«Մոտ 6 տարի է, այս խնդիրը կա, բայց ոչ՝ լուծումը: Այս կանաչ լույսերից ոչ միայն վարորդները, այլև հետիոտնն է հաճախ սխալվում, խախտում անում: Կարծում եմ, ոչ թե գույնն է պետք փոխել, այլ ուղղակի դրանք փողոցի մոտ չպետք է լինեն, օրինակ, կարող են փակցնել դեղատան պատին»,- մեզ հետ զրույցում նշեց մի քաղաքացի:
Կառավարությունը «Գովազդի մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է դեղերի արտաքին գովազդին։ Կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ այժմ գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանն առավել հասանելի դարձնելու առումով: