
«Փաշինյանը սարսափում է ոչ միայն Սամվել Կարապետյանից, Վեհափառից, այլև պարզ ժողովրդից». Հարութ Սասունյան
«Ամերիկահայ համայնքը վերջապես արթնանում է, ժամանակն անցել է, Հայաստանի ժողովուրդն էլ պետք է արթնանա, չեք կարող այսպես շարունակել: Եթե այսպես շարունակվի, ամեն ինչ կորցնելու ենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ անդրադառնալում Գլենդելում Հայաստանի հյուպատոսության դիմաց ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի և Վեհափառի երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային:
Նա նշեց, որ հավաքները մեկ անգամով չեն ավարտվում, պետք է դրանք տեղի ունենան Սփյուռքի բոլոր համայնքներում և Հայաստանում:
«2020թ. պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը լրիվ վախկոտ է դարձել, վախենում է ամեն ինչից, վախենում է ոչ միայն Սամվել Կարապետյանից, Վեհափառից, այլև պարզ ժողովրդից: Վախենում է նաև սփյուռքահայերից, և երբ փորձում են Երևան գալ, չեն թողնում օդանավակայանից դուրս գալ: Սամվել Կարապետյանը ոչ մի խախտում չի արել, պարզապես ասել է, որ Վեհափառի կողքին է:
Փաշինյանը սարսափում է, որ ժողովուրդը կարող է ոտքի կանգնել, սա է իր ամենամեծ վախը: Ով իր գրպանում չէ՝ փորձում է լռեցնել, լինի դա պարզ ժողովուրդ, սփյուռքահայեր, եկեղեցի, օպոզիցիա, Վեհափառ, Սամվել Կարապետյան, իր համար տարբերություն չկա: Իր ռեյտինգը, բարեբախտաբար, չափազանց ընկել է, և այդ փոքր թիվ մարդիկ, որ իր շուրջը կան, երկու խմբի են բաժանվում: Մեկը պետական պաշտոնյաներն են, որոնք գիտեն, որ եթե մի բան ասեն՝ կարող են իրենց պաշտոնը կորցնել, և լուռ են մնում: Երկրորդ խումբը, որ պաշտպանում են Փաշինյանին, հազարավոր ոստիկաններն են, որոնք բոնուս են ստանում, որպեսզի իրենց լոյալ լինեն և հնազանդվեն: Մնացած ժողովուրդը կա՛մ անտարբեր է, կա՛մ հակառակ է Փաշինյանին»,- ասաց նա:
Բարերար, գործարար Սամվել Կարապետյանը կալանավայրից քաղաքական թիմ ձևավորելու վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ փորձելու են համախմբել ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ. «Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը»:
Հարութ Սասունյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանը լավ տվյալներ ունի, որ բոլոր կողմերից իր շուրջը հավաքվեն:
Ըստ նրա՝ պետք է ձևավորվի համահայկական մարմին, որտեղ կընդգրկվեն բոլորը, ովքեր համաձայն չեն գործող իշխանության վարած քաղաքականության հետ՝ անկախ գաղափարախոսական տարբերություններից.
«Սամվել Կարապետյանին կալանավորելու անիրավությունը, հուսամ, ժողովրդին կարթնացնի և ոտքի կկանգնեցնի, որովհետև այլևս բոլոր կարմիր գծերը հատել են»:
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի «իրական Հայաստան»-ը մեծ հարված է ամբողջ հայությանը. «Փաշինյանը ոչ միայն մեր սահմանները փոքրացնում է, այլև եղած հողերն էլ տալիս է Ադրբեջանին. ադրբեջանցիներն արդեն նստած են մեր սահմանից ներս, և երբ Փաշինյանին հարցնում ես, ասում է՝ ոչինչ չի անելու: Փաշինյանն ինքնակամ ամեն ինչ տալիս է Ալիևին: Փաշինյանի խոսույթից այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի հազարամյա պատմություն չկա, Հայաստանն անցյալ չունի, Հայաստանի պատմությունն սկսվել է 2018թ., երբ ինքը իշխանության եկավ, 2018-ից առաջ Հայաստանը պատմություն չուներ, ո՛չ մշակույթ ուներ, ո՛չ կրոն, ո՛չ սահմաններ… Ինքը ոչ միայն հողատարածք է տալիս, այլևս երկրի ամենահարգելի, պաշտելի սիմվոլներն է կործանում՝ Արարատը, զինանշանը, օրհներգը: «Իրական Հայաստանը» երևակայական է, որովհետև ամեն ծառ ունի արմատներ, առանց արմատի ծառը չի կարող ոտքի կանգնել: Ինքը արմատախիլ է անում մեր ժողովուրդը, մեր պատմությունը, մեր ազգը»:
Նա շեշտեց՝ Փաշինյանն օրենքներ է խախտում, բայց ուրիշներին է ձերբակալում.
«Միակ մարդը, որ պետք է ձերբակալվի, հենց Փաշինյանն է, որը թշնամիներին է տալիս մեր հայրենիքը: Հիմա մի օրակարգ ունենք՝ հայրենիքը փրկելը, դրա համար պետք է բոլորը միավորվեն: Ես կոչ եմ անում բոլորին անմիջապես միավորվել, հայտարարել, որ հետևում են Սամվել Կարապետյանին, միանում են նրան, և այս աշխատանքը մինչև վերջ տանեն, մինչև Փաշինյանին հեռացնեն իր պաշտոնից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում