
Օկուպացված Լաչինի օդանավակայանն Ադրբեջանին հնարավորություն է տալիս վերահսկել Հայաստանի, Իրանի հյուսիսային սահմանները. այն Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան համատեղ ուղերձ է տարածաշրջանին. Շիրազ Խաչատրյան

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն օկուպացված Լաչինում կբացեն միջազգային օդանավակայանի ստատուս ստացած ադրբեջանական օդանավակայան:
Սա բավականին խորհրդանշական է, եթե հաշվի առնենք, որ ինչպես 168.am-ը գրել է, 2020 թվականի 44-օրյա պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, և, որ «ղարաբաղյան խաղում» Իսլամաբադի մասնակցությունը, ըստ էության, պայմանավորված էր թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով՝ Պակիստանի բանակի ղեկավարությունը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը:
Արդեն 44-օրյայից հետո ականատեսը եղանք նաև Ադրբեջան-Պակիստան ռազմավարական հարաբերությունների ստեղծման, որտեղ առանձին տեղ ունի պաշտպանական և ռազմական համագործակցությունը, խոսքը, մասնավորապես, JF-17C Block-III կործանիչների ձեռքբերման շուրջ պայմանավորվածություններին է վերաբերում:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում տալով արտասահմանյան լրատվամիջոցներին, հայտնել են, որ Ադրբեջանը սկզբի համար պատվիրել է 16 հատ ժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռ, բայց չհաստատված տեղեկություններ կան, որ կործանիչների թիվը կարող է հասնել 40-ի: Այս թեմային դեռ առիթներ կլինեն անդրադառնալու:
Իսկ մինչ այդ նշենք, որ Լաչինի օդանավակայանի կառուցման հիմքը դրվել է 2021 թվականին, այն օկուպացված Բերձոր քաղաքից գտնվում է 30 կմ հեռավորության վրա:
Եվ որքան էլ ադրբեջանական կողմը դրա նշանակության մասին խոսելիս շեշտը դնի «բարի նպատակների» վրա, միևնույն է՝ չի կարելի բացառել դրա ռազմական, և, այսպես ասած, ոչ բարի նպատակը, 2021 թվականին ադրբեջանական լրատվամիջոցներն իրենք էին ակնարկում, թե օդանավակայանի կառուցման հարցում հաշվի են առել «հայկական կողմից հնարավոր սադրանքների հանգամանքը»:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ևս այն կարծիքին է, որ նշված օդանավակայանը պարզապես օդային հաղորդակցության կետ չէ:
«Լաչինի օդանավակայանը շատ մեծ սիմվոլիկ և ռազմաքաղաքական նշանակություն ունի, դա պարզապես օդային հաղորդակցության կետ չէ։ Օդանավակայանի բացմանը մասնակցել պատրաստվող Թուրքիան և Պակիստանը փաստում են, որ այս նախագիծը ոչ միայն ադրբեջանական, այլև համատեղ ուժ ցուցադրող նախաձեռնություն է։ Դա ուղերձ է՝ ուղղված Հայաստանին, Իրանին, և ավելի լայն՝ տարածաշրջանային խաղացողներին։
Լաչինը տեղակայված է ռազմավարական բարձրության վրա, և այդ նորակառույց օդանավակայանը փաստացի դառնում է դիտարկման ու վերահսկման հանգույց, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանին դաշնակիցների հետ վերահսկել Հայաստանի, Իրանի հյուսիսային սահմանները:
Օդակայանը նաև խորհրդանիշ է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան ռազմաքաղաքական դաշինքի, որը վերջին տարիներին ակնհայտորեն զարգացել է՝ համատեղ զորավարժություններով, զենքի մատակարարումներով և քաղաքական հայտարարություններով հանդերձ:
Իսկ Լաչինի օդանավակայանը, և ընդհանրապես օկուպացված Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից կառուցվող մեծ ենթակառուցվածքների փաստը ցույց է տալիս, որ պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ուժային քաղաքականությունը, այլև փորձում է նոր ռազմաքաղաքական ճարտարապետություն ձևավորել՝ առանց Ռուսաստանի կամ Արևմուտքի առաջնային միջնորդության»,- մանրամասնել է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ալիևն ու Էրդողանն օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) էին օդանավակայան բացել, իսկ 2022 թվականին էլ օկուպացված Կովսականում են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները օդանավակայանի բացման արարողության մասնակցել: