Նոր Նորքի թաղապետի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել

Քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Ավելի վաղ ակտիվիստ, երեկ Նոր նորքի վարչական շենքում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի ու նրա ենթակաների կողմից դաժան ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի պաշտպան Վահե Եփրիկյանը գրել էր, որ Չախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 -ին և 3 -րդ կետերով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

168.am-ի տեղեկություններով՝ ՔԿ-ի մատնանշած 4 անձանցից մեկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է, մյուս երեքը՝ վարչական շրջանի աշխատակազմի ծառայողներ։

Խափանման միջոց որևէ անձի նկատմամբ ընտրված չէ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս