
Տղանե՛ր և աղջիկնե՛ր, շատ էակա՞ն է, թե ո՞վ է կանգնած իմպիչմենտի գործընթացի գաղափարի հետևում… նպատակը Փաշինյանի հեռացումը չէ՞. Հայկ Մամիջանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ալիևին Տիրանայում սուրճի հրավիրելու կադրերը Հայաստանի անունից հանդես եկող պաշտոնյաների համար տասնամյակներով լինելու են մղձավանջ։ Չկա աշխարհաքաղաքական որևէ կետ, որտեղ Փաշինյանին լուրջ են վերաբերվում։ Հակառակ դեպքում գոնե Կոլումբիայի դրոշը չէին դնի առաջը, ինքն էլ խելոք նստեր, ձայն չհաներ։ Երբ ընտանեկան թերթդ ղեկավարելու չարչիական տրամաբանությունը կիրառում ես աշխարհաքաղաքական գործընթացներում, այլևս վե՛րջ։ Որևէ մեկն այլևս ինվեստիցիա չի անելու մեռած պրոյեկտի մեջ։ Թող ՔՊ-ականներն այդ գիտակցումով ապրեն։ Նրա միակ հենարանը Թուրքիան է։
- Ենթադրում եմ՝ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են որևէ փաստաթղթի ստորագրման հարցում՝ գուցե դա լինի շրջանակային համաձայնագիր կամ որևէ այլ թուղթ։ Էական չէ՝ ոնց է դա ձևակերպվելու, բայց կհայտարարեն, որ փաստաթուղթ է կնքվելու Հայաստանում հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Այդ փաստաթուղթը ստորագրելու ժամանակ Փաշինյանը կստորագրի նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը։ Դա կներկայացնի՝ որպես միաժամանակյա ստորագրում, սակայն դա չի լինելու Խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակ, այլ շրջանակային ինչ-որ թղթի ստորագրման ժամանակ։
- Երևանում գերտերության ԱԳ նախարար Լավրովը խոսում է ինքնորոշման իրավունքից՝ որպես սկզբունք։ Իհարկե, խոսում է իր երկրի շահերի համատեքստում, բայց կողքին կանգնած Արարատ Միրզոյանը որևէ կերպ չի արձագանքում դրան՝ հիշեցնելու համար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
- Փաշինյանը տարբերակ չունի․ի վերջո, մի օր հրապարակելու է բանակցային վերջին փաստաթուղթը, որն ինքը մերժեց։ Դա Լավրովի պլան սխալ են անվանում, դա համանախագահների առաջարկն էր։
- Եթե ռուսական կողմը նախապես հայտարարել էր, որ պետք է գնար Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, տեսնես՝ ո՞վ է չեղարկել այդ այցը։ Այսինքն՝ մենք հասել ենք մի տեղ, երբ Հայաստանում հայկական կողմի պատճառով Ծիծեռնակաբերդ այցը չեղարկվո՞ւմ է․․․
- Երբ մենք ԱԺ-ում քննարկում էինք հայ ժողովրդի դերակատարումը 2-րդ համաշխարհային պատմության մեջ, ՔՊ-ական Մարիա Կարապետյանը, որն իրեն պահում է ագենտի պես, հարցնում է՝ իսկ ինչո՞ւ տեքստում նշված չէ, որ ԽՍՀՄ-ում ռեպրեսիաներ են եղել։
Հիշեցնենք, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն օրերս ԱԺ «Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց այդ նախագծին։ Դեմ քվեարկողները ՔՊ-ականներն էին։
- Փաշինյանը քյարին միտված քաղաքական գործիչ է։ Էս պահին քյարն իր իշխանության պահպանումն է, ու, որ աշխարհաքաղաքական կենտրոնը ապահովի դա, ինքը կդառնա էդ երկրի ագենտը, էդ երկրի դրոշով գուլպաներ կանի, ճակատին էլ՝ տատու։
- Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ երբ գործիքները բթանում են, դրանք դեն են նետվում։ Ցավալի է, որ դա ՔՊ-ում դեռ չեն հասկացել։
- Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ միայն Ադրբեջանի շահերով չէ պայմանավորված։ Հաշվի առնելով տարածաշրջանային լարումը, ԱՄՆ-Իրան հարաբերությունները, Ադրբեջանի բարեկամանալը մի շարք երկրների հետ, կարծում եմ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անդրադարձը նաև այս համատեքստում կարող էր լինել։
- Վստահ եմ՝ Իրանն անհրաժեշտության դեպքում կանի նաև գործողություններ՝ առաջին հերթին՝ իր ստրատեգիական շահերից ելնելով, հետո՝ հայ-իրանական հարաբերությունների տրամաբանությունից ելնելով։ Իրանում շատ լավ գիտեն, որ երբ Արցախը հայկական վերահսկողության ներքո էր, Ադրբեջանը շատ ավելի քիչ խնդիրներ կարող էր ստեղծել իր համար։
- Կան որոշ մարդիկ, ովքեր ավելի շատ Հանրապետականի դեմ են պայքարում, քան Փաշինյանի։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մարդիկ Փաշինյանի քարոզն են անում։ Ինչի՞ է նրանց վճարում։ Լավ չի, որ Ռոբերտ Քոչարյանը վճարում է Փաշինյանի քարոզիչներին։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն օրեր առաջ հարցազրույցում հայտարարել էր. «…Նախագահ Քոչարյանը կալանավորվել է ուրիշների արած սխալների հետևանքով և պատճառով։ Կալանքի ընթացքում նախագահ Քոչարյանը նույնիսկ ցուցմունք չի տվել։ Տղամարդիկ սա շատ ավելի լավ կհասկանան, երբ քեզ վրա կա երկարատև կալանքի վտանգ, ու դու որևէ ցուցմունք չես տալիս։
Հերոսությունը չգիտեմ՝ ոնց է չափվում, բայց նախագահ Քոչարյանի արածը դա պետական այրի, երկու հայկական պետություններ ղեկավարած մարդու, իր ներքին համոզմունքներից բխող արարք է, որը հերոսության պիտակի կարիք չունի։ Դա պետական այրի պահվածք է։ Մի բան հաստատ գիտենք՝ հերոսություն չի Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելը, հերոսություն չի Նիկոլ Փաշինյանից փախչելը։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից որևէ մարդ ոչ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել է, ոչ առավել ևս՝ փախչել է»։
- Բագրատ Միկոյանի հայտարարությունը, թե՝ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ուրիշի սխալների համար, այլ անուն չունի, քան «գործ տալ»։ Նորմալ չի, որ ՀՀ-ում նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելը երրորդ ժամկետ են անվանում մեկ նիկոլականները, մեկ էլ՝ Բագրատ Միկոյանը։ Ինքը հասկանում է՝ ինչ եմ ասում։
- Ես չեմ ասի՝ ինչ են 2018թ․խոսել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, բայց կասեմ՝ ինչ նախադասություն հաստատ չի հնչել։ Նախագահ Քոչարյանը հաստատ չի ասել, որ ինքն իր աջակիցներին ասել է հետ գալ Հանրապետության հրապարակից, չաջակցել Նիկոլ Փաշինյանին, որովհետև դա աղետի է տանելու։ Բայց դա չէր էլ հնչի, որովհետև նախագահ Քոչարյանն իր գրքում գովերգել է հեղափոխություն կոչվածը։
- Երբ մենք խոսում ենք 2021թ․ ընտրությունների լեգիտիմության մասին, չենք խոսում ընտրական պրոցեսների մասին, այլ կապիտուլյացիայի լեգիտիմացման, որովհետև երբ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիան անցնում է ընտրական պրոցեսների միջով, լեգիտիմանում է։
- Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմության աշխատանքն ավելի լավը չէ, կարող եմ հազար պատճառ բերել, բայց նաև պետք է ասեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը միջազգային հարթակներում բարձրաձայնում է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կարծիքը։ Եվ բացի այդ, մենք ունենք մի գործիք, որը պետք է օգտագործենք՝ ԱԺ-ում Փաշինյանին անվստահություն հայտնելու, իմպիչմենտի գործիքը։ Մանավանդ, որ մանդատները վայր դնելով՝ Խորհրդարանը չէր ցրվում, քաղաքական ճգնաժամ չի առաջանում։ Այս Պառլամենտին մնացել է մեկ տարվա կյանք։ Ընդդիմության ձեռքում մնացած ամենահզոր գործիքը վարչապետին անվստահություն ներկայացնելու գործընթացն է։ Մենք օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը։ Եվ դա է առաջնային պատճառներից մեկը, որ մենք դեռ շարունակում ենք լինել Խորհրդարանում։ Ես իմ խղճի առաջ հաշտ չեմ լինի, եթե այդ գործիքն էլ չօգտագործեմ։ Բոլոր մարդիկ պետք է պատասխանեն՝ մենք էս գործիքն օգտագործո՞ւմ ենք, թե՞ թողնում ենք, որ փոշին նստի վրան։
- Տղանե՛ր և աղջիկնե՛ր, շատ էակա՞ն է, թե ով է կանգնած իմպիչմենտի գործընթացի գաղափարի հետևում։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն իրական ընդդիմադիրներ են։ Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժման քննարկումներից մեկի ժամանակ ինձնից քիչ այն կողմ նստած էր նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպած բանդայի ղեկավարը։ Մի քանի շարք այն կողմ նստած էին «Ծռերը»։ Բայց ես չեմ ասել, չէ՞, չեմ մնա այստեղ, քանի որ իրենք այստեղ են, ու դուռը չեմ շրխկացրել, դուրս եկել…
- Որևէ քաղաքական ուժ չի կարող մի օրինակ բերել, որ ՀՀԿ-ի ամբիցիաների պատճառով ձախողվել է որևէ ընդդիմադիր շարժում։ Երբ դու հաշվարկում ու հասկանում ես, որ ինչ-ինչ պատճառներով Փաշինյանին հեռացնել չես կարողանում, երբեմն սկսում ես այնպես անել, որ հանկարծ տորթի քո փայաբաժինը ոչ մեկը չտանի։ Այլ կերպ ասած՝ սկսում ես այնպես անել, որ ուրիշ ոչ մեկը Փաշինյանին չհեռացնի։
- Ես խորապես, ՀՀ ամենաբարձր աշտարակից թքած ունեմ այն ռեյտինգների վրա, որոնք չեն նպաստում Փաշինյանի հեռացմանը։ Ես չեմ հավակնում դառնալ Կենտրոն վարչական շրջանի չափ մնացած Հայաստանի Հանրապետության ամենառեյտինգային քաղաքական գործիչը։
- Հանրապետականին ոչ մեկը ոչինչ ստիպել չի կարող, ու նախագահ Քոչարյանը դա շատ լավ գիտի, ու նաև գիտի՝ ՀՀԿ-ն իր կառավարման տարիներին ինչ դերակատարում է ունեցել Հայաստանի ձեռքբերումների հարցում։
- Կգա ժամանակը, երբ կպարզաբանվի այն հարցը, թե ինչ հեռախոսազրույց է տեղի ունեցել 2021թ․Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, ու մեր քաղաքացիները կիմանան՝ ով էր ճիշտ՝ Մամիջանյա՞նը, թե՞… Պարզապես, երբ քո ղեկավարը (ես խոսում եմ Սերժ Սարգսյանի մասին,- Հ.Մ․) ունի պարկեշտության չափից դուրս բարձր աստիճան, ես ավելին ասել չեմ կարող…
Մանրամասները՝ տեսանյութում