ԳՈՐԲԱՉՈՎԸ ՉՏՎԵՑ ՂԱՐԱԲԱՂԸ, ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՎԵՐՑՆԵԼ. ՄԻՇՏ ԷԼ ՈՒԺՆ Է ՈՐՈՇԻՉ ԵՂԵԼ. ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Եթե Արցախի հայկական պետությունը վերականգնելու կամ հայերին վերադարձնելու աշխարհաքաղաքական շահ լինի, այդ դեպքում գերտերությունները, իհարկե, կմիջամտեն, քանի որ միշտ էլ աշխարհում ուժը և շահն են որոշիչ եղել։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում նշեց  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող փաստաթղթերի հրապարակման թեմայի շուրջ։

Ալեքսանդր Իսկանդարյանն Արցախի հիմնահարցին՝ Ղարաբաղյան հակամարտության պատմությանը, Արցախի բռնազավթումից հետո ստեղծված իրավիճակին և արցախահայության իրավունքներին և պահանջներին անդրադարձավ ընդհանրապես աշխարհակարգի և միջազգային իրավունքի գործել-չգործելու հարցի համատեքստում՝ ընդգծելով, որ մարդիկ հաճախ շփոթում են միջազգային իրավունքն ու օրենքը ներպետական իրավունքի և օրենքի հետ՝ կարծելով, թե այն կիրառման նույնքան հստակ մեխանիզմներ ունի։

Քաղաքագետի խոսքով՝ միջազգային իրավունքը պետությունների միջև համաձայնության գործառույթն է։

Կարդացեք նաև

«Եթե պետությունները կամ տերությունները ցանկանում են, ապա նրանք իրացնում են, ասենք, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, օրինակ՝ Կոսովոյում, եթե չեն ցանկանում, ապա չեն անում՝ ինչպես տասնյակ այլ կոնֆլիկտների պարագայում։ Եթե Արցախը վերականգնելու քաղաքական շահ լինի, ապա այդ դեպքում, իհարկե, կլինի միջամտություն։

Առայժմ ես որևէ հիմք չեմ տեսնում դրա համար։ Ես հիշում եմ, թե հակամարտության ամենասկզբում՝ 1988 թվականին, մոտավորապես նույն գաղափարներն էին, որ եթե ճիշտ նամակ գրենք, այն ժամանակ միջազգային հանրության փոխարեն՝ Մոսկվան էր՝ Կենտկոմը, ամեն ինչ ճիշտ շարադրենք, Գորբաչովը կհասկանա, որ արդարությունը մեր կողմից է, և կվերադարձնի մեզ Ղարաբաղը, քանի որ դա արդար է։

Չտվե՛ց։ Ստիպված եղանք ինքներս վերցնել, և եղավ 1991-94 թթ. պատերազմը։ Այս իմաստով աշխարհում ոչինչ չի փոխվել»,- մեկնաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի հրապարակման մասին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ հրապարակված ֆայլերից շատերի պարագայում «փաստաթուղթ» բառը պետք է կիրառել խիստ վերապահումով, իսկ այն ամենում, որոնք կարելի է «փաստաթուղթ» անվանել, ինքը նոր բան չի տեսել, և այն ժամանակ էլ այդ ամենը հայտնի է եղել։ Իսկանդարյանի խոսքով՝ իշխանություններն այս քայլին գնացել են ընտրություններին ընդառաջ բանավեճ հրահրելը կամ ներքաղաքական ինչ-որ խնդիրներ լուծելը։

Կովկասի ինստիտուտի տնօրենը մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 120 հազար հայության՝ Արցախ վերադառնալու հնարավորություն չի տեսնում, նաև չի ցանկանում հեռուն գնացող կանխատեսումներ անել՝ ինչ կլինի 50 կամ 100 տարի հետո, բայց ընդգծում է՝ պետք է ստիպել Ադրբեջանին հեռանա՛լ Արցախի տարածքից, որպեսզի Արցախի բնիկ ժողովուրդը վերադառնա իր հայրենիք։ Արցախահայության վերադարձի համար պետք է դո՛ւրս մղել Ադրբեջանին Արցախից։

«Ադրբեջանը դրա համար չէ տեղահանել հայերին, այն էլ՝ այդքան դաժան ու բռնի միջոցներով, այն էլ՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ, սպանելով այդ խաղաղապահներին, մարդկանց գերի վերցնելով, դրա համար չէ այդ ամենն արել, որ այժմ հայերին հետ թողնի։

Նրանց ինչի՞ն են պետք հայերը, նրանք պայքարել են հենց դրա համար, որ այնտեղ հայեր չլինեն։ Ադրբեջանը ռազմական հաղթանակ է տարել, և պատկերացնել ինչ-որ որոշում տեսանելի հեռանկարում՝ Ադրբեջանին պետք է ստիպել դա անել։ Եկեք իրերը կոչենք իրենց անուններով. Ադրբեջանին պետք է հեռանա այնտեղից, որպեսզի հայերը վերադառնան, որովհետև պատկերացնել, որ հայերն ապրում են այնպիսի պետության մեջ, ինչպիսին Ադրբեջանն է՝ իր ներկայիս խոսույթով, օրենքներով, էթնիկ հայերի նկատմամբ համապատասխան վերաբերմունքով, նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատ դժվար է։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում։ Համենայն դեպս, ինձ համար շատ դժվար է դա պատկերացնել»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Այս համատեքստում քաղաքագետը շեշտեց՝ միշտ էլ ուժն է որոշիչ եղել միջազգային հարաբերություններում, դա միայն ներկա ժամանակներին կամ Ալիևի քաղաքականությանն ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային բնորոշ երևույթ չէ։ Այլ հարց է, որ, ասենք, Սառը պատերազմի ժամանակաշրջանում, երբ աշխարհում երկբևեռ համակարգ էր՝ մի կողմից՝ Խորհրդային Միությունը և Վարշավայի պայմանագրի մասնակիցները, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն, կային որոշակի կանոններ, որոնց հետևում էին, քանի որ դրանք երկու միջուկային գերհզոր տերությունների միջև հաստատված կանոններ էին։

Խոսելով ուկրաինական հակամարտության մասին՝ քաղաքագետը նշեց, թե չի կարծում, որ Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի առաջարկները կդառնան հիմք Ուկրաինայում պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման համար, քանի որ իր համոզմամբ՝ ո՛չ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, ո՛չ Ռուսաստանի նախագահ Պուտինին ներկա պահին ձեռնտու չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 28 կետանոց խաղաղության ծրագրին համաձայնելը։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին ծավալուն հարցազրույց տվեց «Իմնեմնիմի» փոդքասթին՝ հայտարարելով, որ 2020 թվականի պատերազմի հիմնական պատճառներից մեկը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից բանակցային գործընթացից խուսափելը և մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019 թվականի առաջարկը մերժելը, հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «բանակցային պատմության առանցքային թղթերը սքանավորվում են և շուտով հրապարակվելու են»։ Դեկտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը համապատասխան, ՀՀ կառավարության պաշտոնական կայքում՝ gov.am-ում հրապարակվեցին «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը»՝ ուղեկցվող ակնհայտ թերթային հոդվածի ժանր հիշեցնող և պետական մարմնին ոչ հարիր՝ «Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը» վերտառությամբ հրապարակումով, որում անհայտ հեղինակը դեղին մամուլի խմբագրի ոճով սուբյեկտիվ դատողություններ է անում «Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող միֆերի», «տաբուների» և  «դավաճանության» մասին՝ փորձելով նախապես ուղղորդել ընթերցողին, թե «որն է հետևությունը հրապարակված փաթեթից» և ինչ են իրականում դրանք նշանակում։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս