«Ո՛չ Եկեղեցին, ո՛չ արժանապատիվ հայերը Բաքվի մշակած պետության մոդելի մեջ չեն տեղավորվում». Տաթևիկ Հայրապետյան

«Սյունիքի հետ կապված անհանգստությունները բնական են, որովհետև ցանկացած մտածող մարդ հասկացել է, որ Իրանից եկող նախազգուշացումները զսպիչ գործոն են այդ հարցում: Ես դեմ եմ խուճապի տարածմանը, բայց ռիսկերը չտեսնելը մեկ այլ ծայրահեղություն է: Հավանաբար, ըստ Փաշինյանի դեղատոմսի՝ մենք պետք է օրը երեք անգամ ասենք՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, կերակրացանկում ներառենք դմակով խաշլամա և երևակայական առումով նստենք «Խաղաղության խաչմերուկի» ձախ բորդյուրին, որ հանկարծ պատերազմ չլինի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այսպես արձագանքեց Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սյունիքի շուրջ զարգացումների վերաբերյալ զգուշացումներն ինքը համարում է սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված և Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար:

Տաթևիկ Հայրապետյանը զավեշտալի է համարում նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք չէ, Թուրքիան էլ՝ Հայաստանի. «Նա Հայաստանի անունից կարող է նման հայտարարություն անել, բայց ոչ՝ Թուրքիայի անունից: Թուրքիայի անունից նման հայտարարություն կարող էր անել Էրդողանը: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, որովհետև նրանց համագործակցությունը բազմաշերտ է:

Ադրբեջանի բանակի նկատմամբ Թուրքիայի ազդեցությունը բավականին մեծ է, և դա չպետք է թերագնահատել: Աստված մի արասցե, եթե ստեղծվի իրավիճակ, որ իրենք Սյունիքում գնան ռազմական գործողությունների, ես տեսնում եմ, որ դա ամբողջությամբ իրականացվելու է նույն թուրք գեներալների կողմից: Այդ ռիսկերը չտեսնել, չհասկանալ հնարավոր չէ: Առավել ևս, Թուրքիային կարգել Ադրբեջանի հետ բանակցություններում միջնորդ, հույս ունենալով, որ դու այդտեղից դուրս ես գալու անվտանգ և տարածքային ամբողջականությունը պահպանած, ֆանտաստիկայի ժանրից է»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ Փաշինյանի արշավին, նա նշեց, որ դա Ամենայն Հայոց կաթողիկոսի կամ առանձին եպիսկոպոսների հետ չէ կապված. «Ազգային ինքնության կոմպոնենտ է Հայ Առաքելական եկեղեցին: Մարդ կարող է նույնիսկ աթիստ լինել, բայց այդ ինքնության կրողը լինել: Երբ դու եկեղեցու հանդեպ նման հարձակում ես գործում, որը բառ-բառ կրկնում է Բաքվից եկող հարձակումները… Քո կրոնական մոլեռանդ զգացմունքները մի անգամ չարթնացա՞ն, երբ ադրբեջանական կողմից էին քո եկեղեցին թիրախավորում, թե՞ դրանք միայն արթնանում են, երբ Կաթողիկոսի կուսակրոնության թեմաներն ես հիշում: Չի կարող մարդ այդքան ստոր ու նենգ լինել: Այնքան սինքրոն է աշխատում Բաքվի հետ, որ այդտեղ քննարկելու բան չկա: Նրանցից միայն մեկն ԱԺ ամբիոնից անկեղծ ասաց, որ դա անում են, որովհետև Եկեղեցին չի տեղավորվում պետության իրենց մոդելի մեջ:

Այդ պետության մոդելի մեջ ես և Դուք էլ վաղը չենք տեղավորվելու, այսօր էլ չենք տեղավորվում, ուղղակի մեզ դեռ չեն հասել, բայց ցանկացած ազգային ինքնության գիտակցություն և ազգային արժանապատվություն ունեցող հայ չի տեղավորվելու պետության այդ մոդելի մեջ, որովհետև պետության այդ մոդելը ծրագրված, նպատակային, գաղափարական առումով Բաքվի մշակած մոդելն է. չես տեղավորվելու այդ մոդելի մեջ»:

Նա շեշտեց, որ արևմտյան գործընկերների առաջ իրենց քայլերն արդարացնելու համար ՀՀ իշխանությունները երկու բան են անում. «Առաջին՝ ասում են՝ իրականում Նիկոլ Փաշինյանը դա անում է, որովհետև եկեղեցին մտել է քաղաքականության մեջ, ու դրանով ինքը փորձում է ազատվել եկեղեցուց: Իրականում Նիկոլ Փաշինյանն այսօր հենց ինքն է փորձում քաղաքականացնել եկեղեցին, որովհետև եկեղեցին չի  տեղավորվում պետության այն մոդելի մեջ, որն Ադրբեջանն ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը կառուցի: Մյուս թեզն այն է, թե Փաշինյանը պայքարում է ռուսական ագենտուրայի դեմ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ, այսինքն՝ իբրև Ռուսաստանը խոշոր օպերացիա էր պատրաստել, Փաշինյանը երազում տեսել էր, հիմա գնում է հերթով բոլորի հետևից:

Ասում եմ՝ լավ, եթե նույնիսկ դրա հետ գործ ունենք՝ Ռուսաստանն ինչ-որ բան էր պլանավորել Հայաստանում, դու չես կարող քո պետության բոլոր ինստիտուտները խաթարել և ասել՝ ես պայքարում եմ ռուսական որևէ քայլի դեմ: Այսինքն՝ դու դառնում ես բռնապետական պետություն, որ պահպանես ժողովրդավարությո՞ւնը, հակատրամաբանական է: Ինքը նույնիսկ տարրական բաները չի պահում, ուզում է Ֆեյսբուքում անպայման գրել, որ ինքը հարկադրեց, ինքը ուղարկեց այդ շոուն կազմակերպելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս