Քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):
Ճիշտ այն նույն րոպեներին, երբ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը երթևեկության օրինակով խոսում էր օրենքի առաջ բոլորի հավասարության մասին ու «կռուտոյ արագության» դրսևորումները պայմանավորում էր «քուչում ապրածով», Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը բառի բուն իմաստով «կռուտոյ արագությամբ» ու քուչայական մեթոդներով իր ենթակաների հետ ծեծի էր ենթարկում ակտիվիստ Արթուր Չախոյանին։
«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին», «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն այցելել է Բուչա»․ ինտերնետային որոնողական համակարգերում ահա այս երկու իրադարձություններով է նույնանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը։