Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ պահանջելով դադարեցնել Իրանի դեմ պատերազմը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 220 «կողմ», 204 «դեմ» ձայնով երրորդ անգամ քվեարկել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օգտին՝ հաստատելով պատերազմական լիազորությունների վերաբերյալ բանաձև, որը կսահմանափակի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունը՝ շարունակելու ռազմական գործողություններն առանց Կոնգրեսի հավանության։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան տեղի ունեցած քվեարկության արդյունքները նման էին ամռանը ձեռնարկված ջանքերին, սակայն այս անգամ հակամարտության ավարտին կողմ քվեարկող բոլոր դեմոկրատներին միացել է նաև մի քանի հանրապետական։ Այս բանաձևերից ոչ մեկը չի հասել նախագահ Թրամփի սեղանին, որտեղ, ամենայն հավանականությամբ, նա վետո կդներ դրանց վրա։
Իրանի դեմ պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին և որոշակի ընդմիջումներով շարունակվում է մինչև օրս։ AP-ն նշում է, որ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քարոզարշավներում այս հակամարտությունը մեծ տեղ է զբաղեցնում։
Կոնգրեսի բյուջետային վարչությունը սեպտեմբերի 15-ին հայտնել է, որ մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է ավելի քան 38 միլիարդ դոլար. կանխատեսվում է, որ հակամարտության ամսական արժեքը կկազմի 2-3 միլիարդ դոլար՝ կախված մարտական գործողությունների ինտենսիվությունից։ Բյուջետային վարչությունը կանխատեսել է, որ պատերազմի հետևանքով մինչև 2027 թվականը գնաճը կլինի 0,5 տոկոսային կետով ավելի բարձր, քան սպասվում էր։

