Բաժիններ՝

«էդ «գազելը» գյուղ չի բարձրանալու, հենց գյուղի ներքևում կջարդենք, թույլ չենք տալու. սա օրը ցերեկով գողություն է, մտնում են մեր գրպանը». Քասախի բնակիչ

Ապրիլի 10-ին Քասախ գյուղի բնակիչներն առավոտյան փակել էին Երևան-Աշտարակ միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել որոշումը, ըստ որի՝ Քասախը Երևանին կապող միակ 59 համար ավտոբուսը պետք է հանեն երթուղուց և այն փոխարինեն «գազելով»։

Նրանք գրեթե 2,5 ժամ փակ պահեցին ճանապարհը, պահանջեցին հանդիպում մարզպետի հետ։ Սակայն մարզպետը և այլ պաշտոնյաներ խուսափում էին հանդիպումից՝ ասելով, թե կարող են միայն Եղվարդում կազմակերպել հանդիպումը, բայց քասախցիների կողմից մերժում ստանալուց հետո նրանք, ի վերջո, Քասախում հանդիպեցին բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում որոշել են, որ առաջիկա 1 շաբաթն ավտոբուսը կշարունակի աշխատել, 1 շաբաթ անց կրկին կքննարկեն հարցը։

Քասախի բնակչուհի տիկին Սաթենիկի խոսքով՝ հենց ժողովրդի պահանջով հարցը պետք է լուծեն՝ հօգուտ ժողովրդի, քանի որ այդ մեկ ավտոբուսն է գյուղը կապում Երևանին, ընդ որում՝ գյուղի 90 տոկոսն օգտվում է այդ ավտոբուսից։ Իսկ եթե հարցն այս ձևով չլուծեն, ու «գազել» բերեն, ապա կրկին տեղի են ունենալու բողոքի ակցիաներ, արդեն ավելի երկար ժամանակով փակ կպահեն Երևան-Աշտարակ ճանապարհը։

Կարդացեք նաև

«Մենք մեր պահանջը ներկայացրել ենք, որ ավտոբուսը պետք է մնա ու մինչև գյուղ՝ պոչտայի մոտ բարձրանա։ Եթե այդպես չեղավ, ավելի շատ մարդ է դուրս գալու բողոքելու։ Իսկապես սովորական բնակիչների համար ձեռնտու չէ իրենց առաջարկած փոփոխությունը, հաշմանդամության սայլակին գամված մարդն ինչպե՞ս նստի «գազել» կամ, ասենք, ինչպե՞ս հասնի մինչև գյուղի ներքևի հատված, որ նստի, որովհետև իրենք ասում են՝ տրանսպորտը չպետք է մտնի գյուղ, պետք է գյուղի ներքևի հատվածից չբարձրանա։

Հիմա պաշտոնյաները, ուզեն թե չուզեն, պետք է մեզ հետ հաշվի նստեն, այս գյուղին այդ ավտոբուսը պետք է»,- 168.am հետ զրույցում ասաց թոշակառու կինը։

Ըստ նրա, սա համընդհանուր հարց է, որովհետև Քասախում ընտանիք կա, որ ամեն օր տանից 3 հոգի գնում է աշխատանքի կամ համալսարան, եթե ավտոբուսը հանեն, ստացվում է՝ ամեն մեկին օրը մոտավորապես 1000 դրամ է անհրաժեշտ, քանի որ Քասախից պետք է նստեն «գազել», հասնեն «ֆիզիկայի խաչմերուկ», այնտեղից էլ այլ տրանսպորտ փոխեն՝ հասնեն աշխատավայր կամ համալսարան։

«Այսօր բոլորն են ֆինանսական ճգնաժամի մեջ, կարելի է, չէ՞, մի քիչ այս ժողովրդի դրության մեջ մտնել։ Սա օրը ցերեկով գողություն է, մտնում են մեր գրպանը։ Գիտե՞ք  ինչ, այսօր ոմանք խուսափում են քաղաքականությունից խոսել, ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, վախենում են, որ վերադասն իրենց կարող է ճնշել։ Բայց ինքս որևէ բանից չեմ վախենում, որովհետև իմ պահանջը ճիշտ է, մենք հո չե՞նք ասում՝ աշխատեք, մեզ տվեք, ասում ենք՝ թող գոնե մեր աշխատածով ապրենք։

Իրենց ասած «գազելը» չի գնում մետրոյի կայարանի մոտ, կամ Մալաթիա, այլ հասնում է մինչև «Ֆիզիկայի խաչմերուկ», այնտեղից էլ բնակիչը մնում է օդում, հետո էլ այն աշխատելու է մինչև 19։00-ն, դրանից հետո մարդիկ ո՞նց են գալու տուն։ Հիմա մենք ավտոբուսի համար վճարում ենք 150 դրամ, մինչև 22։30-ն աշխատում է։

Թող մոռանան «գազելի» մասին, էդ «գազելը» գյուղ չի բարձրանալու, հենց գյուղի ներքևի հատվածում այն կջարդենք, թույլ չենք տալու»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև փոխանցեց, որ արդեն պայմանավորվել են՝ բացասական պատասխանի դեպքում քայլերն ինչ հաջորդականությամբ են իրականացնելու։

Տեսանյութեր

Լրահոս