«Արցախի հարցը հայության խնդիրն է. Նիկոլի համար Արցախ չկա. Արցախը նրա համար կենացի թեմա էր». Էդուարդ Շարմազանով

Այսօր Ազատության հրապարակում տեղադրված արցախահայերի վրանում տեղի ունեցավ Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների և ՀՀԿ ներկայացուցիչների հանդիպումը։

Հանրապետական կուսակցությունից հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

Հանդիպումից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ հիմնականում լսել են արցախահայերին, նաև՝ թե ինչ են արցախահայերն ակնկալում իրենցից։ Նա շեշտեց, որ ՀՀԿ-ից Տիգրան Աբրահամյանն ակտիվ աշխատում է արցախահայերի խնդիրներով։

«Համոզված եմ, որ արցախյան խնդիրը չի կարելի մոռացության տալ, և շատ կարևոր է, որպեսզի հանրությանը ներկայացվի, որ սա առանձին Արցախի հարց չէ, այլ հայության և ՀՀ-ի խնդիրն է։

Կարդացեք նաև

Ի վերջո, այս հրապարակում է ծնվել Արցախի Երրորդ Հանրապետությունը, որն արդյունք է արցախյան շարժման և «Ղարաբաղ» կոմիտեի։ Իշխանությունները փորձում են այս ամենը ներկայացնել՝ որպես սոցիալական խնդիր։ Իհարկե, սոցիալական բաղադրիչը կարևոր է, բայց  միայն սոցիալական չէ, որովհետև մարդիկ դնում են իրավունքի, ինքնորոշման իրավունքի հարց»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ այսօրվա հանդիպումը գնահատելով կառուցողական։

Նրա խոսքով՝ իշխանությունների դավաճանական քայլերի արդյունքում արցախահայերը զրկվել են իրենց հազարամյա բնօրրանից։

«Մենք երկու «կարմիր գիծ» ենք նշել, նախ՝ Հայաստանի անկախությունը և Արցախի հայկականությունը, ինքնորոշման իրավունքը։ Անկախ նրանից, որ Արցախն այսօր գերեվարման մեջ է, և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվում պատանդի կարգավիճակում, մենք իրավունք չունենք մոռացության տալ 1988 թվականի գաղափարները։ Այո, խոսել ենք նրանից, որ այսօր գործող Սահմանադրությամբ ուժի մեջ է անկախության Հռչակագիրը, ազգային անվտանգության ռազմավարության ծրագիրը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունն Արցախի անվտանգության երաշխավորն է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «Ղարաբաղի շարժումը փակված է», Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի համար արցախյան շարժում երբեք չի էլ եղել։

«Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանն արցախյան շարժմանը դեմ է եղել, ամեն ինչ արել է, որ այդ շարժումն անհաջողության մատնվի։ Ամեն մեկը, երբ Աստծուց խոսում է՝ միշտ չէ, որ աստվածապաշտ են, երբեմն սատանայի զավակներն էլ են Աստծուց խոսում, ասում են՝ վախեցեք կեղծ մարգարեներից։ Երբ ինքը գնաց ու ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», սա հայրենասիրության դրսևորում չէ, ծավալապաշտության և ադրբեջանահաճության դրսևորում էր։ Իր համար Արցախի շարժումը, բացի կենացներից, ի՞նչ է եղել՝ ոչ մի բան»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս