
Ադրբեջանը չի չեղարկել Հայաստանի վրա հարձակման սցենարը

Հայաստանը շարունակում է առաջ քաշել Ադրբեջանին ուղղված առաջարկը՝ կնքել սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ պայմանագիր: Սրա մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում հերթական անգամ խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նշենք, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկն առաջին անգամ Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանն արել է 2024թ. հունվարի 28-ին՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի օրվա միջոցառման ժամանակ:
Իսկ երբ 2025թ. հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հստակ պահանջել էր, որ Հայաստանը շատ արագ դադարեցնի վերազինումը, որ Ֆրանսիան և մյուս երկրները, որոնք զենք են մատակարարում Հայաստանին, չեղարկեն այդ պայմանագրերը, իսկ արդեն մատակարարված սպառազինությունն էլ Հայաստանը վերադարձնի, Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկել էր նաև բանակցություններ սկսել սպառազինության քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ մեխանիզմ ձևավորելու շուրջ:
Եվ այս ամենի ֆոնին Ադրբեջանը շարունակում է տարբեր երկրների հետ սպառազինության գնման և համատեղ ռազմաարդյունաբերական ծրագրեր իրականացնելու պայմանագրեր կնքել: Խոսքը կոնկրետ դեպքում Պակիստան-Ադրբեջան պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցության մասին է:
Օրերս Ադրբեջանում տեղի է ունեցել ադրբեջանա-պակիստանյան բիզնես-ֆորում, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որտեղ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, որ քննարկել են ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր և Պակիստանին առաջարկել են սկսել պաշտպանական տեխնիկայի համատեղ արտադրություն: Իր հերթին՝ Շահբազ Շարիֆը հավելել է, որ ակտիվ երկկողմ համագործակցություն կա JF-17C Block-III կործանիչների ձեռքբերման շուրջ, որը բավականին թանկ պրոդուկտ է:
Նույն ժամանակահատվածում Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Թարարը հայտնել է, թե Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17C Block-III կործանիչների առաջին խմբաքանակը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիևին ներկայացվել էր բազմաֆունկցիոնալ JF-17C ինքնաթիռը, ինչի հիման վրա տեղեկություններ հրապարակվեցին, որ Ադրբեջանի զինանոցը համալրվել է JF-17C կործանիչներով:
Նշենք, որ 2024թ. փետրվարին հայտնի էր դարձել, որ Պակիստանի և Ադրբեջանի միջև կնքվել է 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր՝ JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պակիստանի լրատվամիջոցներին, հաղորդել էին, որ գործարքը ներառում է ինքնաթիռներ, զինամթերք և ուսուցում:
Ավելի ուշ այլ մանրամասներ եղան, որ խոսքը 5 էսկադրիլի մասին է՝ բաղկացած 60 կործանիչներից:
Մասնագետների դիտարկմամբ, Պակիստանի ավիացիոն համալիրի և Չինաստանի Չենդու ավիացիոն կորպորացիայի համատեղ նախագծի շրջանակում մշակված կործանիչի հիմնական առանձնահատկությունն են՝
Ալեհավաքային համակարգեր՝ AESA ռադար, որը թույլ է տալիս հայտնաբերել թիրախներն ավելի մեծ հեռավորությունների վրա։
Մարտավարական բազմակողմանիություն՝ ի վիճակի է կրակել ինչպես օդ-օդ, այնպես էլ օդ-ցամաք հրթիռներով։
Ռազմական ինքնավարություն՝ նորացված էլեկտրոնային պատերազմի միջոցներ, ինչպիսիք են ակտիվ պաշտպանական համակարգերը և թիրախների հայտնաբերման բարձր հզորությամբ համակարգերը։
Block-III տարբերակը ներառում է 4+ սերնդի կործանիչների հնարավորություններ, ինչպիսիք են ավելի հզոր շարժիչները, տվյալների մշակումն ու ինքնավարությունը։
Այս կործանիչները կարող են օգտագործվել՝ ինչպես օդային գերակայություն ստանալու, այնպես էլ՝ թիրախների դիպուկ հարվածներ հասցնելու համար։
Չմոռանանք 44-օրյա պատերազմում Պակիստանի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության մասին:
168.am-ը դեռ անցած տարի գրել էր, որ 2020 թվականի պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, համապատասխան հոդվածում խոսել էինք՝ ինչ կամ ում շահն էր հետապնդում Պակիստանն Արցախում, ինչպես է արտահայտվել նրա մասնակցությունը 44-օրյային, և ինչ հետագայում սպասել Պակիստան-Ադրբեջան և Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում:
Իհարկե, սրանից հետո այլ անդրադարձ ևս եղել է, որտեղ էլ հղում կար The Central Asia-Caucasus Analyst-ի վերլուծությանը, թե մեր տարածաշրջանում ձևավորվել է իրար հետ մրցակցող երկու բլոկ՝ «երեք եղբայր» կամ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան և Հայաստան-Ֆրանսիա-Հնդկաստան:
Իսկ Ադրբեջանը նման պայմաններում շարունակում է Հայաստանի վրա հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծելու փորձերը, որոշելով նաև պատասխանատուներին՝ Արևմուտք, Ֆրանսիա:
Մասնավորապես, caliber.az-ը ռեպորտաժ է պատրաստել, որտեղ հիշեցնում են, որ 2024թ. Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո է տրամադրվել՝ պնդելով, թե նույն հիմնադրամն առաջիկայում Հայաստանին հերթական տրանշն է պատրաստվում տրամադրել՝ բարձրացնելու երկրի պաշտպանունակությունը կամ նպաստելու նրա վերազինմանը:
Նշենք, որ այս օժանդակության նպատակն ընդամենը Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները բարձրացնելն էր և ճգնաժամային, արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը նպաստելը, և ոչ թե մահացու զենքերի ձեռքբերմանն աջակցելը:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցն այստեղ պարզաբանում է մտցնում՝ գրելով, թե պարտադիր չէ, որ տրամադրված գումարն ուղղվի անմիջապես սպառազինության մատակարարմանը, բայց այն Հայաստանի պետական բյուջեում «տեղ է բացելու» ռազմական ծախսերի համար:
Ադրբեջանական լրատվամիջոցը, բնականաբար, այս համատեքստում չի անտեսել օրերս Հանրային ռադիոյին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հարցազրույցը, մասնավորապես այն հատվածը, որտեղ նա մանրամասնել է, որ 2025-ին Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությունը կունենա երեք հիմնական ուղղություն. առաջինը՝ պաշտպանական տեխնիկայի տրամադրում Հայաստանին, երկրորդ ուղղությունը հայ զինվորականների վերապատրաստումն է թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում, երրորդ ուղղությունը խորհրդատվական ծառայություններն են, որոնք տրամադրվում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը, ինչը հնարավորություն է տալու բարեփոխել և հզորացնել հայկական բանակը։
Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցից ևս մեկ մեջբերում էր արվել, որտեղ նա ասել էր. «2021թ. մայիսին և 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիայի ենթարկեց արդեն Հայաստանի տարածքները, և այստեղ իրավական առումով շատ հստակ, թափանցիկ իրավիճակ էր․ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկիրն ագրեսիայի էր ենթարկում ՀԱՊԿ անդամ հանդիսացող երկրին, և այստեղ ևս Ռուսաստանը չմիջամտեց»:
«Եվ 2023թ. սեպտեմբերին ռուս զինվորները, որոնք այնտեղ էին տեղակայված հենց խաղաղությունը երաշխավորելու համար, տեղից չշարժվեցին, երբ Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Նրանք շարժվեցին տեղից միայն այն ժամանակ, երբ իրավիճակն արդեն հասել էր որոշակի փուլի, և միայն Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին զինաթափելու համար։ Այսինքն, կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին ամեն անգամ, երբ Հայաստանն ունեցել է Ռուսաստանի կարիքը, Ռուսաստանը Հայաստանի կողքին չի եղել։ Այս է պատճառը, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, Եվրամիության հետ, ինչը միանգամայն լեգիտիմ է»,- շարունակել էր Դըկոտինյին:
Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցի վերոնշյալ հատվածների հիման վրա ադրբեջանական լրատվամիջոցը եզրակացրել է՝ «Ֆրանսիան իր դեսպանի շուրթերով փաստացի խոստովանել է, որ իր վրա է վերցրել Հայաստանի զինված ուժերին զինված ռևանշի պատրաստելու առաքելությունը»:
«Մենք ամեն ինչ ֆիքսում ենք, ամեն ինչի պատրաստ ենք»։ Այնուհետև լրատվամիջոցը հարցադրում է հնչեցնում, թե արդյո՞ք դրան պատրաստ է ԵՄ-ն, որն ամենալավ օրերը չի ապրում:
Այսինքն, Հայաստանն էլ իր հերթին պետք է արձանագրի, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հնարավորությունը կամ էսկալացիայի հնարավորությունը չեղարկված չէ:
Իսկ մինչ այդ պարբերաբար լսում ենք Ֆրանսիա-Թուրքիա ղեկավարների մակարդակով շփումների մասին, որոնց երկկողմ հարաբերություններում չլուծված հարցեր կան: