ՍԱՐՍԱՓԵԼԻ ՓԱՍՏԵՐ՝ ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅԻՑ. ԻՆՉՈ՞Ւ Է ՔԱՂՑԿԵՂԻ 130.000 ԴՐԱՄԱՆՈՑ HERCEPTIN ԴԵՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ 355.000 ԴՐԱՄՈՎ. ՔԱՈՍ, ԿԵՂԾԻՔ, ԿՈՌՈՒՊՑԻԱ. #ԴԱՍԵՐ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն ու Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանն են։

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Անուշ Պողոսյան.- Քաոս բառը շատ բնորոշ է այսօրվա առողջապահական իրավիճակին։ Անհասկանալի իրավակարգավորումների պատճառով թե՛ հիվանդանոցային, և թե՛ արտահիվանդանոցային ծառայությունները չեն կարողանում նորմալ գործունեություն իրականացնել։ Առողջապահության նախարարությունը դարձել է գլխավոր բժիշկների նախարարություն։

Կարդացեք նաև

Վերջերս այս կառավարության կողմից ընդունվեց որոշում աբորտները հեշտացնելու մասին, որը բերելու է լավագույն դեպքում՝ երկրորդային չբերության, իսկ վատագույն դեպքում՝ արյունահոսության հետևանքով լետալ ելքի։ Սա մեր ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող որոշում է այս կառավարության կողմից: Մենք դառնում ենք ծերացող ազգ, ու դրա ֆոնի վրա այդքան մատչելի դարձնել հղիության ընդհատումը, դա ազդելու է մեր ժողովրդագրության վրա։

Նման որոշում է կայացնում ՀՀ ներկայիս իշխանությունը, այն դեպքում, երբ գտնվում ենք ժողովրդագրական աղետի մեջ:

Արթուր Խաչատրյան.- Դեղերի հարցն, ըստ էության, ազգային անվտանգության հարց է։ Ցավոք, այսօր երկրում ազգաբնակչության համար չի ապահովվում դեղերի անհրաժեշտ քանակությունը և հասանելիությունը։ Օրենքներն այնպես են փոփոխվել, որ այսօր հնարավոր չի լինում մեր ազգաբնակչությանն անհրաժեշտ քանակի դեղեր ներկրել Հայաստան։ 2018թ Հայաստանում գրանցված է եղել 5000 անուն դեղ, այն դեպքում, երբ անհրաժեշտ է առնվազն 7000-8000 անուն դեղ։ Այս տարվա դրությամբ անհրաժեշտ դեղերի քանակը կրճատվել է 40%-ով՝ կազմելով 3400 անուն դեղորայք։ Բայց ներկրվում ու շրջանառվում է ընդամենը 1850 անվանում դեղորայք։ Այսինքն՝ մնացած 1500 անվանում դեղորայքն ինչ-ինչ պատճառներով չի ներկրվում։

Դեղեր ներկրելու համար անհրաժեշտ է, որ դրանք գրանցված լինեն ՀՀ-ում կամ ԵԱՏՄ-ում։ Այսինքն` ներառված լինեն դեղերի գրանցման գրանցամատյանում (ռեեստրում)։ ԵԱՏՄ բոլոր երկրներում, որի անդամ է նաև Հայաստանը, դեղերը պետք է շրջանառվեն առանց սահմանափակումների եթե դեղը գրանցված է ԵԱՏՄ-ում և ներառված է միասնական գրանցամատյանում, ապա այն կարող է շրջանառվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։ Հայաստանի այս իշխանությունները, սակայն, պարտադրում են, որ ԵԱՏՄ շրջանակից դուրս դեղերը գրանցվեն նաև Հայաստանում:

ՀՀ-ում դեղ գրանցելու գործընթացը շատ թանկ է, հատկապես այս վերջին տարիներին արված օրենսդրական փոփոխություններից հետո։ Քանի որ մեր շուկան փոքր է, այդ թանկ գինն արտադրողին ձեռնտու չէ, նրանք շահագրգռված չեն իրենց դեղերը Հայաստանում գրանցել։ Ներկրողներին ձեռք չի տալիս գրանցել դրանք։ Արդյունքում, 2019-ից մինչև 2024-ը Հայաստանում գրանցված դեղերի թիվը նվազել է 40 տոկոսով։ Գրանցման ժամկետը լրանում է, արտադրողն այլևս չի վերագրանցում, հեռանում է մեր շուկայից։ Դրա համար էլ դեղերի դեֆիցիտը Հայաստանում գնալով աճում է։

Վրաստանում գրեթե 3 անգամ մատչելի են գրանցում։ Ավելին, այնտեղ, եթե դեղը գրանցված է ԵՄ անդամ երկրում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կանադայում, այն այլևս փորձաքննություն չի անցնում, միանգամից ճանաչվում է։ Այսօր Վրաստանում պաշտոնապես գրանցված է 11.000 անվանում դեղ։ ՀՀ քաղաքացիների մեծ տոկոսը գնումներ է կատարում Վրաստանի շուկայից։ Այնտեղ դեղերը ՀՀ համեմատ 30-40 տոկոսով ավելի մատչելի են, էժան են։ 2018թ.-ից մինչև 2023թ. ավարտը Հայաստանում գրանցված դեղերի թիվը նվազել է 1160-ով, այսինքն՝ մոտ 35%-ով պակասել է գրանցված դեղերի քանակը։

Յուրաքանչյուր դեղ գրանցելու համար անհրաժեշտ է ավելի քան 2 միլիոն դրամ ու առավելագույնը 150 օր՝ գրանցման համար, ինչը շատ քիչ ժամանակահատված է։ Եթե օրենքով սահմանված ժամանակահատվածում դեղի փորձաքննություն չեն կարողանում անել, ուրեմն կադրերի խնդիր ունեն… կամ, չգիտեմ՝ ինչու չեն կարողանում այդ գործընթացն արագ կազմակերպել:

Դեղերի լաբորատոր փորձաքննություն չի արվում։ Դեղը, որ դուք խմում եք, չգիտեք՝ այդ դե՞ղն է, թե՞ ոչ։ Վերջին 4 տարում փորձաքննություն չի արվում։ Պետությունը չի վերահսկում, դեղի որակի անվտանգության խնդիրը մնում է արտադրողի ու ներմուծողի խղճին։

 Նշենք, որ 2018թ. Հայաստանում գրանցված է եղել 4560 անվանում դեղ, 2020-ին` 3920  անվանում, 2021-ին` 3650 անվանում, 2022-ին` 3480 անվանում, 2023-ին՝ 3400 անվանում դեղ (ներկայացված թվերը կլորացված են,- հեղ.)։

Ըստ 2023թ. հրապարակային տեղեկատվության՝ Վրաստանում տարեկան շրջանառվում է 450 մլն դոլարի դեղ, իսկ Հայաստանում՝ շուրջ 125 մլն դոլարի դեղ։

 Անուշ Պողոսյան.- Հայաստան ջրծաղիկի պատվաստանյութ էին ներկրել, որի տուփը և ներդիրը միայն չինարեն էր, այնինչ օրենքի պահանջն է՝ պետք է լինի հայերեն։ Ծնողը, որը երեխային տանում է պատվաստելու, նրան թուղթ են տալիս, որ ստորագրի՝ ծանոթ է դեղի բաղադրությանը ու դրա հնարավոր բարդություններին։ Այսինքն՝ ես պիտի չինարենի թարգմանիչով գնամ առողջության առաջնային պահպանման օղակ, որ հասկանամ՝ այդ պատվաստանյութն ինչի մասին է։ ԱԱՊ բժիշկները ևս պետք է իմանան չինարեն: Ըստ «չար լեզուների»՝ փոխվել է պատվաստանյութի տեխնիկական բնութագիրը, ուստի ցանկալի չէր գրառումները դարձնել հասանելի:

Քովիդի պատվաստանյութի մասին բազմիցս խոսել եմ։ Նախարարը հրաման էր տվել, որ ժամկետանց պատվաստանյութը պիտի կիրառեն։ Երբ ես շատ բժիշկների հարցնում էի՝ պատվաստե՞լ եք այդ դեղանյութով, ասում էին՝ ո՛չ, թափել ենք։

Արթուր Խաչատրյան.– Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը Հայաստանում ներդվեց 2024.ի մարտին, ուժի մեջ մտնելուց հետո տեսանք՝ ինչքան խնդիրներ եղան. ծրագիրը չէր աշխատում, այդպես էլ չհրապարակեցին այդ 470 դեղերի ցանկը, որ դեղատան աշխատողն իմանա՝ որ դեղը չպետք է վաճառի առանց դեղատոմսի։ Ասացինք՝ չի աշխատելու այդ ծրագիրը, չհամաձայնեցին, չլսեցին։ Անցան ամիսներ, դեղատներին սկսեցին տուգանել։ Առաջին մի քանի օրը բժիշկները 470 անուն դեղի համար լրացրեցին էլեկտրոնային դեղատոմս։ Հետո վերադարձան հին մեթոդին՝ թղթային տարբերակին։

Դեղերի դեֆիցիտի հարցում Առողջապահության նախարարության անգործությունը քիչ էր, ՊԵԿ-ը ևս խնդիրներ է ստեղծում դեղեր ներմուծողների համար:

Տասնյակ-միլիոնավոր դրամներով տուգանվել են հայաստանյան դեղատները՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելու համար։ Հարյուրավոր միլիոնների հասնող տուգանքը կազմվել է մեկ տարվա ընթացքում։ Ցանցային դեղատներից մեկին տուգանել են 116 միլիոն դրամով, իսկ 10-15 միլիոն դրամ տուգանքի ենթարկված տասնյակ դեղատներ գիտեմ։ Բժշկին չեն տուգանում, դեղատանը տուգանում են։

Ի դեպ, ոլորտի ներկայացուցիչներից մեկը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Տարին չսկսած, բախվել ենք լրջագույն խնդիրների. էլեկտրոնային դեղատոմսերի մասով սնանկության հասցնող տուգանքների կիրառում, այժմ էլ դրոշմապիտակների բացակայություն շուկայում։ Ի դեպ, դրոշմապիտակների խնդիրը նոր չէ, սկսվել է հունվարի սկզբից, ուղղակի այժմ ճգնաժամը հասել է գագաթնակետին։ Լինելով ընկերության գլխավոր տնօրեն, ժամանակիս 50+%-ն անցկացնում եմ իրավական հարցեր կարգավորելով, դրոշմապիտակ մուրալով, դատարաններում վարչական ակտեր բողոքարկելով։

Իսկ զուգահեռ իրականությունում ահռելի չափերի է հասել դեղերի ստվերային շրջանառությունը, որի համար ոչ դրոշմապիտակ է պետք, ոչ էլեկտրոնային դեղատոմս, ոչ ՀԴՄ»։

Իսկ Անկախ Դեղատների Ասոցիացիան ահազանգել էր դեղերի շուկայում ստեղծված անընդունելի իրավիճակի մասին։ Դեղերի մեծածախ իրացմամբ զբաղվող ընկերությունները տեղեկացնում են, որ ՊԵԿ-ի կողմից չեն տրամադրվում կամ տրամադրվում են անբավարար քանակությամբ դրոշմապիտակներ:

Այս խնդիրն էականորեն խորացնում է արդեն իսկ առկա դեղերի դեֆիցիտը։ Մի կողմից՝ ՀՀ-ում գրանցված դեղերի սահմանափակ տեսականու պատճառով շատ անհրաժեշտ դեղամիջոցներ բացակայում են, մյուս կողմից՝ նույնիսկ ներկրված դեղերը երկարատև մնում են մաքսային պահեստներում՝ դրոշմապիտակների պակասի կամ բացակայության պատճառով։

ՀՀ Կառավարության 28.02.2019թ.-ի թիվ 202-Ն որոշման 25-րդ կետի համաձայն՝ դեղերի ներմուծման հավաստագրի տրամադրումը կամ դրա հիմնավորված մերժումը կարող է տևել ոչ ավելի, քան 𝟔 աշխատանքային օր։ Սակայն տևական ժամանակ է, որ ներմուծման հավաստագրերը տրամադրում են ոչ թե 𝟔 օրում, այլ  𝟏𝟓𝟐𝟓 աշխատանքային օրում։ Այսինքն՝ դեղերը  գտնվում են մաքսային պահեստներում շուրջ 𝟐𝟓 օր։

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի՝ դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի միջոցով, այն ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Դեղերի դեպքում դրոշմապիտակը տրամադրվում է ներմուծման հավաստագրում նշված հստակ քանակով։

Տնտեսվարողների կողմից դեղերն առանց դրոշմապիտակների շրջանառելն արգելվում է, ավելին՝ այն հանդիսանում է խախտում, որի համար նախատեսված է տուգանք։

Բացի այդ՝ պետական գնումների շրջանակներում պայմանագրեր կնքած ընկերությունները չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները, քանի որ դրոշմապիտակների բացակայության պատճառով չեն կարողանում մատակարարել ապրանքը։ Արդյունքում, ՀՀ-ում օրեցօր աճող դեղերի դեֆիցիտի հետ մեկտեղ, պետության կողմից չտրամադրվող դրոշմապիտակների պատճառով դեղատներում և հիվանդանոցներում ավելանում է մերժվող դեղերի քանակը։

Անուշ Պողոսյան.- Բժիշկներն էլեկտրոնային դեղատոմս չեն գրում, որովհետև համապատասխան տեխնիկական հագեցվածություն չունեն։ Մի դեղատոմս գրելու համար առնվազն 20 րոպե պետք է։ Հատկապես մարզերում, որ երկու համակարգչի վրա 8 բժիշկ է աշխատում, մարդիկ չեն հասցնում դեղատոմս գրել, քանի որ համակարգային և տեխնիկական խնդիրների պատճառով այդ համակարգիչներն «Արմեդ» համակարգին չեն միանում։ Այդ համակարգիչները Նիկոլ Փաշինյանի գովերգած հայկական համակարգիչներն են, և երբ Արտաշատում բժիշկներն առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանին ասում են՝ այդ համակարգիչներով անհնար է միանալ համակարգին, ասում է՝ թափեք դրանք։

Անուշ Պողոսյան.Հայաստանից բժիշկների շատ մեծ արտագաղթ կա… Գերմանիա, Դուբայ, Էմիրաթներ, Կատար, Օման․․․ Գնում են, հատկապես լեզու իմացող երիտասարդ բժիշկները չեն մնում Հայաստանում, գնում են։

Արթուր Խաչատրյան.– 2-3 ամիս հետո շուրջ 25 անուն դեղորայք մտնելու է էլեկտրոնային համակարգի մեջ։ Պատկերացրե՛ք, եթե 470 անուն դեղատոմսը չկարողացան նորմալ իրականացնել, այդքան մեծ թվի տակից ինչպե՞ս են դուրս գալու։

Անուշ Պողոսյան.- Երեկ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է բժշկական կենտրոնների ղեկավարների հետ, շատ վատ տոնով է խոսել նրանց հետ, ասել է՝ սա բարեփոխում է, և պիտի արվի չենթարկվողները կտուգանվեն։

Արթուր Խաչատրյան.- Պարտավոր է պետությունն ապահովել բուժառու-բժիշկ-դեղատոմս-դեղատուն կապի անխափան իրացումը։ Եթե բժիշկը հիվանդին, ասենք, 5 անուն դեղորայք է գրում, որից 3-ը՝ էլեկտրոնային, բժշկին դրա համար հարկավոր կլինի առնվազն 1 ժամ, մինչդեռ թղթային տարբերակով գրելու դեպքում կպահանջվեր 5 րոպե։

Անուշ Խաչատրյան.– Մեծ քանակի տեսուչներ աշխատանքից դուրս են գալիս։ Մարդիկ հասկանում են՝ հանձնարարականներն օրինաչափ չեն, ու այսօր տեսչական մարմնում կառավարման լուրջ խնդիր կա, մարդիկ չեն ուզում աշխատել այս իշխանությունների հետ, դուրս են գալիս համակարգից։

Պատահական չէ, որ Առողջապահության նախարարության բոլոր պիլոտային ծրագրերն իրականացվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Արթուր Խաչատրյան.- Այն իրավիճակը, որը հիմա մեզ մոտ է, մի 7-8 տարի առաջ Վրաստանում էր։ Դեղ չունեին, այստեղից էին դեղ տանում։ Հիմա իրավիճակն ուղիղ հակառակն է։ Ինչպես նշեցի՝ գրանցված 11.000 անուն դեղ ունեն։ Վրաստանում ասում են՝ ես ուղղակի ճանաչում եմ եվրոպական կամ ամերիկյան սերտիֆիկատը, որն արտադրող երկրում գրանցել է դեղը։ Իրենք Վրաստանում դեղ չեն գրանցում, ինչը անում ենք մենք։ Բայց մենք էլ այդքան ռեսուրս չունենք։ Դրանից ելնելով՝ դեղորայքը Վրաստանում առնվազն 30-40%-ով մատչելի է։ Մեր ազգաբնակչության 30%-ը դեղ է ձեռք բերում Վրաստանից։

Բագրատաշենի անցակետի՝ վրացական հատվածում մի քանի հատ մեծ դեղատներ կան, երբ այդտեղ բնակավայրեր չկան։ Դեղատները աշխատում են հայ սպառողի համար։

Նույն օնկոլոգիայի դեղերը Վրաստանում կրկնակի են էժան, Թուրքիայում՝ եռակի։ Եվրոպական դեղարտադրողների 90%-ը Թուրքիայում գործարաններ ունեն։ Հայաստանում ապօրինի դեղաշրջանառության 20%-ը Թուրքիայից է գալիս, ինչը նույնպես ազգային անվտանգության խնդիր է։

Հիշեցնենք, 44-օրյա պատերազմի օրերին արտերկրից մեր հայրենակիցները՝ անհատներ և կազմակերպություններ, ահռելի քանակությամբ բուժսարքավորումներ և դեղորայք, սնունդ, հագուստ, զինվորական և այլ պարագաներ էին ուղարկում՝ Արցախ հասցնելու համար: Հայաստանցիները ևս՝ մեծ ու փոքր, օգնություն էին հասցնում Արցախ: Հատկապես դեղորայքը լրջագույն խնդիր էր, չէր բավականացնում:  Բազմաթիվ քաղաքացիներ, ցուցակները ձեռքերին, դեղատներով շրջում էին՝ գտնելու անհրաժեշտ դեղորայքը և այլ անհրաժեշտ պարագաները, որպեսզի հասցնեին հիվանդանոցներ: Այդ օրերին ԶԼՄ-ներում և սոցցանցերում մարդիկ հարց էին տալիս՝ ո՞ւր են գնում այդքան օգնությունները, այդ դեղորայքը, սարքավորումները, զրահաբաճկոնները, զինվորների համար ուղարկված անհրաժեշտ պարագաները: Միլիոնավոր գումարների՝ բարեգործությունների մասին նույնիսկ չենք խոսում: Մարդիկ գրում էին, որ դրանք list.am-ներով վաճառքի են հանվում որոշ անհատների կողմից, դեղորայքի մի մասն էլ հայտնվում է ինչ-ինչ դեղատներում և վաճառվում է, զինվորներին չի հասնում:

Արցախյան պատերազմից հետո միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար Սփյուռքի կողմից հանգանակվել էր մոտ 27 միլիոն դոլար: Հիմնադրամի կայքի համաձայն՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նախաձեռնված «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի ընթացքում հանգանակվել է 170 միլիոն 694 հազար 341 դոլար: Ի՞նչ եղան այդ գումարները, ինչպե՞ս մսխվեցին, դեռ կպարզվի՝ ովքեր օգտվեցին, ովքեր այդ գումարների հաշվին ինչ ունեցվածքների տեր դարձան:

Արթուր Խաչատրյան.- Արտերկրից մեր հայրենակիցների կողմից ուղարկված դեղերն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անտեր-անտիրական մնացին պահեստներում, որովհետև չկարողացան համապատասխան ռեսուրս կենտրոնացնել դեղերը տարբերակելու համար, ու, ի վերջո, ոչնչացվեցին։

Անուշ Պողոսյան.– Մինչև 2018թ․ դեղերի գրանցման գներն այդքան բարձր չեն եղել Հայաստանում, և դեղերի գրանցումը խնդիր չի եղել, թեպետ դեղերի քանակը շատ չի եղել։ Բացառապես կառավարության անգործության պատճառով այսօր տասնյակ խոշոր դեղագործական ֆիրմաներ դուրս են եկել Հայաստանից, այդ թվում՝ ռեֆերենս պրայս չունենալու պատճառով։

Արթուր Խաչատրյան.- Հայաստան դեղորայքը մտնում է սահմանային կետով, այնուհետև՝ մաքսային պահեստ, որոնք ՀՀ-ում 8-9-ն են, որից ամենաշատ կիրառվողը 3-4 պահեստներն են: Դեղերը և բժշկական պարագաներն ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում: Դեղերը Կարգոյում է մնում առանց պահպանման ռեժիմի, մինչև որ ունենան շրջանառվելու հնարավորություն: Երբ դեղորայքը գալիս է Հայաստան, Առողջապահության նախարարության  դեղերի փորձագիտական կենտրոնն օրենքով պետք է նմուշներ վերցնի, այնուհետև հավաստի դեղի գրանցումը Հայաստանում, որն իրենց դեպքում մի քանի օրվա փոխարեն՝ տևում է գրեթե մեկ ամիս:

Օրենքով պահեստում մնալու թույլտվությունը պետք է լինի 7 օր, բայց վերջին մեկ տարում 30 օրն անցնում է՝ համապատասխան մարմինների անգրագետ, անփույթ աշխատանքի արդյունքում: Դեղորայքը պետք է պահվի համապատասխան ջերմաստիճանային սառնարանային ռեժիմում, կա դեղորայք, որը մինուս ջերմաստիճանում է պահվում: Մաքսային պահպանման ռեժիմը, կարգը չի ապահովվում: Պատկերացնո՞ւմ եք՝ դեղերը պահվում են մաքսատների սառնարաններում, որոնք նաև նախատեսված են՝ օրինակ, կարագ, մսամթերք պահելու համար: 

 Անուշ Պողոսյան.- Բազմիցս խոսել եմ Հայաստանում դեղերի շուկայի հետ կապված խնդիրների, դեղերի դեֆիցիտի հարցում Առողջապահության նախարարության անգործություն մասին: Նման պայմաններում պահվող դեղն իր որակը կորցնում ու այդպես էլ հասնում է սպառողին: Օրինակ՝ ինսուլինի դեղը, որը պետք է պահվի հատուկ պայմաններում՝ կարող է ունենալ շատ կողմնակի էֆեկտներ: Քաղցկեղի դեղը, եթե խոնավությունը պահպանված չէ, մարդու առողջությանը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ: Ամբողջ խնդիրն այն է, որ Առողջապահության նախարարությունը չի հետաքրքրվում, թե որտեղ և ինչ պայմաններում է գտնվում եկած դեղը, բաշխում չի անում,  իսկ այդ ամենի վերահսկողությունն անում է Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը: Երկուսն էլ մեղավոր ու պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներմուծման թույլտվություն տրամադրելու ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող դեղերի որակի և անվտանգության ստուգման համար որևէ լաբորատոր փորձաքննություն չի իրականացնում։

Այսինքն, բուժման համար նախատեսվող դեղերի որակը և անվտանգությունը չի ստուգվում։ Փաստացի հույսը դրվում է արտադրողների կամ ներկրողների բարեխղճության վրա։ Ըստ Արթուր Խաչատրյանի՝ 90% և ավելի դեպքերում որակի լաբորատոր փորձաքննությունը չի արվում, քանի որ բավական մեծ արժեքներ ունի, և լրացուցիչ ֆինանսական բեռ է տնտեսվարողների համար։

 Արթուր Խաչատրյան.- Կա ԵԱՏՄ շուկան, որտեղ միասնական գրանցամատյանում գրանցված է շուրջ 4000 անվանում դեղ, իսկ Ռուսաստանում իր ներքին շուկայի համար գրանցված է 14.500 անուն դեղ։ Անհասկանալի պատճառներով՝ Հայաստանի կառավարությունը չի ընդունում ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում գրանցված դեղերը և ցանկանում է, որ Հայաստանում առանձին գրանցվեն։ Ես՝ որպես ասոցիացիայի նախագահ, դիմել եմ Առողջապահության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու՝ այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ի դեղերի միասնական գրանցամատյանում գրանցված դեղը Հայաստանում շրջանառվելո՞ւ է, թե՞ ոչ։ Տպավորություն ունեմ, որ Հայաստանն իրավական առումով ընդունել է ԵԱՏՄ գործող նորմերը, այդ թվում՝ դեղերի շրջանառության հետ կապված, բայց  այն փաստացի չի իրականացվում։ 

Արթուր Խաչատրյան.- Քաղցկեղի դեղը՝ «Herceptin»-ը, 440 մլգ, որը հանրահայտ է, Ռուսաստանում արժե 30 000 ռուբլի, մեր գումարով՝ մոտ 130 000 դրամ: Մեզ մոտ վաճառքի գինը 355 000 դրամ է: Աբսուրդ է: Որովհետև «Herceptin»-ը, որն արտադրում է «Roche»-ը, Հայաստանում գրանցել է այնպիսի տուփով, որ որևէ տեղ այդ տուփով չկա: Այսինքն՝ Ռուսաստանին տրամադրվող տուփը Հայաստանին տրամադրվող տուփից այլ է: Միջի դեղը նույնն է: Այդպես են արել, որ փող աշխատեն: Ընդ որում, եթե Հայաստանում դեղը վաճառվում է 355.000 դրամ, բացարձակ չի նշանակում, որ մատակարարն է փող աշխատում: Ավելին, շատ խոշոր արտադրողներ դեղը տալիս են մատակարարին՝ ասելով՝ քեզ 100 անվանում դեղ եմ տալիս, բայց 5-ի համար ես իմ գինն եմ թելադրելու, ու դու այդ գնով պիտի առնես: Հակառակ դեպքում այդ պայմանագիրն առհասարակ չեմ տա քեզ: Դրանցից մեկը «Herceptin»-ն է, քանի որ քաղցկեղի դեղերի մեծամասնությունը ձեռք է բերվում պետական գնումներով: Եթե այս դեղը դեղատանը վաճառում են 355. 000 դրամով, լավագույն դեպքում 10% մարժայի տատանում է տալիս: Նույն գնով՝ 10% մատչելի, պետությունն է գնում տվյալ ընկերությունից: Բայց նույն պետությունը նույն դեղը կարող է 2 անգամ մատչելի գնել նույն Ռուսաստանից: Բայց քանի որ պետք է գնեն «Roche»-ից, դրա համար թանկ է նստում:

Ինչ վերաբերում է L-թիրոքսինին, նույն պատմությունն է, ինչ «Herceptin»-ի պարագայում: Տուփի տարբերությունն է: Քանի որ դեղը Հայաստան է բերվել ոչ ուղիղ արտադրողից, այլ զուգահեռ ներմուծմամբ, ներմուծողը տրամադրել է ստուգման հավաստագրի պատճենը, ինչը չի բավարարել արտադրողին, ու դեղը հետկանչ են արել: Մարդիկ հանգիստ կարող են երկու տուփովն էլ օգտագործել, քանի որ արտադրողը նույնն է: Ընդամենը բիզնես շահերի խնդիր է:

Նույն L-թիրոքսինը, որ ուղղակի արտադրողից բերվում էր, և այստեղ էլ մատակարարները վերցնում էին, մեկ տարի առաջ բավականին թանկ էր: Զուգահեռ ներմուծման արդյունքում՝ մոտավորապես 50-60% գինն իջավ: Հիմա ամեն ինչ անում են, որ դեղը զուգահեռ չմտնի, որ թանկ վաճառվի:

Անուշ Պողոսյան.- Այդ պատմության պալատական շարունակությունն էլ կա: Տեսչական մարմինը հայտարարում է դեղի հետկանչի մասին ու բնակչությանը հորդորում, որ ուշադիր լինեն ու այդ սերիաներով դեղերը չօգտագործեն: Երբ այդ խոսակցությունը հասնում է Փաշինյանին, վերջինս առողջապահության նախարարի հետ խիստ խոսակցություն է ունենում, թե՝ էս ի՞նչ կեղծ դեղերի մասին է խոսքը: Եվ դրանից 3 օր հետո նախարարությունն իր կայքում հատուկ հայտարարություն է դնում, որ՝ հանգիստ խմեք այդ դեղերը, պրոբլեմ չկա, ու ճիշտ է ասում:

Բայց թե քանի հոգի էդ ընթացքում սթրես տարավ, դեղերը թափեց, որովհետև L-թիրոքսինն ամբողջ կյանքի համար է, պարզ չէ: 3 օր մարդկանց պահում են սթրեսի մեջ, հետո ասում՝ ամեն ինչ նորմալ է, պարզապես գրանցման, տեխնիկական խնդիր է եղել: Բա մեկն այդ մարդկանց հարց չի՞ տալիս՝ էս ի՞նչ եք անում, ինչ է զուգահեռ ներմուծողի թթվածինը փակեն, որ դեղը թանկ ծախեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս