Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Երեկ ԱԺ-ում Արման Եղոյանի՝ ՀՅԴ-ի դեմ ելույթը, որում նա հայտարարեց, թե «դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից», իսկ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի «վերջին դաշնակցականը», առաջին հայացքից կարող էր թվալ հերթական էմոցիոնալ պոռթկում։ Բայց եթե նայենք արդյունքին, պատկերը լրիվ այլ է։

Եղոյանին հաջորդեցին Ռուբինյանը, Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը, և մեկ ելույթը շատ արագ վերածվեց ՔՊ-ի կողմից տիրաժավորվող ընդհանուր թեմայի։ Հետո այդ թեման տեղափոխվեց սոցցանցեր ու ակտիվ հանրային շրջանակներ։ Այսինքն՝ մի քանի ժամում իշխանությունը կարողացավ հանրային դաշտում սեփական օրակարգը թելադրել։

Սա հենց այն «հակադարձ հոգեբանության» գործիքն է, որի մասին խոսում եմ։ Նախ միտումնավոր դաշտ է նետվում առավելագույնս կոշտ ու սադրիչ թեզ, գիտենալով, որ հակառակ կողմը չի կարող չարձագանքել, և այդ արձագանքով արդեն իսկ ստեղծված թեման դարձնում է օրվա գլխավոր քննարկումը։ Կարճ ասած՝ դու թելադրում ես հարցը, իսկ մյուսները սկսում են պատասխանել։

Նիկոլի քաղաքական հետագծում սա նոր մեխանիզմ չէ։ Հանրային դաշտում հնարովի կամ արհեստական օրակարգ ստեղծել, դրա շուրջ աղմուկ բարձրացնել և հետո այդ թեմայի շուրջ բոլորին ստիպել արձագանքել՝ նրա քաղաքական գործիքակազմի ճանաչելի մասն է։ Երեկվա կատարվածը այդ հետագծի հերթական օրինակն էր։
Բայց այս անգամ կա ավելի կարևոր հանգամանք։ Թիրախավորվեց ոչ թե ՀՅԴ-ի որևէ կոնկրետ քայլ կամ քաղաքական դիրքորոշում, այլ «դաշնակցականությունը»՝ որպես քաղաքական երևույթ։ Իսկ երբ քաղաքական ուժի դեմ պայքարը տեղափոխվում է նրա գաղափարական գոյության հարց, արդեն պետք է մտածել նաև հաջորդ քայլի մասին։

Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր։ Եթե առաջիկայում այս խոսույթին հաջորդեն կոնկրետ քայլեր, որոնք ես բնավ չեմ բացառում, ԱԺ-ում կատարվածը պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական սկանդալ, այլ որպես հնարավոր նոր քաղաքական գրոհի առաջին օղակ․ նախ ընտրվեց թիրախը, հետո դրա շուրջ իշխանությունն իր խոսույթը մտցրեց հանրային շրջանառության մեջ, իսկ արդեն ստեղծված աղմուկը դարձավ հաջորդ քայլերի համար անհրաժեշտ ֆոնը։

Նիկոլի քաղաքականության մեջ սա բազմիցս կիրառված մեխանիզմ է՝ նախ թելադրել օրակարգը, հետո այդ օրակարգով թելադրել քաղաքական դաշտի արձագանքը, իսկ վերջում՝ գործողությունը ներկայացնել որպես արդեն ձևավորված հանրային պահանջի շարունակություն։

Հ.գ. Ի դեպ՝ օրն էլ պատահական չէր ընտրված. ադրբեջնական մամուլը երեկ թմբկահարում էր, թե «108 տարի առաջ Բաքուն ազատագրվել է դաշնակների օկուպացիայից»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930