Արտաքին հետախուզական ծառայության զեկույցը, ընդդիմության «հեղաշրջման պլանը» և Փաշինյանի «հակաահաբեկչական օպերացիան». Որքա՞նով է Աբազյանը մասնակցել դրան

Այս տարվա հունվարին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր առաջին զեկույցը: Այն ՀՀ 2025թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ ծառայության կանխատեսումն է՝ հիմնված 2023-2024թթ. զարգացումների և սեփական գնահատականի վրա։

Այսինքն, զեկույցում բացակայում են Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի մասնագիտական գնահատականները:

Իսկ իր առաջին զեկույցում Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզական ծառայությունը բավականին մեծ տեղ է հատկացրել տեղեկատվական ռիսկերին, հիբրիդային ճնշմանը, ազդեցության օպերացիաներին և դրանց գործիքակազմերին: Մասնավորապես նշվում է՝

– Որպես հիբրիդային ճնշման գործիքակազմի մաս, ավելանում են որոշ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խեղաթյուրված տեղեկություններով թիրախավորելու, մեր տեղեկատվական տիրույթում Հայաստանի շահերին հակասող խոսույթներ ներմուծելու դեպքերը՝ մեր ներքաղաքական կյանքին միջամտելու, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գործողություններն ուղղորդելու նպատակով։

Կարդացեք նաև

Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների կամ նրանց հետ կապված աղբյուրների միջոցով։

– Տեղեկատվական լցոնումները տեղի են ունենում ազդեցության գործակալների ակտիվացմանը զուգահեռ, որոնք, ի թիվս տարբեր մարդկային ու տեղեկատվական ռեսուրսների, հոգևոր ու մշակութային ինստիտուցիոնալ կառույցների շահագործմամբ փորձում են հանրության որոշ շերտերին գիտակցաբար կամ անգիտակցաբար ծառայեցնել արտաքին դերակատարների շահերին։

Ներքին անկայունացման հիբրիդային գործողություններից են իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության կուլտիվացիան, դրա ֆինանսավորումը, տեղեկատվական աջակցությունն ու կազմակերպումը։

Խոսքը հաջորդիվ օգտագործման նպատակով քաղաքական կուսակցությունների, ակտիվիստական խմբերի, ուսանողության և երիտասարդության խմբերի արհեստական քաղաքական ակտիվացման, հանրային դիվանագիտության, կրթական ու ճանաչողական  միջոցառումների քողի տակ գաղափարական պատրաստման և հավաքագրման մասին է։ Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, և, ի վերջո, արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը։

– 2024թ. Հայաստանի պետական շահերի դեմ ուղղված առավել վտանգավոր բնույթի գործողությունները ներառել են արտաքին դերակատարների կողմից Հայաստանում անկայունություն, բռնություն և սահմանադրական կարգի տապալում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչներից զինված խմբերի հավաքագրման, կազմակերպման, հոգեբանական, գաղափարական ու մարտական պատրաստման փորձեր, որոնք գնահատում ենք՝ որպես օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի շահերի դեմ ագրեսիվ գործողություն։

– Մեր գնահատականով՝ 2025թ. ընթացքում ՀՀ-ի դեմ իրականացվող տեղեկատվական գործողություններն ուղղված կլինեն, այդ թվում՝ ներքին անկայունության առաջացմանը և հասարակության բևեռացմանը։

Իհարկե, ինչպես արդեն նշեցինք, ներքաղաքական տրամաբանության մեջ հիբրիդային գործողություններին բավականին մեծ տեղ է հատկացվել Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում, որում մի հատված նվիրվել է նաև Ադրբեջանի կողմից տեղեկատվական պատերազմին:

Իսկ այն, ինչ նկարագրված կամ կանխատեսված է Քրիստինե Գրիգորյանի «կանտորայի» գնահատականում և կանխատեսման մեջ, ըստ էության, կարելի է գտնել նաև իշխանական լրատվամիջոցի հրապարակած՝ ընդդիմության «հեղաշրջման պլանում»:

Եվ այստեղ հարց է ծագում՝ ե՞րբ է հայտնվել համապատասխան մարմինների ձեռքում 2024 թվականին նախատեսված «գործողությունների պլանը», իսկ գուցե այն նախ Արտաքին հետախուզական ծառայության պետի ձեռքո՞ւմ է եղել, հատկապես, երբ կառույցն իր զեկույցը կազմելիս չի դիմել ուժային և հատուկ ծառայությունների օգնությանը:

Իսկ այն, որ 2025-ին «իրականացվեցին» Քրիստինե Գրիգորյանի կանխատեսումները ներքին անկայունության առաջացմանը միտված գործողությունների մասով, ականատես եղանք վերջին շրջանում՝ կապված և՛ գործարար Սամվել Կարապետյանի, և՛ հոգևորականների կալանավորման հետ:

Տվյալ դեպքում մեր նպատակը դրանք քննարկելը չէ, քանի որ, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, հետևում ենք օրենքի պահանջներին, ընդամենը որոշ փաստեր կարձանագրենք՝ հասկանալու՝ համընկնումները պատահակա՞ն են, թե՞ …

Ի դեպ, հարկ է նկատել, որ երբեմն Նիկոլ Փաշինյանն իր և ընտանիքի դեմ «հիբրիդային հարձակումները» համարում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ, մինչդեռ դրանք երբեմն «կենցաղային-անձնական» բնույթ են կրում:

Իսկ Հայաստանի դեմ թշնամական երկրների կողմից իրական հիբրիդային պատերազմը երբեք չի էլ դադարել, խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի մասին է:

Ադրբեջանը նույնիսկ Իրան-Իսրայել հակամարտության օրերին պահը բաց չթողեց, թեպետ մինչ այդ էլ բազմիցս տեղեկատվական պատերազմի միջոցով փորձել են Հայաստանին մղել Ւրանի թիրախ և ոչ միայն:

Ամենամեծ և վտանգավոր հիբրիդային, իրավաքաղաքական պատերազմը Հայաստանի դեմ Բաքվի «դատավարությունն է», որտեղ անընդհատ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից պետական մեղադրողներն Ալիևի հրահանգով փորձում են «ցուցմունքներ» կորզել, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ:

Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը մտածի, որ պատասխանատվությունը կարող է թողնել ՀՀ զինված ուժերի վրա, միևնույն է՝ պատերազմը դադարեցնող-չդադարեցնողը բանակը չէ: Այս հարցը հերթական անգամ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի միջոցով շոշափվել է հունիսի 30-ի «դատական» նիստին, որ Փաշինյանը 2020 թվականի հոկտեմբերի 18-20-ն ընկած հատվածում մերժել է պատերազմը դադարեցնելու իր և Արցախի նախկին նախագահների առաջարկը:

Այսինքն, այսօր Ալիևը փորձում է Հայաստանին ներկայացնել՝ որպես «ռազմական հանցագործ», իսկ ՀՀ-ում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումների ֆոնին՝ նաև «ահաբեկչական տրամադրություններ ունեցող» երկիր:

Եվ երբ Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում խոսում է Հայաստանի նկատմամբ արտաքին կամ գործընկեր երկրների շրջանում վստահությանը վնասող հնարավոր գործողությունների մասին, ապա ինչո՞ւ այս փաստերը ևս հաշվի չեն առնում, հատկապես երբ ամեն ինչ հիբրիդային պատերազմով կարող է չվերջանալ, օրինակ, հենց Բաքվի «դատավարության» դեպքում:

Ու այն, որ ՔՊ-ականները հուրախություն Ադրբեջանի՝ չեն միացել ԵԱՀԿ ԽՎ-ի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում փոփոխության՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի առաջարկին, դա չի փրկելու, եթե Ալիևը որոշեց, որ առնվազն Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի:

Վերադառնանք վերջին զարգացումներին և հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի հունիսի 18-ի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, իսկ հունիսի 30-ին արդեն Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ աշխատակազմին որպես տնօրեն ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանին, հանդիպմանը ներկա է եղել նաև Արմեն Աբազյանը:

Ավելի ուշ անդրադառնալով օրերս «պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտմանը», Նիկոլ Փաշինյանը շեշտել է.

«Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն և՛ ահաբեկչության, և՛ սահմանադրական կարգի խախտման, և՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ: Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք»:

Այսինքն, ԱԱԾ-ի գործողությունների թեմատիկան սրանք են: 168.amգրել էր պատերազմի օրերին՝ 2020 հոկտեմբերի 7-ին, Փաշինյանը որոշել էր ազատել  ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին, «Հայկական ժամանակը» դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում, մեկ օրվա տարբերությամբ պաշտոնից ազատվել էր նաև ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

Այսօր կարծես թե «գործակալներին» և «5-րդ շարասյանն» իշխանական խոսույթում գալիս է փոխարինելու «հիբրիդային» տերմինոլոգիան՝ անկախ նրանից, թե դա որքանով է բնութագրում տվյալ իրավիճակը:

Ի դեպ, Արմեն Աբազյանի հեռացումը Նիկոլ Փաշինյանն այսպես էր որակել.

«Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020թ. նոյեմբերից։ Եվ նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, և ես կարծում եմ՝ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև 5 տարի լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Կարծում եմ, հասկանում եք՝ հեշտ չի»։

Բայց հետո Արմեն Աբազյանի հեռացման և Սամվել Կարապետյանի տանն իրականացված գործողությունների միջև կապին վերաբերող հարցին Փաշինյանը պատասխանել էր.

«Գիտեք, ձեր նշած հանգամանքների հետ…, ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ: Իսկ ընդհանրապես ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես՝ ինչն առնչվում է անվտանգությանը, այդ թվում` հիբրիդային»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Արմեն Աբազյանի հեռանալու պատճառն ավելի լայն է, օրինակ, կապված է նաև Մայր Աթոռի, հոգևորականների դեմ ծրագրված և իրականացված գործողությունների հետ, որոնք տեղավորվում են այն 3 խնդիրների տրամաբանության մեջ, որոնք Փաշինյանն առաջադրել էր ԱԱԾ նոր տնօրենին ներկայացնելիս:

Մյուս կողմից, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում վերջին օրերին հոգևորականների դեմ գործողություններին անդրադառնալիս՝ ակնարկել է.

«Բացահայտումները, որոնք տեղի ունեցան, ես շատ կարևորել եմ, և սրանում հատվածներ կարող ենք ներառել նաև պարոն Աբազյանի ժամանակ կատարած աշխատանքի, որովհետև գաղտնալսումը դա մեկ կամ երկու օրվա գործ չէ: Այս ամբողջը տեղի է ունեցել օպերատիվ մեծ ծավալի աշխատանքի արդյունքում»:

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանը դրական կամ գուցե հետին մտքով փորձում է Արմեն Աբազյանին ևս կապել վերջին իրադարձությունների հետ, և եթե անգամ այստեղ ճշմարտության հատիկ կա, Քոչարյանի ասածներում միշտ տողատակ է լինում, կամ նա միշտ «անմեղ ձևով» փորձում է ինչ-որ միտք շրջանառության մեջ դնել:

Բայց թողնենք ժամանակի քննությանը՝ հասկանալու Արմեն Աբազյա՞նն է հեռացել (թեպետ Քոչարյանի խոսքով՝ ինչ-ինչ մասնակցություն ունեցել է), թե՞ պատմությունը կրկնվել է և հիմա էլ հիբրիդային պատերազմի ֆոնին ԱԱԾ տնօրենի աշխատանքը լիովին չի գոհացրել Փաշինյանին…

Տեսանյութեր

Լրահոս