Արհեստական բանականությունը` Թուրքիայում

Այսօր արհեստական բանականությունը գրավել է ամբողջ աշխարհը: վերջին տարիներին լայն թափ ստանալով՝ դարձել Է ամենից արագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից մեկը։ Այն արդեն օգտագործվում է գրեթե բոլոր ոլորտներում ու այդ տեխնոլոգիական զարգացումներից անմասն չի մնացել նաև Թուրքիան:

Թուրքիան ունի արհեստական բանականության մեծ շուկա ու բացի գործարար աշխարհից, թուրքական հասարակությունում աճում է արհեստական բանականության տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը։

Թուրքիայում արհեստական ​​բանականության կիրառման մակարդակը ս.թ. ապրիլի դրությամբ հասել է 61%-ի և մեծամասամբ երիտասարդներն են ամենաշատը հակված կիրառելու այն։ 16-24 տարիքային խմբի գրեթե 40%-ն ակտիվորեն օգտագործում է արհեստական ​​բանականության գործիքներ, մինչդեռ 25-34 տարիքային խմբի համար այս մակարդակը կազմում է 30%։ 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ կիրառման ցուցանիշը 1%-ից էլ պակաս է։

Ըստ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի (TÜİK) 2025-ի հրապարակած տվյալների՝ արհեստական բանականության գործիքներ առավել շատ օգտագործում են տղամարդիկ, որոնց ցուցանիշը կազմում է 19.4, իսկ կանանցը՝ 18.8%-ը։

Թուրքիայում արհեստական ​​բանականություն օգտագործողների 80%-ն այն մեծամասամբ օգտագործում է անձնական նպատակներով, իսկ գործնական նպատակներով օգտագործողների ցուցանիշը կազմում է 34%։ Ըստ Թուրքիայում անցակցված վերջին հետազոտությունների՝ Թուրքիայում օգտատերերը միջինում օգտագործում են 5 տարբեր արհեստական ​​բանականության հավելված։ Ամենաշատ կիրառվող 5 հավելվածների թվում առաջինը «ChatGPT»-ին  է։ Նրան հաջորդում է «Yandex yazeka»-ն, որը հիմնականում նախատեսված է թուրքական շուկայի համար։Նրա «Yazeka» անունը առաջացել է թուրքական «Yapay Zeka» («Արհեստական բանականություն») և Yandex բառերի միավորումից ու այն հարմարեցված է թուրքալեզու միջավայրին։ Նրան հաջորդում են «Gemini»-ին, «DeepSeek»-ը և «Grok»-ը։

Անցկացված սոցհարցումներից մեկի ընթացքում հարցվածների 81%-ը նշել է, որ նախորդ տարվա համեմատ արհեստական բանականության գործիքներ սկել են օգտագործել ավելի հաճախ։ Դրա կիրառումը Թուրքիայում դադարել է նորարարություն լինելուց և դարձել է ամենօրյա անհրաժեշտություն ու ըստ 2025-ի տվյալների՝ Թուրքիայում յուրաքանչյուր հինգերորդ մարդ օգտագործում է արհեստական ​​բանականության գործիքներ։

Արհեստական ​​բանականության ոլորտում Թուրքիան ներկայումս դասվում է 3-րդ լիգային, որտեղ ընդգրկված են Հարավային Կորեան, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Առաջին լիգայում ընդգրկված են ԱՄՆ-ն ու Չինաստանը, իսկ 2-րդ լիգայում՝ Միացյալ Թագավորությունը, Կանադան ու Ճապոնիան։ Սա ցույց է տալիս, որ Թուրքիան համարվում է արհեստական բանականության ոլորտում զարգացող և արագ առաջընթաց գրանցող երկրներից մեկը։

2025-ի դրությամբ արհեստական ​​բանականության կիրառությունը Թուրքիայում արագորեն զարգանում է բազմաթիվ ոլորտներում՝ հատկապես կրթության, առողջապահության, ռազմարդյունաբերության, բանկային գործի և այլ ոլորտներում։ Այսպիսով, ինչպե՞ս է արհեստական ​​բանականությունն օգտագործվում Թուրքիայում և ո՞ր ոլորտներում է այն ավելի ակնառու։

Արհեստական բանականությունը լայն կիրառում ունի ռազմարդյունաբերության ոլորտում հատկապես անօդաչու թռչող սարքերին կցվելով այն օգնում է ավելի արագ հայտնաբերել թիրախները և վերլուծել պատկերները։ Այն նաև օգտագործվում է կիբերանվտանգության մեջ՝ հարձակումների հայտնաբերման և համակարգերի պաշտպանության համար։ Կիբերանվտանգության ոլորտում ԱԲ-ն հայտնաբերում է ակտիվությունը ռազմական ցանցերում, վաղ փուլում կանխատեսում է հնարավոր կիբերհարձակումները և կարող է ակտիվացնել ավտոմատացված պաշտպանական մեխանիզմներ։

ԱԲ-ն լայնորեն կիրառվում է առողջապահության ոլորտում հատկապես ախտորոշման գործընթացում։ Մասնավորապես ​​հիվանդանոցներում օգտագործվող որոշ համակարգեր օգնում են բժիշկներին արհեստական ​​բանականության օգնությամբ վերլուծել ռենտգենի և ՄՌՏ պատկերները։ Մեկ այլ ոլորտում, օրինակ՝ անվտանգության գլխավոր վարչությունում և ոստիկանությունում լայնորեն կիրառվում են դեմքի ճանաչման և տվյալների վերլուծության համակարգեր, ինչպես նաև համարանիշների ճանաչման տեխնոլոգիաներ։ Անվտանգության տեսախցիկներում ինտեգրված արհեստական բանականության միջոցով իրականացվում են համապատասխան գործողություններ։

Թուրքիայի բանկերը ևս ակտիվորեն օգտագործում են արհեստական ​​բանականության համակարգեր՝ վարկային ռիսկը վերլուծելու և խարդախությունը նախապես հայտնաբերելու համար։ Ավելին, հաճախորդների սպասարկումը տրամադրվում է չաթբոտների միջոցով՝ 24/7 ռեժիմով։

ԱԲ համակարգերը կիրառվում են նաև երթևեկության օպտիմալացման համար։ Օրինակ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, ստեղծվել են արհեստական ​​բանականության վրա հիմնված խելացի ազդանշանային համակարգեր՝ քաղաքային երթևեկության հոսքն ավելի արդյունավետ կառավարելու համար։ Այս համակարգերի շնորհիվ կանաչ լույսի տևողությունը կարող է ավտոմատ կերպով կարգավորվել՝ ըստ երթևեկության խտության։

Ամփոփելով նշենք , որ Թուրքիան վերջին տարիներին փորձում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական և AI կենտրոն՝ հատկապես Մերձավոր Արևելքի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար։ Դրա համար ակտիվորեն զարգացնում է AI startup-ները, իրականացնում է միջազգային տեխնոլոգիական միջոցառումներ, ներգրավվում է օտարերկրյա մասնագետների ու խրախուսում է ներդրումները։ Նշենք, որ 2026-ի դրությամբ Թուրքիայում AI startup-ների՝ արհեստական բանականության ոլորտում գործող նորարարական ընկերությունների թիվը հասել է շուրջ 482-ի և դրանք հիմնականում գործում են Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Բուրսայում։ Եթե դա Թուրքիային հաջողվի, ապա այդ դեպքում կդառնա տեխնոլոգիական ազդեցության կենտրոն Կովկասի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների համար՝ ձևավորելով իր տեխնոլոգիական «փափուկ ուժը»։ Դրա հետ մեկտեղ կնվազեցնի կախվածությունն արևմտյան ԱԲ տեխնոլոգիաներից ու հանդես կգա սեփական լուծումներով ու մոդելներով։

Անի Գալստյան

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031