի համար, ըստ այդ ծրագրի, հայերը պետք է հրաժարվեն իրենց իրավունքներից, օրինակ՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքից։ Սա է գինը։ Նիկոլ Փաշինյանն արդեն հրաժարվել է Արցախից, նրա կառավարության անդամները շարունակաբար ասում են՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջնահերթություն չէ, ուզում են մոռացնել տալ Արարատը, զինանշանը… ազգային ամեն ինչ: Այսինքն՝ ՀՀ գործող իշխանությունների ձեռքով մենք հրաժարվում ենք մեր իրավունքներից ու փոխում կարճաժամկետ էֆեկտով, իսկ երկարաժամկետ կտրվածքով դրա գինը պետություն չունենալն է։

Նշեմ, որ ինքնիշխանության մասին  խոսակցություններն անհիմն են, որովհետև բացարձակ ինքնիշխանություն անգամ ԱՄՆ-ում չկա, որի տնտեսության պարտատոմսերի, արժեթղթերի մեծ մասը Չինաստանում է:

Հայաստանը՝ որպես ազգային պետություն, այսօր ջախջախվում է, ու քանի որ Հայ Առաքելական եկեղեցին այդ ազգային պետության կրողն է, դրա համար էլ թիրախավորվում է։

Հրաչյա Խաչատրյան.– Եթե մի պահ ընդունենք, որ Ռուսաստանն այնքան է թուլացել, որ մենք ստիպված ենք անցնել թուրքական ազդեցության տակ, ապա նման պայմաններում առավել ևս Հայաստանի իշխանությունը պետք է ուժեղացներ Եկեղեցին, բայց անում է ուղիղ հակառակը, ինչը նշանակում է, որ սրանց քաղաքականությունը խորքում նպատակը Եկեղեցին քանդելն է։

Սյունիքը վերջնակետը չէ Զանգեզուրի միջանցքը, Սյունիքը չարյաց փոքրագույնն է լինելու… Վերջնակետը Հայաստանի հայաթափումն է։ Ես չեմ տեսնում խոչընդոտ, որ դա տեղի չունենա։ Մեր տարածքում հայերի գոյությունը հնարավոր է թուրքական և մյուս երկրների բալանսի շրջանակներում, որովհետև եթե որևէ մեկն ուժեղացավ, հայերի գործոնը դուրս է գալու։ Հայաստանի խնդիրն այդ բալանսին մասնակցելն է։ Հայաստանի իշխանությունը բալանսը թեքում է դեպի մի կողմը, ինչն անհնարին է դարձնում մեր գոյատևումն այս տարածքում։

Այսօրվա Հայաստանը 44 օրից շատ ավելի քիչ կդիմանաԱրցախը գոնե 3 տարի դիմացավ։ Այնպես որ, սա վերջը չէ… Մենք դեռ շատ վերջեր ենք տեսնելու։ Հարց տվեք ձեզ՝ էս տարիների ընթացքում քանի՞ կարմիր գծեր են հատվել։ Հատիկ առ հատիկ հատում են՝ իրենց իշխանությունը պահելու համար։ Հայ-ադրբեջանական բանակցություն չկա առևտուր է՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար։ Ամեն անգամ մի բան տալիս են ու մնում։

Հովհաննես Ավետիսյան.- Հայաստանում համատարած վախի մթնոլորտ է։ Քաղաքական պատասխանատվության ստանձնման խնդիր ունենք։ Երբ քաղաքական ուժերը չեն հաջողել այս իշխանության դեմ պայքարում, նոր ուժեր են սնուցվել, բայց այդ մարդիկ պատասխանատվություն չեն ուզում ստանձնել, որովհետև դա նշանակում է հետապնդում, քրեական գործեր, հալածանքներ։ Ես էլ եմ անցնում այդ ճանապարհով, բայց չեմ հանձնվելու, իմ ճանապարհից չեմ շեղվելու, որովհետև ես իմ առաջ նպատակ եմ դրել՝ Հայաստանը պիտի լինի հայկական, Հայաստանում որոշումներ պետք է կայացնեն հայերը։

Քաղաքական հետապնդումների են ենթարկվում բոլորը: Այս իշխանությունն օրինական զենք ունենալու քարոզիչ ու ջատագով էր։ Բայց հիմա մտնում են մարդկանց տները, օրինական զենքերը հանում են, վկայականները կողքը՝ ցուցադրում, իրենց պատգամավորներն էլ հարայ-հրոց են դնում՝ թե տեսե՛ք՝ ինչ արսենալ ենք գտել։

Հայաստանը երբեք ոչ Եվրոպա գնացել է, ոչ գնալու է, ոչ էլ մենք Եվրոպային պետք ենք կամ ԱՄՆ-ին։ Իրականում այս գործընթացները մեզ պետությունից զրկելու համար են։ Եթե մենք մեր հողին տեր լինելու գաղափարի շուրջ չենք միավորվում, բոլորին էլ ջարդելու են, իսկ վաղը Հայաստան չենք ունենալու։

Սյունիքն այսօր Հայաստանի ամենաքիչ բնակեցված մարզն է։ Միջանցք կոչվածն  իրականացնելուց հետո սրանք տնտեսական թղթեր են ստորագրելու, Թուրքիայից գալու են այստեղ, ստեղծելու են հյուրանոցային, սպասարկման ոլորտի խոշորածավալ պրոյեկտներ։ Բաթումը՝ ձեզ օրինակ։ Բերելու են թուրքախոսներ, աշխատեցնեն ու բնակեցնեն էդտեղ։ Այս պրոյեկտի հիմնական չուզողը Ռուսաստանն է, որովհետև գիտի, որ թուրքական աշխարհներն իրար կպան, իր դեմ է դա օգտագործվելու, ու տիրանան իր ռեսուրսներին։ Արևմուտքի նպատակը Ռուսաստանին մասնատելը և նրա ռեսուրսներին տիրանալն է:

Մեր դեմ ուղղված այս աղետի դեմն առնելու միակ տարբերակը Ռուսաստանի հետ հարաբերություններն այն մակարդակին բերելն է, ինչ մակարդակի ԱՄՆ-Իսրայել հարաբերություններն են։ Եվ նորմալ իշխանություն ունենալու պարագայում սա իրատեսական է։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է տեր լինել իր իրավունքներին, հետ բերել Արցախն ու դառնալ նորմալ, զարգացող երկիր։

Հրաչյա Խաչատրյան.Եթե այս իշխանությանը թվում է, որ ամեն ինչ տալուց հետո թուրքերն իրենց թողնելու են, որ հանգիստ վայելեն, պատմությունը ցույց է տալիս, որ դա այդպես չի՛ լինելու։

Արցախցիները Հայաստան եկան, մենք՝ հայաստանցիներս, ո՞ւր ենք գնալու, որ 2-3 օրում կարողանանք տեղավորվել։

Քանի դեռ ընդդիմությունը համատեղ, իրար հետ բոլոր ուղղություններով չեն աշխատում, մենք միշտ պարտվելու ենք։ Այո՛, պետք է գնալ և՛ իմպիչմենտի ճանապարհով, և՛ պատրաստվել մյուս տարվա ընտրություններին։ Ինձ համար շատ ցավալի է տեսնել՝ ինչպես են երկու խոշոր ընդդիմադիր ուժերը գզում իրար։ Հնարավոր չէ, որ ընդդիմության երկու թևերն իրար ավելի շատ հարվածեն, քան իշխանություններին։

…Մեզ մոտ պետականության զգացումը շատ թույլ է զարգացած։ Մարդիկ կան՝ նախկիններից նեղացած են, բայց երբ պատճառը հարցնում ես, դուրս է գալիս նեղ անձնական խնդիր։ Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ պետությունը զոհաբերեն նեղ անձնական գզվռտոցի արանքում։

Հովհաննես Ավետիսյան.- Ընդդիմության պառակտվածությունը հետևանք է ունենալու։ Եվ հետևանքը լինելու է այն, որ ժողովուրդն ավելի քիչ մասնակցություն կունենա 2026-ի ընտրություններին, ինչը միայն Նիկոլ Փաշինյանին է օգուտ լինելու. կվերընտրվի ու իր ձեռքի տակ կունենա Արամ Զավենի Սարգսյանի նման խամաճիկ ընդդիմություն։

Ընդդիմության մի թևն ասում է՝ դեմ է իմպիչմենտին, բայց նաև որևէ այլ բան, այլ օրակարգ չի առաջարկում:

Ի դեպ, ես ընդհանրապես չեմ հավատում ընտրությունների միջոցով իշխանափոխությանը Նիկոլ Փաշինյանի պարագայում, բայց ընտրությունները ժողովրդական ցասման համար թրիգեր կարող են լինել։

Հրաչյա Խաչատրյան.- Եթե Հայաստան մնաց, հաջորդ իշխանությունը նախկիններն են լինելու։ Ես կուզեի չպաշտպանել նախկիններին, բայց իրավիճակը դա չի թելադրում։ Հայաստանը փոքր երկիր է։ Մենք X քանակով մարդ ունենք, ովքեր հանրային խոսքից չեն վախենում։ Այդ մարդիկ արդեն ճյուղերով բաժանված են։ Ով հայտնվում է, շատ արագ բաժանվում է  այս ուժերի միջև։

Այն ուժը, որը պատրաստվում է ընտրություններով հաղթել, պետք է պատրաստ լինի պաշտպանել իր ձայները։ Ով իմպիչմենտին թերահավատորեն է վերաբերվում, պետք է նույն կերպ վերաբերվի նաև ընտրություններին։ Ի վերջո, կարելի է և իմպիչմենտի մասնակցել, և 2026-ի ընտրություններին: Իմպիչմենտը նաև զորավարժություն կարող է լինել՝ 2026-ի ընտրություններից առաջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս