Սերժ Սարգսյանն այսուհետ դատական նիստերին չի մասնակցի. Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» և «Սիլվայի» միացված գործերով դատաքննությունը:
Այսօր, ինչպես և նախորդ դատական նիստում, շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը, որի ավարտից հետո կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումը:
Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը նկատեց՝ չկան ու չեն կարող լինել ապացույցներ, որոնք կապացուցեն նախագահ Սարգսյանի մեղավորությունը:
Այնուհետ Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց, որը պայմանավորված էր Քրդատ օրենսգրքի կարգավորումներով: Պաշտպանը միջնորդեց, որ դատական նիստերը հետայսու անցկացվեն առանց Սերժ Սարգսյանի մասնակցության, ինչին վերջինս չի առարկում: Միևնույն ժամանակ, եթե դատարանը անհրաժեշտ գտնի, Սերժ Սարգսյանը որևէ առանձին դատական նիստի կներկայանա, չի խոչընդոտի դատական նիստերի ընթացքին:
Հանրային մեղադրողը չառարկեց, և դատավոր Արամ Գրիգորյանը որոշեց բավարարել պաշտպան Մակինյանի միջնորդությունը. այսուհետ դատական նիստերը կանցկացվեն առանց Սերժ Սարգսյանի մասնակցության:
Մյուս մեղադրյալները նույնպես օգտվեցին իրենց այդ իրավունքից:
Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին:
Հիշեցնենք, որ «Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնել էին ՀՀ դատախազությունից:
Նշենք, որ ամիսներ առաջ, 4 տարվա դատավարությունից հետո, Սերժ Սարգսյանն արդարացվեց մեկ այլ շինծու գործով, որը ստացել էր «Դիզելի գործ» անվանումը:
Մանրամասները՝ տեսանյութում:

