
Թուրք-ադրբեջանական առանցքն Իրանի միջոցով փորձում է լեգիտիմացնել ՀՀ ինքնիշխանությանը և Իրանի ստրատեգիական շահերին դեմ տրանսպորտային նախագծերը. Վիտալի Մանգասարյան

Հուլիսի սկզբին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն օկուպացված Ստեփանակերտում մասնակցել էր Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:
Իրանի հասարակական և քաղաքական շրջանակներում Փեզեշքիանի այցը մեծ հակազդեցություն էր առաջացրել, անգամ՝ պարսկալեզու աղբյուրներում պահանջել են երկրի նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկ սկսել: Սրան գուցե նպաստել է նաև այդ օրերին Ալիևի ստեղծած քարոզչական պատկերն Իրանի նախագահի և նրա այցի շուրջ, ինչո՞ւ չէ, նաև Էրդողանի, ով անմիջապես Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո փակագծեր բացեց «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:
Այս և այլ թեմաների շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:
– Ալիևն Իրանի նախագահի և Էրդողանի մասնակցությամբ օկուպացված Ստեփանակերտում կազմակերպված միջոցառմանը զուգահեռ, ճիշտ եք, քարոզչական այնպիսի պատկեր ստեղծեց, թե իբր Իրանը և Ադրբեջանը գտնվում են մերձեցման փուլում՝ ի հակակշիռ նախկինում Թեհրանից հնչած կոշտ քննադատությունների։
Այս քայլով Ալիևը նաև փորձեց փարատել Իրանում առկա խորացող դժգոհությունները՝ կապված Բաքվի և Թել Ավիվի համագործակցության հետ, ինչպես նաև՝ մարել այն ընկալումը, թե Ադրբեջանը սպառնալիք է Իրանի համար։
Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին որպես իսլամական արժեքների թշնամի ներկայացնելու փորձ արեց՝ մեղադրելով հայերին իսլամական ժառանգության ոչնչացման մեջ։
Իսկ Էրդողանի կողմից դրանից անմիջապես հետո արված հայտարարությունները՝ «Զանգեզուրի «միջանցքին» առնչվող, կարծում եմ, պատահական չէր, և թուրք-ադրբեջանական առանցքը փորձում է նաև Իրանի միջոցով լեգիտիմացնել այն տրանսպորտային նախագծերը, որոնք կարող են խախտել Հայաստանի ինքնիշխանությունը և դեմ լինել Իրանի ստրատեգիական շահերին: Եվ այդ տնտեսական համագործակցության ֆորումն օգտագործվեց՝ որպես այդ հարցում Թեհրանի հետ ենթադրյալ համաձայնության ցուցիչ։
Ցավով պետք է արձանագրել, որ Իրանի նախագահի ներկայությունն օկուպացված Ստեփանակերտում ուղղակի և անուղղակի անտեսում է թե՛ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտման փաստը, թե՛ այն սպառնալիքները, որոնք այսօր կախված են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի վրա։
Նշեմ, որ Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ շոուն՝ Ստեփանակերտում, տեղի ունեցավ միաժամանակ այն փուլում, երբ ԱՄՆ-ը փորձում է նոր միջնորդական մոդել առաջարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համար։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ կողմերից ոմանք փորձում են արագացնել իրենց շահերի սպասարկումը՝ նախքան արտաքին նոր ազդակների ձևավորումը։ Ակնհայտ է, որ Ալիևը փորձում է առավելագույնս օգտագործել ցանկացած ճեղք՝ հնարավոր քաղաքական արդյունք ապահովելու նպատակով։
– ԱՄՆ միջնորդական առաջարկի ֆոնին հուլիսի 10-ին Աբու Դաբիում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը, ի՞նչ սպասել: Ի դեպ, ադրբեջանական որոշ վերլուծաբաններ ակնարկում են, թե ԱՄՆ-ը միջնորդական իր առաքելությունը Թուրքիայի միջոցով է իրացնում Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացում, համաձա՞յն եք դրա հետ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ուղիղ մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմին, և որը ժամանակին Նիկոլ Փաշինյանը համարում էր ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը:
– Վաղը սպասվող Ալիև–Փաշինյան հանդիպման օրակարգի վերաբերյալ որևէ հստակություն չկա, և նման պայմաններում դժվար է ակնկալել, որ կարող է կայանալ իրապես շահավետ կամ աննախադեպ առաջընթաց։ Ավելին, հասարակության մոտ ձևավորված անվստահությունն այդ բանակցությունների նկատմամբ պատահական չէ, քանի որ Փաշինյանի կառավարությունը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է գնալ կարմիր գծերի դինամիկ փոփոխության։ Ուստի մեծ հաշվով լավատեսության առիթ այդ հանդիպումից չկա։ Քանի դեռ Հայաստանի իշխանությունները գործում են ոչ թե հստակ պետական ռազմավարությամբ, այլ ճնշումների պայմաններում, և, բնականաբար, այդ պարագայում ցանկացած պայմանավորվածություն կարող է պարունակել վտանգներ՝ ինչպես տարածքային, այնպես էլ՝ իրավական իմաստով։
– Կարո՞ղ ենք ասել, որ ԱՄՆ-ը, կամ ԱՄՆ-ը և Թուրքիան միասին են դուրս մղում Ռուսաստանին «Զանգեզուրի միջանցքի» գործընթացից, ինչո՞ւ չէ՝ Հարավային Կովկասից: Եվ որքանո՞վ են Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը լիովին համընկնում մեր տարածաշրջանում, արդյո՞ք չկան բախումներ ինչ-ինչ հարցերում:
– Կարծում եմ, որ ԱՄՆ-ը և Թուրքիան նպատակաուղղված աշխատում են Ռուսաստանին դուրս մղելու ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործընթացից, այլ ընդհանրապես Հարավային Կովկասից։ Այդ թեման ի սկզբանե ենթադրում էր ռուսական կողմի որոշակի ներգրավում, սակայն այսօր Թուրքիայի հռետորաբանության մեջ այն ներկայացվում է առանց Մոսկվայի որևէ դերակատարման։ Թուրքիան այս գործընթացում գործում է որպես տարածաշրջանային հենակետ՝ թե՛ իր անձնական շահերով, թե՛ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, որն ակնհայտորեն համակարգում է գործողություններն Արևմուտքի որոշ կենտրոնների հետ։ ԱՄՆ-ի համար ՌԴ-ի դուրսմղումը տարածաշրջանից երկարաժամկետ աշխարհաքաղաքական նպատակ է, և Թուրքիան, ինչպես տեսնում ենք, օգտագործվում է որպես այս ծրագրի տարածաշրջանային շարժիչ։
Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ թեև Թուրքիան և ԱՄՆ-ը գործում են որոշակի ընդհանուր ռազմավարությամբ, նրանց շահերը, ամեն դեպքում, Հարավային Կովկասում լիովին չեն համընկնում։ Թուրքիան տարածաշրջանում ունի պանթուրքիստական օրակարգ, և շատ դեպքերում գործում է սեփական աշխարհաքաղաքական նպատակներով, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային վերահսկողության ապահովման տեսանկյունից։
ԱՄՆ-ն էլ իր հերթին՝ նախընտրում է վերահսկելի բալանս, որտեղ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ գերակշռություն։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այսօր դեռ պարզ չէ՝ արդյո՞ք Մոսկվան ունի բավարար ռեսուրս՝ դիմակայելու այս բազմաբևեռ ճնշմանը։ Արցախում տեղի ունեցածը ոչ միայն մեծ հարված էր ՌԴ-ի ազդեցությանը, այլ նաև հանգեցրեց վստահության լուրջ անկման՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ՝ մերձավոր տարածաշրջանում։
– Կարո՞ղ ենք այսօր ասել, որ Հայաստանի շուրջ էսկալացիայի հնարավորությունը հետ է մղվել, հաշվի առնելով նաև քաղաքական բանակցությունները:
– Նման պնդումների համար որևէ իրատեսական նախադրյալ չկա։ Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությունն ու գործողությունները ցույց են տալիս, որ թե՛ ռազմական, թե՛ հոգեբանական ճնշումը Հայաստանի վրա շարունակում է մնալ օրակարգում։
Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ադրբեջանական կողմը շարունակում է առաջնագծում պարբերաբար, ինչպես ընդունված է որոշ պաշտոնյաների շրջանում ասել ՝ «օդ կրակել»։ Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ կերպով իրականացնել զորավարժություններ՝ թե՛ իր տարածքում, թե՛ Թուրքիայի հետ համատեղ՝ տարբեր ձևաչափերով։
Այս ամենը փաստում է, որ էսկալացիայի վտանգը ոչ միայն մնում է, այլ նաև կարող է ցանկացած պահի վերածվել իրական գործողությունների՝ հատկապես, եթե Ադրբեջանը զգա, որ միջազգային ուշադրությունը նվազել է: