ՀԷՑ արբիտրաժի հարցով արդեն ուրիշ ընկերությո՞ւն է զբաղվելու․ ԳԾՉ ընթացակարգով 419 միլիոն 267,187.50 դրամ է հատկացվել մեկ այլ միջազգային ընկերության
Փաշինյանի աշխատակազմը գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով հերթական գնումն է կատարել Foley Hoag LLP-ից:
419 միլիոն 267,187.50 դրամով՝ 1.093.750 դոլարով աշխատակազմն այս ընկերությանը պատվիրակել է իրավական խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ։
Էլեկտրոնային գնումների համակարգում օրերս հանրայնացված պայմանագրից տեղեկանում ենք, որ այս գումարով ընկերությունը ներկայացնելու է ՀՀ շահերը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային գործով:
Գումարը հաշվարկված է, պայմանական ասված՝ առաջին ռաունդի համար, քանի որ ամբողջական գումարը, որը նշվում է պայմանագրում, 3 միլիոն 250 հազար դոլար է։
Սակայն այստեղ կա անհասկանալի մի դրվագ․ մենք հիշում ենք, որ ոչ վաղ անցյալում՝ օգոստոսին, Հայաստանի կառավարությունը որոշել էր 3 մլն 250 հազար դոլար հատկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Arnold & Porter ընկերությանը՝ ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովման նպատակով: Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում:
Հասկանալի չէ՝ կառավարությունն այս գործի շրջանակում նոր գործընկե՞ր է վերցրել, թե՞ գուցե արբիտրաժում ՀԷՑ սեփականատերերի հաղթանակն է գործընկեր փոխելու որոշման պատճառ դարձել, ու եթե նախկին գործընկերն այլևս չի զբաղվում այս հարցով, արդյո՞ք գործի համար ստացած գումարները վերադարձրել է, թե՞ ոչ․ այս և այլ հարցեր 168.am-ը վաղը կուղղի Կառավարությանը։
Պատասխանները ստանալուն պես՝ կհրապարակենք։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանն ընդունել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացմանը միտված նախագիծ։ Մինչ այդ ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2025 թվականի հուլիսի 18-ին, հիմնվելով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի վրա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ էր նշանակել Ռոմանոս Պետրոսյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։
ՀԷՑ-ի սեփանակատերերը դիմել էին Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ վիճարկելով ՀՀ իշխանությունների՝ վերը նշված որոշումները։
