Անդրանիկ Քոչարյանի առաջին «գլուխգործոցը». Ապրիլյան հանձնաժողովի զեկույցում ոչ մի խոսք չկա քառօրյայի արդյունքների մասին, իսկ տեղ գտած ձևակերպումները հիմնավորված չեն

2025թ. փետրվարին Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Ադրբեջանի պետական մեղադրողը հայ ռազմաքաղաքական էլիտայի դեմ «հանցագործության դրվագներ» ներկայացնելիս հիշատակել էր նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:

Դրանից հետո, իհարկե, Բաքվի դատարանում կրկին հիշատակվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին տրված հարցերի ժամանակ, և ակնհայտ է, որ հետագայում էլ քառօրյա պատերազմին անդրադարձ լինելու է: Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ հաջորդ «դատական նիստը» նշանակվել է ապրիլի 3-ին:

Եվ այս ամենի ֆոնին օրեր առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է. «Քառօրյա պատերազմում էլ, 44-օրյա պատերազմում էլ մենք պարտվել ենք, և դա արձանագրված է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»:

Եթե նույնիսկ ընդունենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմում հայկական կողմը չի հաղթել, հաշվի առնելով՝ չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա, ապա գլոբալ առումով, թերևս, չի էլ պարտվել, եթե դիտարկենք, որ Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ ուներ, ինչը ձախողվել է, կամ՝ ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ադրբեջանի նպատակն ավելի խորը մխրճումն է եղել՝ մարտավարական, օպերատիվ-մարտավարական խորության, 2 կողմից հակառակորդը որոշակի մխրճում է ունեցել, ինչը կանգնեցվել է»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, ապա այդտեղ պարտվել է հայկական կողմը, բայց ունեցել է հերոսական դրվագներ, որոնք ՀՀ իշխանությունները չեն ցանկանում շեշտադրել:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցում տեղ են գտել իշխանությունների զուտ քաղաքական գնահատականները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, ՀՀ իշխանությունն իր օդիոզ դեմքերի միջոցով փորձում է հավասարության նշան դնել 2016 թվականի Ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների միջև:

«Բայց միակ հավասարությունը, որը կարող է արտահայտված լինել, դա այն է, որ մեր շատ զինծառայողներ, սպաներ, հրամանատարներ՝ առանձին դեպքերը մի կողմ դրած, ամեն ինչ արել են իրենց մարտական խնդիրը լուծելու համար: Սակայն 2016 թվականին ամեն ինչի թիկունքում կար պետություն, և ամեն ինչ արվել է ադրբեջանական ագրեսիայի ծավալումը կասեցնելու, այսինքն՝ պատերազմի երկարակեցություն թույլ չտալու համար, մինչդեռ 2020 թվականին մեր զինծառայողները, հրամանատարները, սպաները, կամավորականները բառիս բուն իմաստով չեն զգացել պետության շունչը, ներկայությունն իրենց թիկունքում: Ավելին, իշխանությունն իր քաղաքականության հետևանքները բարդեց զինվորականության վրա:

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմին և 44-օրյային առնչվող քննիչ հանձնաժողովներին, ապա 2016 թվականի քննիչ հանձնաժողովի զեկույցին ես ծանոթացել եմ: Եվ այն ամենը, ինչ իշխանությունները տարբեր ժամանակներում և մինչև 2018 թվականն այսօր իշխանության եկած անձինք արծարծում էին, դրա մեծ մասը կամ արտահայտված չի զեկույցում՝ որպես նախորդ իշխանության սխալներ և տապալումներ, կամ, եթե ինչ-որ բաներ էլ կան, որ ձևակերպված են, հստակ հիմնավորում տրված չէ: Այսինքն, պարզապես խնդիր է եղել քաղաքական գնահատականներ հնչեցնելու, և դրանք ամրագրվել են Ապրիլյան պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցում:

Իսկ 2020 թվականի պատերազմական գործողություններին վերաբերող զեկույցի մասով, որն օրենքների խախտումով դեռ խորհրադարանին չի ներկայացվել, չի հրապարակվել, պետք է ասեմ, որ անկախ այն հանգամանքից, որ ամեն ինչ արվել է դրանում քաղաքական իշխանության, այսպես ասած, ներկայությունը բացառելու և նրան պատասխանատվությունից «զրկելու» համար, ամեն դեպքում, իրենք էլ գիտակցում են՝ եթե նույնիսկ փորձ արվի ամբողջ պատասխանատվությունը թողնել զինվորականության վրա, միևնույն է՝ տարբեր դրվագներով, տարբեր իրավիճակներում անուղղակի և ուղղակի տեսանելի է լինելու, որ պատերազմի ելքի պատասխանատվության ահռելի բաժինը քաղաքական իշխանությանն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

 Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցում մազաչափ խոսք չկա քառօրյայի արդյունքների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ Անդրանիկ Քոչարյանի վերը նշված հայտարարությանը և Ապրիլյան պատերազմի վերաբերյալ գնահատականին հետևյալ կերպ արձագանքեց.

«Ժողովրդական խոսք կա՝ Աստված մարդուն լեզու է տվել քիչ խոսելու համար: Չգիտեմ՝ ո՞ր դարում է այդ խոսքը ծնվել, բայց երևի այն ժամանակ կանխատեսել էին, որ ՀՀ-ում լինելու է Քոչարյան Անդրանիկ անուն-ազգանունով մեկը:

Իրականում պատգամավոր ընտրվելուց հետո 3 անգամ վերընթերցել եմ ՀՀ-ում մեծ աղմուկ հանած Անդրանիկ Քոչարյանի առաջին «գլուխգործոցը»՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը համարվում է գաղտնի, և ամիսներ շարունակ իշխանության փրկօղակ քարոզչությունից հետո քիչ քննարկվելով ներկայացվել էր ԱԺ-ին, ու այդպես էլ մնաց դարակներում՝ փոշին վրան: Ես կարող եմ ասել, որ այդ քննիչ հանձնաժողովը, որն իբր քննել է Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածը, ուղղակի որևէ բան չնշանակող, ոչինչ իր մեջ չպարունակող մի փաստաթուղթ է կազմել, որտեղ շատ հարցերի պատասխաններ չկան, և իրականում այդ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը որևէ կերպ, անգամ՝ մազաչափ չի խոսում Ապրիլյան քառօրյայի արդյունքների մասին, և ինչպես օրերս հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը՝ իբր հայկական կողմի պարտության մասին:

Այդ ամբողջ զեկույցը, որը պատրաստվել է, իրականում մի քանի ուղղություններով քինախնդրության զեկույց է: Քինախնդրություն քաղաքական առումով՝ նախկին իշխանությունների նկատմամբ, և ուրիշ ոչինչ:

Ի դեպ, և՛ Ապրիլյան պատերազմի, և՛ հատկապես 44-օրյային առնչվող քննիչ հանձնաժողովի օբյեկտիվության հետ կապված պետք է նշել, որ զեկույցի պատրաստմանը մասնակցել են նաև նախկին զինվորականներ, որոնք այս կամ այն կերպ ունեցել են նաև անձնական խնդիրներ, ու անգամ անզեն աչքով կամ սիրողական մակարդակով քննիչ հանձնաժողովի զեկույցներում երևում կամ երևալու է այդ ամբողջ սուբյեկտիվիզմը:

Չմոռանանք, որ քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի խնդրահարույց ամենամեծ հարցն այն է, որ այդպես էլ հստակ չի, թե քանի զոհ ենք ունեցել Ապրիլյան պատերազմի ընթացքում, և դա համարվել է այդ օրվա իշխանությունների մեծագույն մեղքերից մեկը:

Եվ հիմա վերհիշենք 44-օրյա պատերազմը, և այս պատերազմի թանկագին հազարավոր զոհերը և մինչև վերջ էլ բոլոր զոհվածների անունները հրապարակելու իշխանության չկամությունը կամ հատուկ սաբոտաժը»,- մանրամասնեց Գեղամ Մանուկյանը:

Ապրիլյան պատերազմում համատեքստում հավելենք, որ Փաշինյանի թիմն ինքն էր հերքել իրենց իսկ պնդումները՝ վառելիքի, փամփուշտի, սննդի պակասի հետ կապված:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը երբ որոշել էր Արշակ Կարապետյանին դարձնել իր խորհրդականը, ով Ապրիլյան պատերազմի օրերին ռազմական հետախուզությունն էր ղեկավարում, պնդել էր. «Ես քառօրյա պատերազմի մասին տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եմ կարդացել և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական նյութերի բացակայության կամ պակասության մասին»:

Մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի թերություն արձանագրել էր. 

«Մենք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմական գործողության, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելի ոչինչ չկա: Մենք նախնական տեղեկություններ ունեցել ենք արդեն ամսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն»:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա պետք է հիշել՝ պատերազմը վարում է պետությունը և քաղաքական գնահատական պետք է տրվի պետությանը, իսկ բանակին պետք է տրվի զուտ ռազմական գնահատական, բայց ոչ քաղաքական հանձնաժողովների շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս