Փաշինյանի մոտ գարնանային սրացումներ են. Էրդողանն ու Ալիևը ցնծության մեջ են. Գագիկ Համբարյան

«Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպման տարածված կադրերից երևում էր, որ Էրդողանն ու Ալիևն ուղղակի ցնծության մեջ էին: Եկեք համեմատենք Հայաստանի նախկին ղեկավարների օրոք Ալիևի դեմքը, թե ինչպես էր նա կողքից, որ իրեն չտեսնեն, վրեժխնդիր հայացքով նայում մեր ղեկավարներին, ու հիմա նայեք: Դուք երբևէ Ալիևին այսքան ուրախ-զվարթ տեսե՞լ էիք: Էրդողանի բութ մատի վեր հանելը ցույց էր տալիս, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ամբողջովին գոհ է Նիկոլից՝ իրենց դրածոյից Հայաստանում: Մակրոնի անձրևանոցն էր բռնում, վազում՝ Ալիևին հրավիրում էր սուրճ խմելու, այն էլ տեսաք՝ դիվանագիտական էթիկետին համապատասխան ասաց՝ մի երկու հոգու հետ խոսեմ, նոր գամ, բայց չէր էլ գնալու. կենցաղային մակարդակով ասած՝ ցրեց, որպես ի՞նչ պետք է կապիտուլյանտ ոչնչության հետ գնար սուրճ խմելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա պատահական չի համարում Փաշինյանի այն հայտարարությունները, թե՝ գյուղից գյուղ է գնում, մանկապարտեզներ է բացում, ասֆալտ է փռում և այլն, բայց մարդիկ, միևնույն է՝ իրենից պահանջում են, որ բանտ նստեցնի Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին. «Փաշինյանն Ալիևի հերթական պահանջն է կատարում: 5 նոր պահանջներից մեկն արցախյան առաջին պատերազմի մեղավորներին ձերբակալելը և պատժելն է, իսկ ո՞վ են նրանք: Դե, գեներալ Մանվելին՝ տուշոնկա շոուով, մի քանի այլասերվածների կազմակերպած խուլիգանության արդյունքում սպանեցին, Սեյրան Սարոյանը հիվանդ էր, մահացավ, Սեյրան Օհանյանին առավոտից երեկո ստորացնում են ԱԺ-ում, նա էլ ձայն չի հանում, մնում են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Ես Նիկոլից սպասում էի, որ ինչ-որ ձևաչափով պետք է տեսնի՝ հասարակության արձագանքն ինչպիսին է, և ասում է՝ գյուղացիները պահանջում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձերբակալությունը: Այդ տգետ մասսան ո՞վ է, որ պահանջի: Նիկոլն Ալիևի պահանջն է կատարում, և դրա նախապատրաստական աշխատանքներ են տարվում»:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքը և ՔՊ-ականների հաթաթաներ տալն ու քաղաքական վենդետա խոստանալը նախ՝ կարևոր հարցերից շեղելու նպատակ ունեն, Ալիևի պահանջի կատարումն են, բացի այդ՝ հաց և տեսարաններ տիրույթում են. «Հացը չկա, անորակ ասֆալտ կա, դե, տեսարաններն էլ իրենք ապահովում են: Բացի դրանից, մի մոռացեք՝ գարուն է, Նիկոլի մոտ սրացումներ են, և այդ սրացման ժամանակ ես տեսա, որ ինչ-որ բան գցեց բերանը և կուլ տվեց, երևի դեղահաբ էր: Ընդդիմադիր պատգամավորուհու հարցը՝ կապված կոռուպցիայի հետ, բացարձակ չէր նախանշում, որ Փաշինյանը պետք է այդպես անմեղսունակ վարքագիծ դրսևորեր: Մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, որ բլոգեր Չախոյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը մեծ աշխատանք են տանում քայլիստների և նրանց շրջապատի խայտառակ կոռուպցիան բացահայտելու համար: Ու ասում են՝ կոռուպցիա չկա, բա էլ ո՞րն է համակարգային կոռուպցիան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս