«Ադրբեջանն ունի 3 թիրախ. որ պատերազմ սկսվի՝ ի՞նչ եք անելու, ասելու ես՝ թիվ 1 մեղավորը չե՞ս». Անժելա Էլիբեգովա

Վերջին շաբաթներին Ադրբեջանն ակտիվորեն կրակում է, Հայաստանի պաշտպանության նախարարությունից ասում են՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը, իսկ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Ադրբեջանը փորձում է ցանկացած հարձակման, էսկալացիայի կամ ճնշման նախաշեմին քարոզչական հող նախապատրաստել և՛ սեփական հանրության, և՛ արտաքին լսարանի, և՛ հայ հասարակության համար. «Իրենք ունեն երեք թիրախ, որոնց վրա աշխատում է այդ քարոզչությունը: Թե ինչ նպատակ ունի ՀՀ ՊՆ-ն, երբ ասում է՝ օդ են կրակում, տոն է իրենց մոտ, Հայաստանի ուղղությամբ չէ, և նմանատիպ հիմար մեկնաբանություններ անելով առաջնագծի մասին, չգիտեմ՝ բանականության և տրամաբանության դիրքերից ելնելով՝ ես դա չեմ կարող մեկնաբանել: Դա չի կարող զսպել Ադրբեջանին, քանի որ հրադադարի խախտման մասին հայտարարություններն Ադրբեջանում շարունակվում են»:

Նրա խոսքով՝ անգամ խաղաղության պայմանագրի ստորագրումը խաղաղություն չի բերելու.

Կարդացեք նաև

«Մենք ունեցել ենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի ճակատագիրը տեսել ենք: Տեսել ենք՝ ինչպես Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում, եթե նույնիսկ կա միջազգային երաշխավոր: Այս դեպքում նույնիսկ դա չունենք: Հետևաբար, այս փաստաթղթի բովանդակությունը և դրա ստորագրումն ինքնին որևէ դրական բան չի տալու, որովետև դա երաշխիքներ չի ստեղծելու մեր անվտանգության համար: Դրանք հեքիաթներ են, որ իշխանությունը վաճառում է մեր հասարակությանը՝ ընտրություններից առաջ: Երկրորդ՝ Ալիևն ասում է, որ Հայաստանի իշխանությանը չի վստահում, որովհետև նախ՝ որպես գործընկեր ցույց են տվել, որ կարող են անընդհատ իրենք իրենց հակասել, և իրենց հստակ որևէ դիրքորոշում մենք չենք հասկանում: Ալիևը նաև ասում է, որ իշխանափոխությունից հետո…

Իսկ երբ Ալիևն այդ մասին խոսում է, նշանակում է, որ նա էլ է հոտն առել և հասկանում է, որ այս իշխանությունը հավերժ չէ և լեգիտիմության խնդիր ունի, և հետևաբար՝ ակնարկ է անում, որ՝ մենք չենք կնքում այս իշխանության հետ խաղաղություն, որովհետև վաղը գնալու է, և հաջորդ իշխանությունը կարող է իր վրա չվերցնել այդ պարտավորությունները, հետևաբար՝ պետք է հասնեն նրան, որ ամբողջ հայ հասարակությունը հաշտ լինի այն պայմանների հետ, որոնք առաջ է քաշել Ադրբեջանը: Դա լինելու է Սահմանադրության փոփոխությամբ: Ադրբեջանն էլ է հասկանում, որ դա իրատեսական չէ»:

Անդրադառնալով իշխանության քարոզչությանը, թե խաղաղության պայմանագրի այլընտրանքը պատերազմն է, նա հետևյալն ասաց. «Ո՛չ խաղաղության շուրջ եք մարդավարի կարողանում բանակցել, ո՛չ պատերազմին եք նորմալ կարողանում պատրաստվել, իսկ Ադրբեջանը պատերազմին էլ է պատրաստվում, այդ ալտերնատիվան էլ է դիտարկում: Փաշինյանն ասում է՝ պատերազմ կարող է սկսել խաղաղության պայմանագիր ստորագրելուց կես ժամ հետո, ի՞նչ ենք անելու: Հետո կանգնելու է ԱԺ-ում ասի՝ ե՞ս եմ թիվ մեկ պատասխանատուն, մեղավորը, ես ի՞նչ կարող էի անել, ես խաղաղության մասին էի բանակցում, ո՞վ կարող էր մտածել, որ պատերազմ կարող է սկսվել»:

Անժելա Էլիբեգովան նկատեց՝ պատերազմի սպառնալիքն օգտագործվում է որպես մահակ՝ հասարակության վրա. «Վաղը-մյուս օրը Նիկոլը ասելու է՝ եթե ինձ չվերընտրեք 2026-ին, պատերազմ կլինի: Ես չեմ զարմանա, եթե այդ խոսույթն էլ մտնի իշխանական քարոզչության բառամթերք, որ՝ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ: 2021-ին ինքը դա փորձարկեց և աշխատեց: Ես հուսով եմ, որ 2026-ին մեր հասարակությունն արդեն արթուն է և հասկանում է՝ դա ծուղակ է, որովհետև վերընտրվելուց հետո մենք տեսանք՝ ինչ եղավ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս