«Թե՛ Արևմուտքը, թե՛ ՌԴ-ն հասկանում են՝ ՀՀ իշխանության գերնպատակը սեփական իշխանության պահպանումն է, արդյունքում նրա ձեռքով փորձում են բավարարել սեփական շահերը». Արթուր Մարտիրոսյան

Մայիսի 21-ին ՌԴ ԱԳ  նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։

«ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար՝ հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ, ու չեմ կարող դատողություններ անել»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Գրեթե նույն հայտարարությունը երեկ արել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ շեշտելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ԵՄ չի գնում։

Մինչդեռ մարտի վերջին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը, այն ԱԺ էր ներկայացրել «Եվրաքվե» նախաձեռնությունը։

Կարդացեք նաև

Եթե Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, ապա ինչի՞ մասին էր Խորհրդարանի ընդունած նախագիծը, այն միայն քարոզչական նպատա՞կ ուներ։

Բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ այդ գործընթացն այն մասին էր, որ ՀՀ իշխանությունը փորձում էր խաղալ այլընտրանքային խաղ: Բայց, ըստ նրա՝ իշխանությունն ապիկար է, քանի որ նույնիսկ այդ խաղը խաղալու համար ավելի նուրբ դիվանագիտական նրբություններ են պետք։

«Այստեղ մեկ հարց էլ կա՝ արդյո՞ք այդ խաղը հնարավոր էր հենց այս պահին։ Առհասարակ այդ խաղը մեծ կորուստներ բերեց Հայաստանին, կորցրեցինք Արցախը։ Փաստորեն, ՀՀ իշխանությունն ընտրել է մի քաղաքականություն, որը շատ աբսուրդ է, առաջնորդվում են՝ «այս պահին մեզ ինչ պետք է, այն էլ անում ենք» սկզբունքով։ Միշտ փորձում են ցույց տալ, թե անկախ են, իրենք են որոշում՝ ինչպես պաշտպանել իրենց շահերը և այլն։ Սա նպատակն է, բայց այսպես ասվում է՝ զուտ փիառի մասով։

Պարզ է, այն կախվածությունները և այն մեծ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, դրանք  Փաշինյանին ու իր շրջապատին չեն համոզում, որ այն նպատակները, որոնք դրել էին՝ Եվրոպայի հետ ինտեգրացում և այլն, իրականում տալու են իրենց հնարավորությունն առաջին հերթին Հայաստանում սեփական իշխանությունը պահելու համար։ Հետևաբար՝ այս պահին իշխանություններին այդպես էր ձեռնտու, այդպես արեցին»,- 168.amի հետ զրույցում նշեց Արթուր Մարտիրոսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենին զուգահեռ՝ իշխանությունները «խաղացնում» են, այսպես կոչված՝ «արևմտամետ ընդդիմությանը», թույլ են տալիս նույնիկ այնպիսի քայլեր անել, որոնք դուրս են դիվանագիտության տրամաբանությունից, որպեսզի զուտ Ռուսաստանին ցույց տան, թե՝ տեսեք, մենք այլընտրանք ունենք։

«Այս համատեքստում մենք տեսանք հակառուսական քարոզ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ, այդ ամենի տարածումը և այլն։ Ինչո՞ւ է այդ ամենն արվում՝ միայն այն նպատակով, որ իշխանությունն իբր թե հնարավորություն է թողնում՝ այլընտրանքային խաղը շարունակելու համար։ Գնան Եվրոպա, ասեն՝ մենք այս ենք անում, հակառուսական է մեր դիրքը, երազում ենք ԵՄ անդամ դառնանք, իսկ ՌԴ արտգործնախարարին հակառակն են ասում՝ նման նպատակ չունենք։ Սա անհեթեթություն է, որովհետև Եվրոպան չի հավատում, որ Հայաստանը կարող է լուրջ քայլեր անել, նույնիսկ, եթե անի, դա չի նշանակում, որ ԵՄ-ն անմիջապես գրկելու է Հայաստանին ու դարձնի ԵՄ անդամ։

Նույնն էլ վերաբերում է Ռուսաստանին, նա անում է այն, ինչ բխում է սեփական շահերից, շատ անգամ ի վնաս մեր շահերի՝ շատ լավ հասկանալով, որ Երևանում իշխանության ղեկին նստած են օպորտունիստներ, որոնց համար ամենակարևորն իշխանությունը պահելն է, այլ ոչ թե հստակ ազգային շահերի պաշտպանությունը»,- շեշտեց կոնֆլիկտաբանը։

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ հստակ է, որ ՀՀ իշխանությունը չունի արտաքին քաղաքական հստակ վեկտոր, օպորտունիստներ են, որոնք այսօր այս ճանապարհն են ընտրում, վաղը՝ մյուս, նպատակը սեփական իշխանության պահպանումն է ամեն գնով։ Հետևաբար՝ անիմաստ է խոսել քաղաքական որևէ վեկտորի մասին։

Արթուր Մարտիրոսյանը նաև հավելեց, որ այստեղ շատ կարևոր է հասկանալ այն, որ իշխանությունների բոլոր քայլերը հիմնված էին թերի հաշվարկների վրա։ Նախ, կարծում էին, որ Ռուսաստանն արդեն իսկ պարտված է Ուկրաինայի հետ պատերազմում, քանի որ Եվրոպայից նրանց այդպես էին ասում, հիմա էլ հավանաբար շարունակում են նույնն ասել։ Բայց տեսան, թե ինչ է տեղի ունենում, տեսան փոփոխությունները, որոնք այսօր տեղի են ունենում ռուս-ամերիկյան հարաբերություններում։

«Պարզ է, եթե իրենք նույն ուղիով շարունակեն, հայտնվելու են սխալ ճամբարում, դրա համար այս պահին փորձում են մի ճամբարից ուղղությունը փոխել մեկ այլ ճամբար։ Սակայն սա չի նշանակում, որ ունեն հստակ վեկտոր կամ հիմնական ռազմավարություն։

Թե՛ Արևմուտքն է հասկանում, որ ՀՀ իշխանության գերնպատակը սեփական իշխանության պահպանումն է, թե՛ Ռուսաստանը: Հասկանալով այս ամենը, նրանք կարող են հույս տալ, որ այդ իշխանությունը պահելու են։ Արդյունքում՝ ՀՀ իշխանության ձեռքով բոլոր փորձում են բավարարել իրենց սեփական շահերը, բայց ոչ հայկական շահը»,- ընդգծեց Արթուր Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրան օդանավակայանում դիմավորել էր ՀՀ ԱԳ փոխնախարարը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր այցը սկսել էր «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակին:

Օդանավակայանի ճանապարհին Լավրովի այցին ընդառաջ «Եվրաքվե» նախաձեռնության մի քանի անդամներ ակցիա էին արել, իբր թե բողոքելով նրա այցի դեմ, հետո ակցիան տեղափոխվել էր ԱԳՆ շենքի մոտ, որի ժամանակ Լավրովն ու Միրզոյանը հանդես էին գալիս համատեղ մամուլի ասուլիսով։

Տեսանյութեր

Լրահոս