
Ապրիլյան պատերազմում չենք պարտվել, իսկ 44-օրյայի պարտության համար Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա պետությանը. Սեյրան Օհանյան

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» ժամանակ ադրբեջանական պետական մեղադրողներն ուղղորդված հարցերի միջոցով փորձում են նրանցից ցուցմունքներ կորզել ՀՀ նախկին նախագահների, ռազմական ղեկավարների, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի դեմ՝ ներկայացնելով Հայաստանին և ՀՀ զինված ուժերին՝ որպես «ագրեսոր» և «օկուպանտ»:
Բաքվի «դատավարության» ժամանակ կա մեղադրող՝ Ադրբեջանը, և չկա պաշտպանվող կողմ՝ Հայաստանը
Ադրբեջանում ընթացող «դատական նիստերին» հիշատակվում է ոչ միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմը, այլև՝ Արցախի առաջին պատերազմը, 2020 թվականի հուլիսյան մարտերը, և հատկապես 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ շինծու մեղադրանքներով «դատավարությունը» տեղի է ունենում «Ադրբեջանի օրենսդրության և միջազգային օրենսդրության շրջանակում»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ Բաքվում իրականացվում է կեղծ դատավարություն:
«Ալիևը փորձում է ագրեսորի և պատերազմական գործողությունների համար հանցագործի պիտակն իր վրայից գցի և այն դնի Հայաստանի Հանրապետության վրա:
Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է «դատավարություն», և, որ նայում ենք, կա մեղադրող՝ դա Ադրբեջանն է, իսկ մյուս կողմից՝ Հայաստանից, պաշտպանություն չի իրականացվում: Այսինքն, Հայաստանը պետք է ապահովի պաշտպանություն, քանի որ իրեն են կցում «ագրեսորի» և «պատերազմական գործողությունների համար հանցագործի» պիտակը:
Ավելին, ոչ միայն Հայաստանը պետք է պաշտպանվի, այլև պաշտպան պետք է ընտրի, այսպես ասած, իսկ մեզ համար պաշտպան կարող է հանդիսանալ ռազմավարական գործընկերությունը:
Ի դեպ, այստեղ պետք է նկատել, որ Արցախի հակամարտությունն ավարտված չէ, և Ադրբեջանի այն պահանջը, որ պետք է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարվի, դրանով իրենք փորձում են վերջ դնել հակամարտությանը, և փորձում ցույց տալ՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի կամ Ադրբեջանի և Արցախի միջև, մեղավորը Հայաստանի Հանրապետությունն է: Ըստ այդմ՝ գտնում եմ, որ ՀՀ իշխանությունների պահվածքն այս առումով ադեկվատ չէ, և պարզ է՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչի գնալու են՝ միայն իրենց իշխանությունը պահելու համար:
Ինչ վերաբերում է հարցին, որ ՊԲ-ն ենթարկվել է ՀՀ զինված ուժերին, ուստի և՛ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, և՛ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացվել են այստեղից «գնացած» հրամանները, ապա նախ պետք է նշել, որ Արցախի Պաշտպանության բանակը ձևավորվել է արցախյան հակամարտության սկզբնամասում՝ ապահովելու Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը: Այնուհետև Արցախի ՊԲ-ն իր զարգացումն է ապահովել, իհարկե, նաև ՀՀ աջակցությամբ: Բայց և՛ Ապրիլյան քառօրյայի, և՛ 44-օրյայի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ընդհանուր առմամբ, ընդգրկված չի եղել, այլ ՊԲ-ն է հիմնականում մարտնչել, թեպետ Հայաստանից կամավորականներ եղել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Ապրիլյան պատերազմում մենք չենք պարտվել
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե «քառօրյա պատերազմում էլ, 44-օրյա պատերազմում էլ մենք պարտվել ենք, և դա արձանագրված է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»:
Եվ քանի որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Սեյրան Օհանյանն է եղել ՀՀ պաշտպանության նախարարը, փորձեցինք պարզել՝ 2016 թվականի քառօրյայի ժամանակ հայկական կողմը հաղթե՞լ է, թե՞ առնվազն չի պարտվել:
«Ապրիլյան պատերազմում մենք չենք պարտվել: Ապրիլյան պատերազմում Արցախի ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է, որովհետև Ադրբեջանի նպատակն ավելի խորը մխրճումն է եղել՝ մարտավարական, օպերատիվ-մարտավարական խորության, ինչի մասին վկայող քարտեզներ կան։ Այսինքն, արտացոլված են եղել այն խնդիրները, որոնք իրենց մեջ պարունակում էին մինչև 40 կմ մխրճում: Մենք գիտենք, որ 2 կողմից հակառակորդը որոշակի մխրճում է ունեցել, ինչը կանգնեցվել է: Եվ ամենակարևորը, որ Ադրբեջանի ղեկավարությունն է ՌԴ միջնորդությամբ խնդրել, որ կանգնեցվի պատերազմը»,- մանրամասնեց Սեյրան Օհանյանը:
Հավելենք, որ 2016-ի ապրիլին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ էր դրել իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են՝ «Սմերչ», «Կասիրգա», «Ուրագան», «Գրադլար», «ТОС-1А» («Սոլցեպյոկ»), իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ, МИ-24G հարվածային ուղղաթիռներ և այլն:
Ադրբեջանը գործողության մեջ էր դրել նաև իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները: Սակայն նման ուժերի և միջոցների ներգրավման պարագայում անգամ հակառակորդին չհաջողվեց հասնել իր առջև դրված խնդրի կատարմանը, իսկ որ այն զուտ մի քանի դիրք գրավելը չէր, ապացուցում էր նաև ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրավված գույքը՝
– թռիչքային քարտեզներ
– օդաչուի պլանշետը
– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը
– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը
– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան
– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց
– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով
– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս
– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր
– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով:
Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն, մասնավորապես, պարզ էր դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:
Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ:
Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:
Չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա:
44-օրյայի քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա պետությանը
Ինչ վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, հայկական կողմի պարտությանը, դրա ամրագրմանը Քննիչ հանձնաժողովի զեկույցում, ապա Սեյրան Օհանյանն ասաց, որ ամբողջությամբ պետք է վեր հանվեն պատերազմի սկսման, դրա վարման հանգամանքները՝ նշելով և՛ դրական, և՛ բացասական կողմերը:
«Պետք է ասել, որ Պաշտպանության բանակը մեկ ամիս՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը, մարտնչել է և իր պաշտպանության գոտու 283 կմ-ից 265 կմ-ն պահել է, և մոտ 20 կմ-ում է ճեղքումը տեղի ունեցել: Ինչ վերաբերում է Քննիչ հանձնաժողովի գործունեությանը, ապա այն պետք է գնահատական տա պետությանը, թե իշխանության բոլոր ճյուղերն ինչպե՞ս են կատարել պատերազմի ժամանակ իրենց խնդիրները:
Զեկույցը կհրապարակվի, բայց մինչև դրա հրապարակումը մենք ինքներս կարող ենք նախ արձանագրել, որ այդ հանձնաժողովն իր մասնագիտական կարողություններով և ունակությամբ չի կարող գնահատական տալ այնպիսի լայնածավալ գործողություններին, ինչպիսին 44-օրյա պատերազմն է: Իսկ այնտեղ մարդկանց հարցաքննությունները և ՀՀ-ում ընթացող դատավարությունները հուշում են, որ բոլոր սլաքներն ուղղվում են բանակին՝ զինված ուժերի մարտավարական օղակին, հրամանատարությանը: Մինչդեռ, կրկնում եմ, որ Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա իշխանության բոլոր թևերին»:
Անկանոն կրակոցների մասին հայտնել, դիպուկահար կրակոցներին՝ պատասխանել
ՀՀ պաշտպանության նախկին նախարարից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նպատակ են հետապնդում ադրբեջանական վերջին օրերի ապատեղեկատվությունները, ինչպե՞ս պետք է դրանց արձագանքի հայկական կողմը:
Ըստ Սեյրան Օհանյանի, այդ ապատեղեկատվությունները նաև տեղեկատվական պատերազմի բաղադրիչ են, որոնք մի քանի նպատակ են հետապնդում, հատկապես, եթե այն դիտարկենք խաղաղության համաձայնագրի համատեքստում:
«Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձում է ցույց տալ, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն իր համար ինքնանպատակ չէ, ուստի, բացի համաձայնեցված կետերից, նա շարունակում է պնդել իր գլխավոր պահանջը կամ պահանջները: Երկրորդ, Ալիևը փորձում է զգոն պահել իր բնակչությանը, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ, պետք է պատրաստ լինել պատերազմի, այսինքն՝ փորձում է նաև ներքին խնդիրներ լուծել»,- նշեց նա:
Անդրադառնալով սոցիալական ցանցերում ադրբեջանական կրակոցների մասին շրջանառվող տեղեկություններին և դրանց առնչությամբ ՀՀ ՊՆ պաշտոնական արձագանքին, նախկին նախարարից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պետք է անկանոն կրակոցների մասին դեպքերն արտացոլվեն ՀՀ ՊՆ հաղորդագրությունների մեջ, և եթե դրանք անկանոն չեն, ի՞նչ պատասխան պետք է լինի զինված ուժերի կողմից:
«Բոլոր կրակոցների դեպքում էլ պիտի լինի հայտարարություն, անկանոն կրակոցները պետք է արտացոլվեն ՊՆ հաղորդագրության մեջ: Նշենք, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում, իսկ հայկական կողմն ունի հանձնարարական՝ պահպանել հրադադարի ռեժիմը:
Ի դեպ, ՀՀ իշխանությունները մտավախություն ունեն, որ ադրբեջանական կողմը միտումնավոր է դիմում կրակոցների, որ «սադրի» հայկական զինուժին:
Մյուս կողմից, 44-օրյայի պարտությունից հետո հայ հասարակության շրջանում բարոյահոգեբանական խնդիրներ կան, նաև՝ այդ վիճակից դուրս գալու հարց, հրամայական:
Բայց, կրկնում եմ, անկանոն կրակոցների մասին պետք է հայտնել, իսկ եթե լինեն դիպուկահար կրակոցներ՝ պատասխանել։ Այսինքն, առաջնագծում մեր դիրքը կամ դիրքորոշումը պետք է արտահայտվի: Որքան չես պատասխանում, այնքան հակառակորդն ավելի է լկտիանում, փորձը սա է ցույց տվել»,- նշեց նախկին նախարարը՝ հավելելով, որ հասարակության և բանակի բարոյահոգեբանական վիճակի բարելավման համար պետք է վերջ դնել զիջողական քաղաքականությանը, ունենալ հզոր տնտեսություն, հզոր բանակ և բարելավել ժողովրդագրական պատկերը:
«Ինչքան հակառակորդին հանձնվում ես, տալիս ես, կատարում ես նրա պահանջները, այնքան նրանք ավելի շատ են պահանջում, և հակառակը՝ որքան հակադարձես, քո շահերն առաջ տանես, այդ դեպքում երկու երկրների միջև պայմանավորվածություններում մենք չենք զիջի, և մեր շահերը հաշվի կառնվեն»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ նախկինում և՛ Արցախի պաշտպանության բանակը, երբեմն՝ նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասն հայտնում էին, թե քանի անգամ է հակառակորդի կողմից խախտվել հրադադարի ռեժիմը, ինչ զինատեսակներից է կրակ արձակել հակառակորդը, ինչից «ոգևորված»՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս սկսել էր ինչ-որ պահի նմանօրինակ հաղորդագրություններ տարածել:
Ի դեպ, պետք է նշել, որ այսօր ՀՀ ՊՆ-ն իր հաղորդագրության մեջ, ըստ էության, չէր հերքել անկանոն կրակոցների փաստն Ադրբեջանի կողմից՝ «հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով»: