
3 ամիս անընդմեջ բնակարանների գները նվազում են. Մինչև ո՞ւր կհասնի անշարժ գույքի գնանկումը

Մինչ կառուցապատողները փորձում են համոզել, որ անշարժ գույքի շուկայում գների նվազում չպետք է ակնկալել, տարեսկզբից Երևանի բնակարանային շուկայում գնանկում է արձանագրվում՝ 3 ամիս անընդմեջ։ Պաշտոնական տվյալներով՝ մի շարք վարչական շրջաններում արդեն բնակարանների գները նույնիսկ ավելի ցածր են նախորդ տարվանից։
Անշարժ գույքի գների նվազումը, անշուշտ, չի բխում կառուցապատողների շահերից։ Դա նրանցից շատերի համար կարող է լուրջ խնդիրներ ստեղծել, եթե արդեն չի ստեղծել։ Բայց պետք է ընդունել, որ այն, ինչ տեղի է ունենում անշարժ գույքի շուկայում, սպասելի էր։ Նախորդ մի քանի տարիներին կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից պահանջարկի արհեստական խթանման, տարբեր ծառայությունների գների, հարկային բեռի ու տեղական տուրքերի կտրուկ, երբեմն՝ անգամներով ու տասնյակ անգամներով բարձրացման հետևանքով անշարժ գույքը ոչ միայն էապես թանկացավ, այլև հասցրեց գերարժևորվել։
Մի պահ անշարժ գույքի գերարժևորումը գնահատվում էր ընդհուպ մինչև 25 տոկոս։ Բայց դա չէր կարող անվերջ շարունակվել։ Անշարժ գույքի նման բարձր գները չէին տեղավորվում քաղաքացիների գնողունակության մեջ։
Արհեստական խթանման հետևանքով գները շատ ավելի արագ էին բարձրանում, քան անշարժ գույք գնելու մարդկանց հնարավորություններն ու կարողություններն էին ավելանում։ Դա ինչ-որ պահից՝ ուզած թե չուզած, բերելու էր գների նվազման։ Վերջին ամիսներին Երևանի բնակարանային շուկայում նկատվող երևույթները թերևս դա են ցույց տալիս։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակումների համաձայն, հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, Երևանի բնակարանային շուկան էժանացել է 1.1 տոկոսով։ Փետրվարին՝ հունվարի նկատմամբ, գնանկումը կազմել է 0.5 տոկոս։ Բնակարանների գները նույնքանով նվազել են մարտին՝ փետրվարի նկատմամբ։
Մարտին անշարժ գույքի շուկայում նաև լճացման միտումներ են նկատվել։ Այդ ամսին արձանագրվել է 2020թ. հետո Հայաստանում իրականացված առք ու վաճառքի գործարքների ամենացածր մակարդակը։
Վերջին ամիսներին գրանցված գնանկման հետևանքով Երևանի վարչական շրջանների մեծ մասում բնակարանների գներն ավելի ցածր են, քան անցած տարվա վերջին էին։
Մայրաքաղաքի կենտրոնում, որը համարվում է բնակարանային շուկայի ամենաթանկ հատվածը, տարեսկզբի առաջին 3 ամիսներին գները նվազել են քառակուսու հաշվով ավելի քան 16 հազար դրամով։ Եթե անցած տարվա դեկտեմբերին Կադաստրի կոմիտեն կենտրոնում արձանագրել էր բնակարանների 909.1 հազար դրամ միջին գին, այս տարվա մարտին այն դարձել է 893 հազար դրամ։
Տարեսկզբի բոլոր երեք ամիսներին Երևանի կենտրոնում բնակարանների գները նվազել են։ Կենտրոնը մայրաքաղաքի այն եզակի հատվածներից է, որտեղ գնանկումը նույնիսկ ավելի շուտ էր սկսվել։ Անցած տարվա վերջին արդեն այստեղ նման երևույթներ սկսեցին արտահայտվել։
Այսպիսի դրսևորումներից հետո, Երևանի կենտրոնում, ըստ Կադաստրի կոմիտեի, բնակարանների գներն այժմ ավելի ցածր են՝ նաև նախորդ տարվա համեմատ։
Մարտի տվյալներով, 1 տոկոսի հասնող գնանկում է գրանցվել։ Անցած տարվա այդ ամսին կենտրոնում 1 քառակուսի մետր բնակարանի միջին գինը եղել էր 902.000 դրամ, այս տարի՝ 893.000 դրամ է։ Նախորդ տարվանից 9000 դրամով ցածր։
Նախորդ տարվա համեմատ գների նվազումն ավելի մեծ է Արաբկիրում։ Պաշտոնական տվյալներով, այստեղ արդեն գնանկումը հասել է 2.4 տոկոսի։
Անցած տարվա մարտին Արաբկիրում բնակարանների միջին գինը 637.500ր դրամ էր՝ յուրաքանչյուր քառակուսու համար։ Այս տարվա մարտին միջին գինը դարձել է 622.000 դրամ՝ նվազել է 15.500 դրամով։
Տարեսկզբի բոլոր 3 ամիսներին Արաբկիրի բնակարանային շուկայում գնանկում է արձանագրվել։ Ընդ որում՝ ավելի ակտիվ, քան կենտրոնում կամ Երևանի մեկ այլ վարչական շրջանում։
Եթե մինչև վերջերս Երևանի գերազանցապես թանկ բնակարանային շուկայում էր նկատվում գների անկում՝ նախորդ տարվա համեմատ, աստիճանաբար դրան նաև այլ հատվածներ են սկսել միանալ։
Այդպիսի հատվածներից են Շենգավիթն ու Ավանը։ Երևանի այս 2 վարչական շրջաններում էլ նախորդ տարվա համեմատ բնակարանների գների նվազում է գրանցվել։ Թեև տարբերությունը դեռ շատ մեծ չէ, բայց նվազում կա։ Շենգավիթում գնանկումը 2024թ. նկատմամբ կազմել է 0.6 տոկոս, Ավանում՝ 0.1 տոկոս։
Երևանի մյուս վարչական շրջաններում դեռևս գները որոշ չափով բարձր են նախորդ տարվանից, բայց այդ տարբերությունը գնալով փոքրանում է, որոշ դեպքում գները գրեթե հավասարվել են։
Այդպես է նաև մայրաքաղաքի ամբողջ բնակարանային շուկայի կտրվածքով։ Վերջին 3 ամիսների միտումներից հետո, բնակարանների միջին գները Երևանում ընդհուպ մոտեցել են նախորդ տարվա մակարդակին։ Մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, տարբերությունը կազմել է ընդամենը 0.8 տոկոս։ Այն դեպքում, երբ անցած տարվա դեկտեմբերին 4 տոկոս էր։
Երեք ամսում տարբերությունը 3.2 տոկոսային կետով կրճատվել է ու ամսեամիս շարունակում է կրճատվել։
Պահանջարկի նվազումը, որը տեղի է ունենում եկամտային հարկի վերադարձի օրենքը մայրաքաղաքում չեղարկելուց հետո, իր ուղղակի ազդեցությունն է թողնում անշարժ գույքի շուկայի ու բնակարանների գների վրա։ Դրան նպաստում են նաև շուկայում ի հայտ եկած գնանկումային սպասումները, երկրի տնտեսական իրավիճակից ու քաղաքացիների սոցիալական վիճակից թելադրված բացասական գործոնները։
Այս պայմաններում Երևանում բնակարանների գների նվազումից անհնարին է խուսափել։ Այլ բան, թե դրանք մինչև ո՞ւր կարող են հասնել։ Կան որոշ գործոններ, որոնք զսպում են գների չափից շատ անկումը։ Դրանք կապված են, մասնավորապես, կառուցապատման թանկացման հետ։
Վերջին 2-3 տարիներին, մի կողմից՝ շինանյութերի գների բարձրացման, մյուս կողմից՝ հարակից այլ ծախսերի, այդ թվում՝ հարկերի ու տուրքերի ավելացման հետևանքով աճել է կառուցապատման ինքնարժեքը։ Ու եթե այնպես ստացվի, որ գները նվազեն ինքնարժեքից՝ կհայտնվենք համակարգային ճգնաժամի մեջ, ինչի վտանգն օդում կախված է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ