«Եթե իրավիճակը գնահատենք ՔՕ-ի որևէ հոդված բացելով և ցիտելով, ուրեմն՝ ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները». Փաշինյանը երեկ և այսօր

«Սրբազան շարժման» առաջնորդին և դրա աջակիցներին ահաբեկչական գործողությունների պլանավորման համար մեղադրելուց և կալանավորելուց հետո հուլիսի 3-ին իշխող կուսակցությունը նախաձեռնել էր արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Ընդդիմությունը չի մասնակցել այս նիստին, որի ժամանակ ընդունվել է քաղաքական հայտարարություն, ինչով, ըստ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության»՝ խախտվել են իշխանությունների տարանջատման և անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքները։

Ըստ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության», օրենսդիր իշխանությունը նախաքննության սկզբնական փուլում գտնվող քրեական վարույթի վերաբերյալ հանդես է եկել միակողմանի և փաստացի մեղադրական բնույթի քաղաքական հայտարարությամբ։

Ինչևէ, արտահերթ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նախ հայտարարել է. «Սա լինելու է պատմական հայտարարություն: Մենք պիտի այս հայտարարությունն ընդունենք, ուղերձը տանք, որպեսզի կանխենք հաջորդ ահաբեկչությունները: Եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո այն ժամանակվա խորհրդարանը լեգիտիմ լիներ և արձանագրեր, դատապարտեր, քաղաքական կանոն ամրագրեր, ես վստահ եմ, որ չէր լինի մարտի 1-ը»:

Կարդացեք նաև

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ՔՊ-ական պատգամավորը ոչ լեգիտիմ է համարում նաև 1999 թվականի ԱԺ ընտրությունները, երբ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքն այդ ժամանակ ԱԺ ընտրություններում համոզիչ և միանշանակ հաղթանակ է տարել ժողովրդի մեջ՝ երկրի ապագայի նկատմամբ վստահություն, արդարության հաստատման հույս ու հավատ արթնացնելով: Գուցե, եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը միայն իր և իր ուժի հաղթանակն է, ըստ էության, համարում լեգիտիմ:

Իսկ Հայկ Կոնջորյանն ավելի ուշ արտահերթ նիստի ժամանակ կարծիք է հայտնել, թե՝ «մեր անկախության պատմության մեջ ահաբեկչական մասշտաբային երեք ակտ է տեղի ունեցել՝ «Հոկտեմբերի 27»-ը, 2008թ. Մարտի 1-ը և 2020թ. նոյեմբերի 9-ը, որի շահառուները նույն մարդիկ են, նույն շրջանակները, ու հատկապես խորհրդարանական ընդդիմությանը»:

Իհարկե, 1999 թվականի հոկտեմբերին տեղի ունեցածը մասշտաբային ահաբեկչություն էր, որի ժամանակ սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

Ավելին, իրապես Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված և արտաքին գործոններով պայմանավորված այս ահաբեկչությունից հետո երկրի զարգացումն առնվազն 10 տարով հետ ընկավ, և հարց է՝ արդյո՞ք այն, ինչ այսօր ունենք:

Ինչ վերաբերում է վերը նշված ձևակերպման մյուս հատվածին, հարց է ծագում՝ 2008-ի մարտիմեկյան դեպքերի ո՞ր հատվածն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ահաբեկչական համարում՝ երբ Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվում էր, որ միտինգավորները ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ էին խլում, կամ՝ երբ հորդորում էր «պաշտպանական գիծ» սարքել, ինքնապաշտպանական միջոցներ ունենալ՝ քար, այլ բան:

Կամ՝ արդյո՞ք ահաբեկչական գործողություն կարելի է համարել մարտիմեկյան դեպքերի օրերին Մաշտոցի պողոտայում մեքենաներ այրելը, խանութներ թալանելը, հատկապես, երբ նույնօրինակ դեպքեր նկարագրված են նաև գործող իշխանության հրապարակած «ընդդիմության հեղաշրջման պլանում»:

Ի դեպ, չմոռանանք, որ մարտիմեկյան դեպքերի համատեքստում այսօր ՔՊ-ական, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին մեղադրանք էր առաջադրվել անկարգություններ կազմակերպելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու ու կրելու մեղադրանքներով, շատերը երևի հիշում են հայտնի կադրերը:

Ինչ տեսակ գործողություններ պետք է սրանք որակել, ըստ Նիկոլ Փաշինյանի, գուցե Փաշինյանի թիմը միայն 2008 թվականին իշխանությունների պատասխան գործողություննե՞րն է համարում «ահաբեկչական»:

Բնականաբար, մենք դեմ լինելով և մերժելով ցանկացած ահաբեկչական գործողության, զարմանում ենք, որ թվարկված ահաբեկչական ակտերի մեջ իշխանական պատգամավորը հատուկ չի շեշտել 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո՝ նույն թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի վրա հարձակումը, որի հետևանքով 3 ոստիկան է զոհվել, և հատկապես, երբ այդ ժամանակ ԱԱԾ-ն ՊՊԾ գունդ ներխուժածներին ահաբեկիչ էր համարել՝ https://iravaban.net/135145.html «ձերբակալվել է 20 ահաբեկիչ»:

Մինչդեռ 2016 թվականի հուլիսին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը սխալ էր համարել իրավիճակը Քրեական օրենսգրքով գնահատելը։

«Եթե մենք այս իրավիճակը պետք է գնահատենք Քրեական օրենսգրքի որևէ հոդված բացելով և ցիտելով, սա նշանակում է, որ մենք ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները։ Ինձ համար անընդունելի են նաև այն ձևակերպումները, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել որպես ուղղակի ահաբեկիչ, նման որակումներով»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ սա նշանակում է՝ չճանաչել հայ ժողովրդին:

Իշխանափոխությունից հետո Փաշինյանը հանդիպել էր և՛ «Սասնա ծռերի» հետ, և՛ 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին:

Իսկ 2020 թվականի սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմից մոտ 10 օր առաջ, Նիկոլ Փաշինյանը «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» վերտառությամբ գրառմամբ անդրադարձել էր ՔՊ-ի սխալներին, որտեղ անդրադարձ կար ՊՊԾ գնդի վրա զինված հարձակմանը (որի ժամանակ, ի դեպ, հայտարարություններ էին արվում, որ «Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը):

«ՔՊ-ն գնաց իրադարձությունների վայր, «Ոչ բռնությանը» դիրքորոշմամբ՝ ասելով, որ չի ընդունում ուժի կիրառումը որևէ քաղաքական նպատակի համար, առավելևս Հայաստանի քաղաքացիների վրա կրակել սպանելը, ինչ հիմնավորում էլ այդ ունենա: Այդ ժամանակ ծնվեց «բաց ձեռքերով պայքարի» սիմվոլը:

Բայց ՔՊ-ն այստեղ էլ էր սխալ, որովհետև մի միջավայրում և մթնոլորտում, որտեղ խփելը, կրակելը, անգամ սպանելը համարվում էր լեգիտիմ՝ բաց ձեռքերով պայքարի կոչ անողները պիտի համարվեին ծախվածներ, կառավարելի ընդդիմություն և այսպես շարունակ: Այն ժամանակ էլ հնչեցին կոչեր՝ ՔՊ-ի ներկայացուցիչներին աղբամանները նետել, ի վերջո, սուլոցների ներքո ՔՊ-ն հեռացավ հրապարակից ու հրաժարվեց վերադառնալ: Պրոցեսն ավարտվեց նրանով, որ պրոցեսը նախաձեռնողները հրաժարվեցին Սերժ Սարգսյանի առնվազն անմիջապես հրաժարականի պահանջից, հանձնվեցին և բոլորը գնացին տուն»:

Արդեն 2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել էր «Սասնա ծռերի» դատավճիռը, որն ուժի մեջ էր մտել 26.05.2022-ին:

Նշենք, որ 168.am-ն օրերս հոդված է հրապարակել«Արտաքին հետախուզական ծառայության զեկույցը, ընդդիմության «հեղաշրջման պլանը» և Փաշինյանի «հակաահաբեկչական օպերացիան». Որքանո՞վ է Աբազյանը մասնակցել դրան» վերտառությամբ: Սպասենք զարգացումներին:

Բայց մի բան փաստ է՝ մինչ Նիկոլ Փաշինյանը համառ պայքար է մղում երկրի ներսում իր ընդդիմախոսների, Եկեղեցու դեմ, Ադրբեջանի նախագահը շարունակում է Հայաստանին ներկայացնել «ցեղասպան և ռազմական հանցագործ», առաջ տանելով Բաքվի պահանջները և գեներացնելով ադրբեջանական թեզերը, այդ թվում՝ 300.000 ադրբեջանցու «տեղահանման» և վերադարձի իրավունքի մասին:

Եվ արդեն որևէ միջազգային կառույց չի նկատում, որ Ալիևը ժամանակ առ ժամանակ խոստովանում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմն իրենք են սկսել, վերջին թարմ օրինակն արձանագրվել է հուլիսի 4-ին:

Հ.Գ. Ի դեպ, 2016-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «եթե իրավիճակը գնահատենք Քրեական օրենսգրքի որևէ հոդված բացելով և ցիտելով, ուրեմն՝ ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները»: Այսօր ոչ միայն ինչ-որ առումով Փաշինյանն անտեսում է երբեմնի սեփական դիրքորոշումը, այլև մասնագետների գնահատմամբ, գործում է օրենքից դուրս:

Տեսանյութեր

Լրահոս