Բանակցային փաստաթղթերի հրապարակումից հետո առավել պարզ դարձավ՝ ինչու Էլմար Մամեդյարովը պաշտոնանկ արվեց 2020 թվականին. Զուլֆուգարովի արձագանքն ու Ալիևի անտեսված հրամանը
Օրերս Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի որոշ փաստաթղթեր: Իհարկե, քաղաքական գործիչներն ու փորձագետներն արդեն հասցրել են ներկայացվածի ընդհանուր բովանդակային գնահատականը տալ՝ նշելով, որ հրապարակված փաստաթղթերի շարքում, օրինակ, բացակայում է Քի Վեսթի փաստաթուղթը, Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019թ. Կարգավորման առաջարկին, որը շատ կարևոր է:
Բնականաբար, Փաշինյանը սրա համար արդեն իսկ գտել է «արդարացում», այն է՝ ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Վեսթի փաթեթ։
Ինչ վերաբերում է 2019 թվականի հունիսի կարգավորման առաջարկին, Փաշինյանն ԱԺ ամբիոնից հերթական անգամ հայտարարել է, թե 2019 թվականի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ:
«Երբ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել, ես խնդիր եմ դրել համանախագահների առաջ, ասել եմ՝ ստեղ լիքը թղթեր կան, ես հիմա չեմ հասկանում՝ էս թղթերից ո՞րն է, ո՞րն է էս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի, նախորդող շրջանի ամփոփումը, սեղմագիրը ո՞րն է նախորդող շրջանի բանակցային գործընթացի։
2019 թվականի հունիսի թուղթը դա է, երբ ես ասել եմ՝ ինձ ասեք՝ ո՞րն է նախորդող շրջանի սեղմագիրը։ Համանախագահները դա տվել են՝ որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ՝ լավ, ես կարդում եմ, հիմա ինձ հետաքրքիր է Ձեր մեկնաբանությունը՝ հիմա էս փաթեթներով Ղարաբաղը կարա՞ չլինի Ադրբեջանի կազմում՝ որևէ էս մեխանիզմով, և հնչել է շատ հստակ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի»,- մեկնաբանել է Փաշինյանը:
Հարկ է նկատել, որ հրապարակված նյութերում բովանդակային առումով կային նաև ծանոթ փաստաթղթեր: Մյուս կողմից, եթե Փաշինյանը կարող է ԵԱՀԿ ՄԽ խմբի լուծարմանը զուգահեռ՝ թեկուզև ոչ ամբողջական փաստաթղթեր հրապարակել, ինչո՞ւ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, օրինակ, դրանք թաքցրել այդ ժամանակվա ռազմական ղեկավարությունից, պաշտպանության նախարարից՝ «զինվորականները պետք է զբաղվեն «իրենց գործով»»: Այս թեմային կանդրադառնանք առաջիկա մեր հրապարակումներում:
Իսկ մինչ այդ նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն արձագանքել է Փաշինյանի հրապարակած բանակցային փաստաթղթերին:
«Հրապարակված փաստաթղթերի մի մասն ինձ ծանոթ են, մի մասը՝ ոչ, չնայած դրանց շուրջ նախկինում այնքան արտահոսքեր են եղել, որ առանձնապես որևէ բացահայտում չկար։ Ընդամենը ևս մեկ անգամ ուշադրություն դարձրեցի նրան, որ և՛ մադրիդյան, և՛ կազանյան փաստաթղթերի որոշակի դրույթների շուրջ, իրապես, համաձայնություն էր ձեռք բերվել, բայց հետո Ադրբեջանը հրաժարվել է դրանցից։ Սա պարզ է դարձնում բանակցություններում Բաքվի դիրքորոշման հետ կապված շատ հարցեր։ Անկեղծ ասած, ինձ համար առավել պարզ դարձավ, թե ինչու Էլմար Մամեդյարովը պաշտոնանկ արվեց 2020 թվականին։
Ըստ երևույթին, փաստաթղթերի ինչ–որ մաս հավանության էր արժանացել նրա կողմից, իսկ ավելի ուշ արդեն նախագահի մակարդակով այն մերժվել է։ Ահա այն, ինչ ինձ համար նորություն էր։
Իսկ եթե խոսենք նրա մասին, թե ինչպես ենք մենք վարել այդ բանակցությունները, ապա հիմնվելով իմ սեփական դիտարկումների և համոզմունքների վրա, կարող եմ ասել՝ մենք դրանք վարել ենք, այդ թվում, որպեսզի պատրաստենք մեր բանակը։ Որովհետև այն ժամանակ մեզ առաջարկվողը նույնիսկ մոտ չէր այն բանին, ինչ ունենք հիմա»,- vesti.az-ի հետ հարցազրույցում ասել է նա՝ հավելելով, որ, իհարկե, Ադրբեջանը ցանկանում էր իր տարածքային ամբողջականությունը վերականգնել բանակցային ճանապարհով և առանց արյունահեղության:
Բայց, ըստ Զուլֆուգարովի, ԵԱՀԿ ՄԽ-ն չէր պատրաստվում ճնշում գործադրել հայկական կողմի վրա, ստացվում էին բանակցություններ՝ բանակցությունների համար, որի ժամանակ, ըստ նրա, անընդհատ տողատակերում հնչում էր՝ «պետք է հաշվի առնել իրողությունները»:
«Իսկ բանակի պատրաստությունը դա պետական քաղաքականություն էր, որը հիմնված էր այն գիտակցության վրա, որ հայկական կողմը դժվար թե գնա միջազգային իրավունքի վրա հիմնված քայլերի»,- շարունակել է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը:
2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությանն անդրադարձել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ հայտնելով, որ ոչ միայն պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտական գործողությունների ընթացքում չի գտել Մամեդյարովին, այլև հայկական կողմի հետ չի վարել «ագրեսիվ» բանակցություններ:
Այսինքն, ըստ Ալիևի, չի կարող լինել դիվանագիտությունն այնպիսին, երբ փորձում ես ինչ-որ մեկին դուր գալ:
«Ես բազմիցս ասել եմ, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված, ինչպես պետք է աշխատել արտասահմանյան մամուլի հետ, ինչպես պետք է պատասխանել Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներին, որոնք հնչում են միջազգային կազմակերպություններում: Կամ՝ ինչպես պետք է լռեցնել թշնամուն: Ես խոսել եմ այս մասին, յուրաքանչյուր հարցի հետ կապված ցույց տվել ճանապարհը: Բայց արդյո՞ք այդ հանձնարարականների իրագործումը տեսնում ենք, մեծամասամբ՝ ոչ:
Ցավոք սրտի, վերջին ժամանակներում մեր դիվանագիտությունը համահունչ չէ մեր երկրի հաջող զարգացմանը, որոշ դեպքերում այն զբաղված է անիմաստ գործերով և զրույցներով: Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանի հետ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համագործակցության մասին հարցեր: Այդ երբվանի՞ց ենք մենք սկսել համագործակցել հայերի հետ: Պետք էր քննարկել Ղարաբաղյան հակամարտության հարցը, ոչ թե կորոնավիրուսը:
Հայաստանի վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», արտաքին գործերի նախարարությունը բացարձակ չի արձագանքում այս հայտարարությանը, ես արձագանք չեմ լսել, Ադրբեջանի ժողովուրդը՝ նույնպես, միայն ես եմ խոսում, այնինչ դա ԱԳՆ-ի գործն էր, ո՞ւր էր ԱԳՆ-ն»,- 2020 թվականի հուլիսին նախարարական կաբինետի հետ հանդիպմանն ասել էր Ալիևը, ով, ինչպես վերևում հիշատակված հարցազրույցում նշել է Զուլֆուգարովը, չեղարկել է ինչ-ինչ հարցերի շուրջ Մամեդյարովի տված համաձայնությունները:
Կարո՞ղ ենք ասել, որ Ալիևը հասկացել է, որ 2020 թվականի սեպտեմբերին ունի այնպիսի բանակ, որն իրեն թույլ է տալիս ուժով ստանալ ուզածը, ինչին չի հաջողվել ստանալ մոտ 30 տարի տևած բանակցային գործընթացո՞ւմ, և պահը չպետք է բաց թողնել: Միաժամանակ, սակայն, չպետք է մոռանալ Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի աջակցությունը, և դրան զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունների, մեղմ ասած՝ թույլ դիվանագիտության շնորհիվ բավարար աջակցություն չունենալու փաստը, ինչպես մի առիթով որակել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
