Կրթությունը տնտեսության հիմնասյուներից է՝ ԶՊՄԿ-ի հերթական աջակցությունը կրթական «CaseKey» մրցույթին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել կրթական ծրագրերին, կրթությունը համարելով տնտեսության հիմնասյուներից մեկը։

Այս անգամ ընկերությունը դարձել է «CaseKey» բիզնես խնդիրների լուծման մրցույթի գործընկերներից մեկը, որի բացման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 5-ին Երևանում։

«CaseKey»-ն կրթական մրցույթն այս տարի համախմբել է 27 թիմերի շուրջ 220 մասնակիցների, որոնք 6 ամիս շարունակ կլուծեն բիզնես խնդիրներ և կստանան գործնական գիտելիքներ։ Բանավոր վերլուծությամբ և շնորհանդեսով ներկայացված՝ «Լավագույն լուծման հեղինակ» թիմը ժյուրիի որոշմամբ կդառնա հաղթող, իսկ մրցույթը կամփոփվի նոյեմբերին՝ հատուկ գալա միջոցառմամբ։

Կարդացեք նաև

Միջոցառման բացմանը ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին, շեշտելով՝ ամեն ինչ անելու են, որպեսզի ընկերության աջակցությունը կրթական այս ծրագրին լինի շարունակական։

«ԶՊՄԿ ղեկավարության և առհասարակ մեր ոլորտի համար շատ կարևոր է կրթվելը։ Գուցե ներկաներից քչերը գիտեն, թե ինչ է հանքարդյունաբերությունը, և թերևս մեր մասնակցությամբ այս միջոցառմանն այն ավելի հասկանալի ու օբյեկտիվ ձևով կներկայացնենք հանրությանը։ Անձամբ ինձ համար էլ շատ ուրախալի է մասնակցելը, որովհետև երբ բուհերի ռեկտորների հետ համագործակցում ու քննարկում ենք, հասկանում ենք, որ այժմ բուհական կրթույունը մի քիչ կտրված է պրակտիկ իրականությունից, թե ինչ է մեր բիզնեսին, տնտեսությանն անհրաժեշտ»,- իր խոսքում նշեց Վարդան Ջհանյանը։

Նա հույս հայտնեց, որ նման միջոցառումներով հնարավոր կլինի կրթական գործընթացն ավելի մոտեցնել իրականությանը՝ տալով բիզնեսին ու տնտեսությանն այն ամենը, ինչն անհրաժեշտ է։ Թերևս հենց այդ նպատակով է, որ այսօր Սյունիքի մարզի 1506 ուսանողների ուսման վարձը վճարում է ԶՊՄԿ-ն՝ որպեսզի երկրի տնտեսության հիմքերն ավելի ապահով ու ամուր դառնան նաև ապագայում։

Վարդան Ջհանյանը միջոցառման մասնակից երիտասարդներին ամփոփ ներկայացրեց ընկերության վերաբերյալ տվյալներ, նախ՝ նշելով, որ Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի Կապանի մասնաճյուղից կան 168 աշխատակիցներ, որոնք և՛ աշխատում են ընկերությունում, և՛ ուսանում են։

«Այս թվերը նշում եմ նրա համար, որ մենք կարևորում ենք կրթությունը, և երկրի ապագան կրթվելն է, շատ կարևոր է՝ ճիշտ՝ պրակտիկ կրթվելը, այսինքն՝ քեյսերի հիման վրա հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում ու ինչպիսի լուծումներ կարելի է տալ այդ հարցերին, խնդիրներին։

Օրինակ, մեր ընկերությունն արտադրում է պղնձի խտանյութ (կոնցենտրատ), որը հիմնականում վաճառվում է Չինաստանում։ Հիմնական գնորդները, որոնց վաճառում է Չինաստանը՝ Արևմտյան, եվրոպական կազմակերպություններ են։ Մեր կապիտալը ռուսական է, մեր սեփականատերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, ընկերությունը գտնվում է Սյունիքում, որը աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի։ Մեզ մոտ աշխատում է 4800 աշխատող, երկրում առաջին հարկատուն ենք։ Կարծում եմ՝ քչերն են եղել մեր ընկերությունում, այդ սխալը պետք է ուղղենք։

Մենք է ամեն ինչ կանենք, որ մեր այս նախաձեռնությունը բարգավաճի, ավելի մեծանա, ոչ միայն հովանավոր լինելով, այլև կազմակերպության «քեյսերը» ձեզ ներկայացնելով՝ որպես մրցութային «քեյսեր»,- ընդգծեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս