
Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման համար «հիմքեր» է ստեղծում սահմանագծի տարբեր ուղղություններով

168.am-ը գրել է, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրավիրած ծառայողական խորհրդակցությանը համապատասխան պաշտոնյաներին հստակ խնդիրներ է առաջադրել՝ կապված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստ լինելու և ցանկացած «սադրանքի» օպերատիվ արձագանքելու հետ, և, որ սրանից անմիջապես հետո Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության լեզուն փոխվեց ու ադրբեջանական կողմը սկսեց խոսել «պատասխան կրակոցների» մասին՝ գրելով. «Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են պատասխան համաչափ միջոցներ»:
Նման մի հայտարարություն էլ տարածվել է այսօր՝ ապրիլի 9-ին:
Իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցներից և երկրի ՊՆ-ին մերձակա տելեգրամյան ալիքը նույնիսկ ակնարկել են, որ Գեղարքունիքի հատվածում հայ զինծառայողը, որը, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, վնասվածք է ստացել ականի պայթյունից, հնարավոր է՝ վիրավորվել է Ադրբեջանի «պատասխան կրակից»:
Մյուս վարկածը, ըստ ադրբեջանական կողմի, որ հայ զինծառայողն ականի պայթյունից կարող է վնասվածք ստացած լինել «սահմանը հատելու փորձի» ժամանակ:
Այսինքն, ադրբեջանական կողմն ընդունում է իր կողմից կրակոցների փաստը, իհարկե, այն ներկայացնելով՝ որպես պատասխան: Մյուս «ձեռքով» էլ Ադրբեջանը փորձում է Հայաստանի դեմ հնարավոր սադրանքի «լեգիտիմ հիմքեր» ստեղծել, հատկապես, երբ «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով համաժողովում Ալիևը հայտարարել է՝ թեև վերականգնել են տարածքային ամբողջականությունը, փակել «սեպարատիզմի» հարցը, վերահսկողություն սահմանել «իրենց սահմանների նկատմամբ», սակայն պատրաստ են միշտ հարված հասցնել Հայաստանին անհրաժեշտության դեպքում:
Իսկ ինչպես գրել ենք մեր հոդվածներից մեկում, ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների մեջ ոչ մի խոսք չկա ադրբեջանական կրակոցների վերաբերյալ, ինչի մասին անգամ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն է խոսում, և այստեղ արդեն էական չէ՝ ինչ համատեքստում:
Օրինակ, երբ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում, թե Գեղարքունիքի հատվածում «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչին հետևել են պատասխան միջոցներ», կարող էր, չէ՞, ՀՀ պաշտպանության նախարարությունը մեր զինծառայողի վնասվածքն Ադրբեջանի կողմից կրակոցներին վերագրել, առնվազն, երբ Ադրբեջանն ինքն է նման ակնարկ արել:
Սա կոչվում է տեղեկատվական-քարոզչական պատերազմ: Արդյո՞ք հրամայված է չներկայացնել ադրբեջանական կրակոցների ամբողջական պատկերը, վայր դնել նաև տեղեկատվակա՞ն պատերազմի զենքերը:
Մինչդեռ Ադրբեջանն անգամ Սյունիքի մարզում հայկական բնակելի տան թիրախավորման ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած հստակ փաստերն է փորձում հերքել սեփական փաստարկներով՝ պնդելով, թե իբր «Սյունիքի Խնածախ բնակավայրում գտնվող հայկական բնակելի տունը ադրբեջանական մոտակա դիրքից մոտ 2400 մետր հեռավորության վրա է գտնվում, ուստի ԱԿ-74-ի ինքնաձիգից չէին կարող առավելևս տան պատուհանը վնասել»:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը, Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ միջադեպերի հետաքննության երկկողմ մեխանիզմների ստեղծման առաջարկից դուրս չգալով, շարունակում է «հայկական խախտումների» մասին փաստեր պահանջել և այդպես էլ չստանալ: Սակայն, եթե հաշվի առնենք այս օրերի ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած «փաստերը», կարող ենք ասել՝ Ադրբեջանն անուղղակի տրամադրում է դրանք, այլ հարց է՝ ինչ բովանդակությամբ և ինչ նպատակով:
Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ-ին մերձակա caliber.az-ը պնդել է, որ Տավուշի հատվածում իբր «հայկական կողմը փորձել է սրել իրավիճակը, հայկական դիրքերից մեկն ակտիվություն է դրսևորել»:
Օրերս Ադրբեջանը նույնիսկ ավելի հեռուն էր գնացել և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության «վտանգավորության» մասին իր պնդումների համատեքստում փորձել «հիմնավորում» գտնել խաղաղ բնակչության, երեխաների հնարավոր թիրախավորման համար:
Ադրբեջանական «փաստերը» ներկայացնում ենք՝ հուսալով, որ ՀՀ իշխանություններն, ի վերջո, կհասկանան՝ Ադրբեջանը շարունակում է ապրել պատերազմի կանոններով կամ համալիր կերպով պատրաստվում է պատերազմի: Սրա մասին է վկայում նաև Ադրբեջանի անցկացրած տակտիկական զորավարժությունը՝ մարտական կրակի կիրառմամբ:
Զորավարժության սցենարի համաձայն՝ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվել է տեղանքի հետախուզություն, օպերատիվ կերպով մարտական կառավարման կենտրոն փոխանցվել «պայմանական հակառակորդի նշանակետերի և զրահատեխնիկայի մասին տվյալներ»:
Զորավարժությունը չի անցել առանց հրետանային ստորաբաժանումների և ավիացիոն միջոցների կիրառման, ավելին՝ խաղարկվել են դրվագներ, երբ հարվածներ են հասցվել «պայմանական հակառակորդի կենդանի ուժին և կենտրոնացված ռեզերվներին», ինչպես նաև՝ «վնասազերծվել է պայմանական հակառակորդի շարասյունը», «գրավվել են հենակետեր»:
Անգամ այս պարագայում Ալիևն է բողոքում Հայաստանի միլիտարիզացիայից և հայկական զինված ուժերի վերազինումից:
Ի դեպ, երբ հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ-ի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ը համատեղ զորավարժություն են անցկացնելու:
«Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:
Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»,- հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:
Իհարկե, Ադրբեջանը, հնարավոր է, այս զորավարժության բովանդակությունը ևս աղավաղի և դիտարկի որպես սպառնալիք, ինչպես հայ-ամերիկյան խաղաղապահ զորավարժությունների դեպքում, հատկապես, երբ վերջերս ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանման զինվածության աստիճանը սպառնալիք է իրենց համար: