
Ձեր բարոյական դասերը ձե՛զ պահեք, դուք հայոց պատմության մեջ մնալու եք՝ որպես մի իշխանություն, որը կործանման եզրին է հասցրել Հայաստանը. Նարեկ Գալստյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Գալստյանն է։
- Ինձ ճանաչող բոլորը գիտեն՝ հանրային խոսքում ես աշխատում եմ լինել մաքսիմալ կոռեկտ։ Տեսնելով այն պահվածքը, որ այսօր ցուցաբերում են ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ընդամենն ակնարկել եմ, որ նույն պահվածքն իրենք չեն դրսևորի, եթե չունենան իշխանություն։ Անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչու սա որպես սպառնալիք ընկալվեց։ Տա Աստված, կապրենք, կտեսնենք՝ ինչ տեղի կունենա։
Հիշեցնենք, Նարեկ Գալստյանը Ֆեյսբուքում գրել էր. «Ես կրկին անկեղծորեն ցանկանում եմ, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո ՔՊ-ական մի քանի պատգամավորներ՝ չունենալով ԱԱԾ, ՊՊԾ ու ոստիկանության մշտական պաշտպանությունը, շարունակեին մնալ նույնքան համարձակ ու խիզախ։ Ավելին, վստահ եմ, որ այդպես էլ մնալու են ու շարունակելու են իրենց պահել նույն ձևով»։
- Ես այդ տղային (ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին,- խմբ․) չեմ հիշում, նրա մասին լսել եմ 2018թ․ քաղաքական փոփոխություններից հետո։ Շատ լավ հիշում եմ իր ղեկավարին։ 2007թ. լինելով 20 տարեկան երիտասարդ՝ պայքարում էի ավելի լավ երկիր ունենալու համար։ Մենք չէինք պայքարում, որ այդ միջավայրից որոշ մարդիկ գան իշխանության ու Արցախը հանձնեն… Երբ մենք պայքարում էինք, այդ պայքարի առանցքը 1988թ․ Ղարաբաղյան շարժումն էր։ Եվ նորմալ է, որ 20 տարեկան երիտասարդը պայքարում էր, աննորմալ է կոնֆորմիստ լինելը…
- Այն, ինչ տեղի է ունեցել 2007թ․, ոչ մոռացել եմ, ոչ էլ կարող եմ մոռանալ։ Բայց մարդն ունի պրիորիտետներ։ Երբ դու 2025թ․ տեսնում ես, որ ոտնահարվել են այն բոլոր արժեքները, որի համար դու պայքարում էիր, քո անձնական թեմաները մղվում են 2-րդ պլան։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել 2007թ., որ տեղի չի ունենում հիմա։
- Ես չեմ ասում՝ 2007թ․ ամեն ինչ ճիշտ էր, արատավոր երևույթներ կային, իհարկե կային, բայց դրանք համադրել 2018–2025թթ․ տեղի ունեցածի հետ, բարոյական չէ՛։ Հայաստանում այն ժամանակ մենք ամեն օր էքզիստենցիալ վախի զգացումով չէինք արթնանում, տելեգրամ ալիքները ստուգում, որ տեսնենք՝ հիմա ինչ է տեղի ունենալու մեր երկրում…
- Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը՝ 2007թ․ ինձ ոստիկանության բաժին տանելու ու խոշտանգելու թիվ մեկ դերակատարը, այսօր էլ ապրում է Երևանում և որևէ քրեական գործով կարծես թե չի անցնում։ Ես չեմ ասում՝ գնացեք Հոկտեմբերի 27 բացահայտեք, բա գնացե՛ք ամենասովորական դեպքերը գոնե բացահայտեք, օրինակ՝ ինձ հետ կապված դեպքը, մյուս դեպքերը… Ավելին, ձեր օրոք տեղի են ունեցել ավելի քստմնելի հանցագործություններ, քան այն ժամանակ։ Տարբերությունն այն է, որ դուք դա անում եք ժողովրդի անունից։ Ձեր բարոյական դասերը ձեղ պահեք։ Դուք հայոց պատմության մեջ մնալու եք՝ որպես մի իշխանություն, որը կործանման եզրին է հասցրել Հայաստանը։
- Երբ 2007թ. ինձ վրա տեղի ունեցավ հարձակում, առաջին մարդը, ում ես զանգել ու ասել եմ, որ գա, Նիկոլ Փաշինյանն էր, ով եկավ երջանկահիշատակ Դավիթ Մաթևոսյանի հետ ու ինձ հասցրեցին հիվանդանոց։ Եթե 2007թ. ամեն ինչ լավ էր, ինչի՞ էինք դուրս եկել պայքարի։ Հո մազոխի՞ստ չէինք, որ գնայինք ոստիկանություն՝ ծեծվելու…
- Երբ մի կողմից հաթաթա ես տալիս մեր ժողովրդին՝ ասելով, թե կրթված չեք, որ տղա երեխային հայհոյանք սովորեցնել չի կարելի… և այլն, և այլն, ճիշտ է ասվում… Ես դրա տակ ստորագրում եմ, եթե կադրը չեմ բացում ու չեմ տեսնում՝ ասողն ով է։ Բայց երբ մարդիկ տեսնում են՝ ինչպես է խոսում պետության ղեկավարը, այդ մարդն իրավունք չունի խրատներ տալ։ Նախկինում, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց «կլիզմա, մոսկա» արտահայտությունները, անասելի աղմուկ բարձրացավ, ու այդ արձագանքը նորմալ էր, որովհետև երկրի ղեկավարն իրեն նման արտահայտություններ, բառապաշար չպետք է թույլ տա: Այսօրվա իրականության մեջ մեզ կրթվելու դասեր տվող մարդը՝ երկրի ղեկավարը, Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներին ասում է ՝ համբալ, քարոզարշավի ժամանակ՝ «բռնելու եմ, շինեմ»… Փորձել կրթել մի հասարակության՝ չունենալով դրա բարոյական իրավունքը, ինձ համար տոտալ անհասկանալի է։
- Փոքր տղա էի, մեր տունը Եռաբլուրի դիմաց էր, ես տեսել եմ՝ ինչպես են գալիս, օդ կրակում, տղաների մարմինները հողին հանձնում։ Ես դրանով եմ մեծացել։
- Ակնհայտ է, որ այս լեքսիկոնը և այս սրացումները ՔՊ-ի կողմից ամեն օր դոզայավորված աճելու են։ ՔՊ-ականները «Քոչարյանի միլիարդների, թալանի, անտիգուբերնիայի, հակառուսականության» թեզերով կգնան ընտրության, որովհետև առաջարկելու այլ բան չունեն։
- Նիկոլ Փաշինյանն արդեն ավելի երկար է կառավարում, քան կառավարել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
- Սրանք քանդել են պետությունը, նորը չեն ստեղծել, ու ես սարսափում եմ այն նորից, որը հնարավոր է՝ գա։ Որովհետև իրենց առաջարկած այդ նորը ես պատկերացնում եմ Հանրապետության հրապարակի գլխին կարմիր կիսալուսնի նշանով։
- Օրվա իշխանություններին որոշակիորեն անհանգստացրել է այն հանգամանքը, որ եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեն, իրենք չեն կարողանալու կառավարություն կազմել, ուստի իրենք «հաց և տեսարան» տրամաբանության մեջ պետք է փորձեն գտնել նոր թիրախներ։ Մարդկանց սկսում են դեմոնիզացնել։ Քանի կար՝ Հրայր Թովմասյանի գրիչն էր մեղավոր ամեն ինչի համար, հետո՝ գեներալները, բանակը, սպաները, ժողովուրդը, Ռուսաստանը, հիմա, ենթադրում եմ, լրագրողներն են թիրախում։
- Դանիել Իոաննիսյանն ու նրա նմանները միլիոնավոր դոլարներ են ստացել իբր Հայաստանում իրավապաշտպան գործունեություն իրականացնելու համար, բայց 2018թ.-ից հետո Հայաստանում առկա քաղաքական իշխանության անբաժան հատվածն են դարձել, որն արդարացնում է Հայաստանում տեղի ունեցող ցանկացած այլանդակ միջադեպ։ Ու սա այն դեպքում, երբ 2018թ.-ից առաջ մեկի մատը փուշ էր մտնում, անասելի աղմուկ էին բարձրացնում… Նորքի թաղապետն ուղիղ եթերում մարդ ծեծեց, ու միացավ քարոզչությունը՝ մեղավոր են Պուտինը, Բուչան, Ստալինը, НКВД-ն, նախկինները․ Լիխտենշտեյնից փողերը Դանիել Իոաննիսյանը դրա համար էր ստանում…
- Մինչև 2018թ․ Հայաստանում կային իսկապես դեմոնիզացված անձինք, որոնց մի մասն իրենց վարքով վաստակել էին ազգի նման վերաբերմունքը։ Այդ մարդիկ 2018թ.-ից հետո հանգիստ քայլում են երկրում։
- Տեղի ունեցած ողբերգությունը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու բոլորիս վրա, ու այնքան են ավիրել ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումով բոլոր հարցերը չեն լուծվելու։ Անձնազոհ կառավարություն է պետք լինելու, որը հետո մատաղ է լինելու ու գնա…
- Ամենասարսափելի բանն այն է, որ մեր երկրում 2018թ.–ից հետո սկսվեց անարյուն քաղաքացիական պատերազմ։ Կարողացան մտնել ընտանիքներ, հորը՝ որդու, եղբորը եղբոր դեմ հանել, ընտանիքներ, մարդկային հարաբերություններ քանդվեցին… Տասնամյակների ընկերություններ են քանդվել։ Հանրային այս մթնոլորտն ինքն իրենով նոր կորուստների է տրամադրում։ Առաջին խնդիրը երկրում իրական հաշտեցման հասնելն է։ Հայի ինքնության դեմ քարոզչական պատերազմ է տարվում։ Բայց ինչ էլ անեն, միևնույն է, հայ մարդն ամեն օր արթնանում ու Արարատն է տեսնում։ Հո չի՞ մտածում՝ գնա ու գրավի։ Եվ սա հնարավոր չէ փոխել, հազար տարի էլ անցնի, Արարատը սիմվոլ է լինելու։ Ժամանակի փոշին շատ արագ կմաքրի կեղծ համակարգերը։ Փաշինյանը Հայաստանում դենացիոնալիզացիա է անում, որ մեր բոլոր ազգային արժեքները, ինքնությունը զրոյի հավասարեցնի։ Դենացիոնալիզացիան այս իշխանության կենսական աղբյուրն է։ Այս իշխանությունների կողմից խրախուսվող տեսակը պատմություն չունեցող, հիշողություն ու անցյալ չունեցող կենսատարածքն է, որի վրա պետության ամբիցիան իր քաղաքացիներին մի փոր հաց տալն է։
Մանրամասները՝ տեսանյութում։