Ինչո՞ւ Փաշինյանը փոխեց որոշումները Ռուսաստանի ուղղությամբ

Նիկոլ Փաշինյանը նախօրեին հաստատեց՝ մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, որոնք մեկնարկելու են զորահանդեսով Կարմիր հրապարակից։

Մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների մի շարք ղեկավարներ Մոսկվայում կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Արդեն Մոսկվայում է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Ռուսաստանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության պատասխանատու Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ 29 պետությունների ղեկավարներ կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, բարձրաստիճան հյուրերի թվի առումով այս տարի անցկացվող միջոցառումներն ավելի ներկայացուցչական կլինեն, քան 2005 թվականի Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունը, երբ Ռուսաստանի մայրաքաղաք էին ժամանել 26 օտարերկրյա առաջնորդներ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Ռուսական կողմի տվյալներով, 2025 թվականին Կարմիր հրապարակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ներկա կլինեն ԱՊՀ ութ երկրների, ինչպես նաև միջազգային հանրության կողմից մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարները։

Ասվում է նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Պուտինի հրավերը Հաղթանակի շքերթին մասնակցելու ապրիլի 29-ին Վոլգոգրադում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն, ըստ ռուսական ԶԼՄ-ների, դեռևս մարտին հաստատել էր Հաղթանակի շքերթին իր մասնակցությունը։ Կա տեղեկություն այն մասին, որ  մայիսի սկզբին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը անձամբ հրավեր էր փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Եվ եթե Ալիևն ընդուներ հրավերը, ապա Ալիևի և Պուտինի հանդիպումը կլիներ առաջինը 2024 թվականի դեկտեմբերին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով առաջացած լարվածությունից հետո։ Անցյալ տարի ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Ալիևը Կարմիր հրապարակում շքերթին ներկա չէին։ Այս տարի Ալիևը կրկին չի մեկնի Մոսկվա։ «Ցավոք, Ալիևը չի ժամանի։ Նրանք դա բացատրեցին նրանով, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին»,- ասել է նախօրեին Ուշակովը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, սակայն, Ալիևի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը բացատրում են ինքնաթիռի կործանման շուրջ ստեղծված իրավիճակով և Բաքվի դժգոհություններով։

Կարդացեք նաև

Նախօրեին ԱԺ-ում Փաշինյանը հաստատեց, որ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին, և կրկնեց թեզը, որ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն են որդեգրել։

«Այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու և ՌԴ հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու: Ինձ համար այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները: Իհարկե, միջոցառումը շատ կարևոր է, նաև Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաև այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում՝ երկկողմ օրակարգի, և նման առիթները բաց թողնելն այդքան էլ ճիշտ չի լինի»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ շփումներ կլինեն, բայց թե որքանով այդ շփումները կֆորմալացվեն, վստահ չէ, քանի որ, ըստ նրա՝ շատ խիտ գրաֆիկի պայմաններում են աշխատելու:

Դեռևս ապրիլ ամսին, խոսելով Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու ծրագրերի մասին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ հարցում բազմապլան որոշակիություն կա։ Նա նշել էր, որ ակնկալում են մայիսին պայմանավորվել ժամկետի շուրջ։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակը ձեռնտու է թե Հայաստանին, թե Ռուսաստանին։

 

Ըստ նրա, նախկին աղմկահարույց, ճգնաժամային իրավիճակը հայկական կողմը փորձ արեց մի փոքր հարթել, պայմանավորված մի շարք եզրահանգումներով, որ դա որևէ դրական հանգրվանի չի տանելու, և առանց Ռուսաստանի՝ Հայաստանի համար բարդ է լինելու։

Նրա խոսքով, Ռուսաստանին ևս հարկավոր չէ բաց կոնֆլիկտ, դա Ռուսաստանին ևս որևէ լավ տեղ չի տանում, հատկապես, երբ Ռուսաստանը ներկայումս զբաղված է այլ հարցերով, որոնց կարգավորումից հետո չի բացառվում, որ իրավիճակներ փոխվեն այլ ռեգիոններում ևս։

«Ամենայն հավանականությամբ, հասկացան, որ Ռուսաստանի հետ խզումը կարող է ունենալ հետևանքներ, սակայն չկա նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ցանկություն, կա ձգտում պահպանել այն, ինչ ներկայումս կա, քանի որ հայկական կողմը հույս ունի այլ դաշնակիցներ ձեռք բերել։

Այլ հարց է, թե որքանով է իրատեսական կարծել, որ Հայաստանը կարող է ունենալ հուսալի այլ դաշնակիցներ, սակայն իրավիճակն այսպիսին է։ ՀՀ-ն չի վստահում ՌԴ անվտանգային երաշխիքներին, փորձում է փնտրել այլ երաշխիքներ կամ ստանձնել ՀՀ անվտանգությունն ամբողջությամբ, ինչը հայկական կողմի իրավունքն է։ Սակայն այս փոփոխությունը ևս պայմանավորված է այն հանգամանքով, որ կային այլ ուժերից ակնկալիքներ, և որոշ զարգացումներ չընթացան այնպես, ինչպես երևի թե ակնկալում էր հայկական կողմը։ Հենց դա էլ ցույյց տվեց, որ առանց Ռուսաստանի այս ռեգիոնում բարդ է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Լուկիանովի կարծիքով, Ռուսաստանին նախկինի նման ձեռնտու է Հարավային Կովկասում հավասարակշռությունը, սակայն, թե ինչ-որ փուլում ինչպիսի քաղաքականություն կկարողանա վարել Ռուսաստանն այդտեղ՝ բարդ է ասել, քանի որ փոխվում են՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի ու Վրաստանի արտաքին քաղաքական որոշումները կախված են աշխարհաքաղաքական իրավիճակից։

«Սակայն այս պահին պետք է ֆիքսել, որ կողմերը փորձ արեցին խուսափել ուղիղ առճակատումից և ճգնաժամի էլ ավելի խորացումից»,- նկատեց Լուկիանովը։

Ինչ վերաբերում է վաղը Մոսկվայում կայանալիք շփումներին, վերլուծաբանն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, դրանք լինելու են կարճ շփումներ։

«Կարծում եմ՝ որոշ հարցեր, իհարկե, կքննարկվեն, քանի որ ղեկավարների մակարդակով հանդիպումներն այդքան էլ հաճախ չեն, ուստի ըստ նախապես հաստատված օրակարգի՝ որոշ հարցեր կքննարկվեն, գուցեև հյուպատոսարանի հարցը»,- նշեց Լուկիանովը։

Նա նշեց, որ այս տարի հաղթանակի միջոցառումներն այլ նշանակություն ունեն Ռուսաստանի ու աշխարհի համար։

Նրա դիտարկմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմը ստեղծեց քաղաքական մի աշխարհ, որին մենք սովոր ենք, որը համարում էինք անփոփոխ։ Սակայն, Լուկիանովի խոսքով, ներկայումս այն արագ և անդառնալիորեն փոխվում է։

«Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը նաև մնում է առանցքային իրադարձություն այսօրվա բոլոր միջազգային զարգացումների տեսանկյունից։ Զսպման մեխանիզմները քայքայվել են, սակայն պետք է հուսալ, որ էլ ավելի հզոր քայքայում տեղի չի ունենա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս