Գալիք ընտրությունները՝ գլոբալ հակասությունների բեռի ներքո. Ինչո՞ւ է ՀՀ ժամանում Մարկո Ռուբիոն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաղը նախատեսված պաշտոնական այցը Երևան դուրս է սովորական դիվանագիտական արարողակարգի շրջանակներից և կրում է ընդգծված ներքաղաքական երանգավորում։
Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական վճռորոշ ընտրությունների նախաշեմին Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյայի հայտնվելը հայաստանյան մայրաքաղաքում ուղղակի ազդակ է առ այն, որ Միացյալ Նահանգները փորձում է իր քաղաքական կշռով ազդել ներքաղաքական գործընթացների վրա և սեփական շահերից ելնելով՝ վերահսկելիության գոտում պահել իշխանությունը Հայաստանում։ Թեև վստահաբար գլխավոր օրակարգը պտտվելու է ԹՐԻՓՓ պրոյեկտի շուրջ։ Նախընտրական թեժ քարոզարշավի փուլում այսպիսի մակարդակի այցելությունները փաստում են արտաքին ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան ընտրությանն ուղղորդում տալու ձգտումը, ինչը Վաշինգտոնն օգտագործում է Երևանին սեփական աշխարհաքաղաքական ուղեծրին կապելն անշրջելի դարձնելու համար։
Սա նորություն չէ, այլ ամերիկյան կողմից իրականացվող հետևողական ռազմավարության շարունակություն. դեռևս ընթացիկ տարվա փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան դրեց այս միտման հիմքերը։ Այն ժամանակ Վենսը, խոսելով տարածաշրջանային նախագծերի և հունիսի 7-ի ընտրությունների մասին, արեց արևմտյան դիվանագիտության համար աննախադեպ ուղղակի և ուղղորդող հայտարարություն՝ նշելով.
«Հարցն այն է, թե ինչպես անենք, որ խաղաղության գործարքը հաջողությամբ հաջորդ փուլ տեղափոխվի, ինչպես անենք, որ վարչապետը կարողանա կենտրոնանալ ապագայի վրա:
Ես գիտեմ, որ ընտրություններն առջևում են, այդ մասին չեմ ուզում խոսել, բայց եթե իմ աջակցությունը ինչ-որ բան նշանակում է, ապա նա, անշուշտ, ունի այդ աջակցությունը: Նա մի մարդ է, ով կարող է երկարատև գործընկերություն կառուցել, որպեսզի նման ծրագրերը գլուխ գան»։
Ամերիկյան կողմի այսպիսի դիրքորոշումը հստակորեն ցույց է տալիս, որ Սպիտակ տունը Փաշինյանի վերընտրությունը դիտարկում է ոչ թե հայ ժողովրդի կամքի ազատ արտահայտման, այլ տարածաշրջանում սեփական ռազմավարական և տրանզիտային ծրագրերի հաջողության պարտադիր նախապայման։
Բացի ամերիկյան վեկտորից, Երևանն անցնող շաբաթներին վերածվել էր նաև եվրոպական դիվանագիտական ակտիվության կենտրոնի, ինչը նույնպես հաստատում է գործող իշխանության վրա դրված արտաքին խաղադրույքը։ Մայիսի սկզբին Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովով և դրան զուգահեռ կայացած անդրանիկ ՀՀ-ԵՄ երկկողմ գագաթնաժողովով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ, Բրյուսելը փորձեց ամրապնդել ներքաղաքական և ընտրական գործընթացներում Փաշինյանի դիրքերը։ Այս միջոցառումները նախընտրական շրջանում ծառայեցին որպես գործող վարչակազմի համար քաղաքական աջակցություն, որտեղ Եվրոպայի կողմից տնտեսական և էներգետիկ «օգնության» խոստումները իրականում նպատակ ունեն արագացնել Ռուսաստանից Հայաստանի հեռացումը՝ առանց հաշվի առնելու դրա տնտեսական ծանր հետևանքները։
Արևմուտքի այսպիսի ակտիվ մասնակցությանը զուգահեռ՝ հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվում են ծայրահեղ մտահոգիչ և աննախադեպ դեգրադացիայի միտումներ։ Մոսկվան այլևս չի թաքցնում իր կոշտ հակազդեցությունը Երևանի արտաքին քաղաքական շրջադարձի և արևմտյան ուղղորդման նկատմամբ, ինչը դրսևորվում է ամենաբարձր մակարդակի կոշտ հռետորաբանությամբ։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունը, որտեղ Փաշինյանին անվանում է «սրիկա», խտացնում է Կրեմլի պատասխանը զարգացումներին։ Մեդվեդևը նշել է, որ «Փաշինյանի վտանգավոր ուղու հետևանքով Հայաստանի ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան և ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը»։
«Ինչպես երևում է, նա մեզ համարում է հիմարներ։ Միևնույն ժամանակ՝ նա մեծ սխալ է թույլ տվել իր հաշվարկներում և հետապնդում է մի ուղի, որը չափազանց վտանգավոր է իր երկրի համար»,- նշել է Մեդվեդևը
Այս ձևակերպումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պաշտոնական Երևանի քայլերը դիտարկում է որպես դավաճանական շրջադարձ և պատրաստ է կիրառել սեփական հակազդեցության լծակները՝ արևմտյան նախագծերը վիժեցնելու համար։ Հայաստանյան ներկայիս նախընտրական քարոզարշավը վերածվել է ակտիվ, անթաքույց միջամտությամբ և աշխարհաքաղաքական ներազդեցությամբ ուղեկցվող գործընթացի։ Հայաստանը հայտնվել է դասական «պրոքսի-քաղաքական» պայքարի կենտրոնում, որտեղ ներքին ընտրությունները կորցնում են իրենց ինքնիշխան բովանդակությունը և ծառայում որպես հարթակ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակասությունների համար։ Մի կողմից՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն՝ բարձրաստիճան այցերի ու քաղաքական ճնշումների միջոցով փորձում են ամեն գնով աջակցել Փաշինյանի վարչակարգի վերընտրությանը, մյուս կողմից՝ Ռուսաստանը՝ կոշտ հռետորաբանությամբ և տնտեսական ու քաղաքական լծակների կիրառմամբ ցույց է տալիս, որ թույլ չի տալու երկրի վերջնական անցումը հակառակ ճամբար։
Այս ամենի լույսի ներքո կարելի է սպասել, որ մինչև հունիսի 7-ը արտաքին ազդեցության փորձերը կհասնեն իրենց գագաթնակետին, որտեղ ընտրողին առաջարկվում է «Արևմուտք կամ Ռուսաստան» երկընտրանքը՝ խաթարելով ներքին կայունությունը, այնինչ հայ ընտրողը պետք է ընտրի քաղաքական ուժ՝ հաշվի առնելով բազմաթիվ այլ իրողություններ։
Հունիսի 7-ի ընտրությունները Հայաստանի համար դադարում են լինել սոսկ ներքաղաքական իրադարձություն՝ վերածվելով երկրի աշխարհաքաղաքական վեկտորի շուրջ գլոբալ ուժերի վճռորոշ հակամարտության։ Մինչ Արևմուտքը բարձրաստիճան այցերով և տնտեսական խոստումներով փորձում է ամրապնդել գործող վարչակազմի դիրքերը, իսկ Ռուսաստանը՝ կոշտ նախազգուշացումներով ու լծակների գործադրմամբ, կանխել ազդեցության կորուստը, ապագա կայունության միակ երաշխիքը սեփական ինքնիշխան շահերի վրա հիմնված և արտաքին պարտադրանքից զերծ ընտրություն կատարելն է:



