Только после Вас. ԱԱԾ-ն՝ քաղաքական հայտարարություններ հաստատող, կամ՝ ինչպես Արարատ Միրզոյանն առաջ անցավ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2023թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ականապատ տարածքների քարտեզների հետ կապված ադրբեջանական պահանջներին ու մեղադրանքներին, թե հայկական կողմը ոչ ճշգրիտ քարտեզներ է փոխանցել:
Միրզոյանը նշել էր, որ երկու անգամ ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի քարտեզներ, և չէր բացառել նոր քարտեզների հանձնումն Ադրբեջանին:
«Տարօրինակորեն, շարունակաբար լսում էինք ադրբեջանական կողմից բողոքներ այն մասին, որ այդ քարտեզներն այդքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ կերպով չեն արտացոլում ականների տեղակայումը: Այստեղ տեղին է հիշել, որ այդ ականապատումը՝ հաճախ հենց նույն տարածքների, սկսվել էր դեռ 1990-ականներին հենց Ադրբեջանի կողմից: Ինչևէ, մենք կարողացել ենք ի մի բերել և փոխանցել ադրբեջանական կողմին այն տեղեկատվությունը, ինչ մեզ հասանելի էր:
Ցանկանում եմ ասել, որ, իմ տեղեկությունների համաձայն, այժմ համապատասխան հայկական մարմիններն աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել նոր տեղեկատվություն հնարավոր նոր ականների վերաբերյալ, և չեմ բացառում, որ համապատասխան երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում և վստահության ամրապնդման քայլերի դեպքում իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվություն:
Ես չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին, թեև կարող եմ ասել, որ վստահաբար այս անգամ պետք է այդ գործողությունն անել միջազգային գործընկերների միջոցով, և հույս ունենք, որ եթե դա տեղի ունենա, ապա այդ փոխանցման պահին, կամ փոխանցման օղակում հնարավոր կլինի ևս մեկ անգամ հավաստիանալ, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում, բայց ես երևի մի փոքր առաջ անցա, կրկնում եմ, որ հարցումները դեռևս իրականացվում են այս առումով»,- շարունակել էր Միրզոյանը:
Եվ հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուց հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածում, որտեղ, ըստ էության, հաստատում են Արարատ Միրզոյանի քաղաքական հայտարարությունը՝ հայտնելով, սակայն, որ 5 անգամ է Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզ փոխանցվել:
«2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ):
Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ և հումանիտար քայլն օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հրապարակային և աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռք բերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով:
Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո և ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է՝ շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ:
Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների»,- մանրամասնել է ԱԱԾ-ն:
Մի կողմ թողնենք ԱԱԾ «մեղայագիրը» և նախ հիշեցնենք, որ վերը նշված պայմանավորվածության նախօրեին Ալիևը Նիկոլ Փաշինյանից երաշխիքներ էր պահանջել, որ ռևանշիզմի փորձեր չեն լինի:
Մյուս կողմից, ըստ էության, Երևանը ջանասիրաբար ականապատ տարածքների ճշգրտումներ անելով և նոր տեղեկամատյաններ կազմելով՝ արտահերթ նախագահական ընտրությունների պատրաստվող Ալիևին օգնում են զսպել քաղաքացիների շրջանում դժգոհությունը և ցույց տալ, որ ականազերծման հարցում ակտիվ աշխատում են:
Հունվարի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ միայն 2023 թվականի ընթացքում ականի պայթյունից 19 կորուստ են ունեցել, 39-ն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ 2020 թվականի նոյեմբերից կորուստների թիվը 65 է, վիրավորներինը՝ 277:
Ի դեպ, ՀՀ ԱԱԾ հաղորդագրությանն արձագանքել է ոչ թե Ադրբեջանի համապատասխան կառույցը, այլ երկրի արտաքին գերատեսչությունը, որտեղ կրկնվել են Հայաստանին բազմիցս հասցեագրված մեղադրանքներն ու պահանջները՝ կապված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտության հետ:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ փոխանցված քարտեզները չեն արտացոլում իրականությունը: Ըստ դրանց՝ Ադրբեջանի տարածքում 400.000 ական է դրվել, մինչդեռ իրականում այդ թիվը գերազանցում է 1 միլիոնը»,- պնդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ վերջին տարիներին ականի պայթյունների 55 տոկոսը տեղի է ունեցել Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզներից դուրս հատվածներում:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենցից մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար է պահանջվելու Արցախի օկուպացված տարածքներն ամբողջությամբ ականազերծելու համար, քանի որ խոսքն ավելի քան 1 միլիոն ականի մասին է:
Իսկ փոխանցված ականապատ տարածքների քարտեզներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կարող են չլինել ճշգրիտ և զգալի շեղումներով:
Եվ չկա երաշխիք, որ նոր տրամադրվելիք տեղամատյանները մեծ ճշգրտություն են ապահովելու, հատկապես, եթե դրանք, ինչպես Ադրբեջանն է պնդում՝ չեն դրվել 44-օրյա պատերազմից հետո: Փոխարենը՝ մենք լեգիտիմ հիմքեր ենք ստեղծելու մեր դեմ փոխհատուցման պահանջների ու այլ մեղադրանքների մեծացման համար:
Ի դեպ, Ադրբեջանը պահանջում է Հայաստանից հրատապ միջոցներ ձեռնարկել և 30 տարի առաջ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, նրանց մասունքների հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրել:
Արդյո՞ք նույն ջանասիրաբար հայկական կողմը, ՀՀ ԱԱԾ-ն աշխատանքներ է տանում և Ադրբեջանին պահանջներ ներկայացնում առնվազն 44-օրյա պատերազմի արդյունքում մեր անհետ կորածների կամ նրանց մասունքների հնարավոր գտնվելու վայրի մասին, որոնողական աշխատանքների իրականացման պահանջ դնում, կարող ենք միայն ենթադրություններ անել:
Մի բան, սակայն, հստակ է՝ ուժային կառույցները պետք է զերծ մնան Փաշինյանի քաղաքական խաղերի մեջ մտնելուց, քանի որ նա սովորություն ունի նույն թեմայի շուրջ տարբեր հայտարարություններ անել և պաշտոնական ու ոչ պաշտոնական շփումների ժամանակ տարաբնույթ խոստումներ տալ: Հուսով ենք՝ մի օր կիմանանք, թե ինչու 44-օրյա պատերազմի ժամանակ կարևոր հատվածները չեն ականապատվել, կամ ինչո՞ւ չէ՝ ականազերծվել: