
Ինչի՞ ես Զանգեզուրը դնում սեղանին. հայ-թուրքական սահմանին անկայունությունը հրահրում են քրդերը, ովքեր հրաժարվեցին զենքը վայր դնել ու քաշվեցին այդ կողմերը. Աբրահամ Գասպարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նոպատիկ կատաղության վիճակը Փաշինյանին բնորոշ է, բայց դա մասկի շոուի սոսկ արտաքին շերտն է։ Երեկվա բեմադրությունն ԱԺ-ում պլանավորած էր՝ սկսած ՔՊ-ականների հարցերից։ Ինքը, ինչպես նկատեցիք, այդպես էլ չպատասխանեց՝ «Ի՞նչ է զիջում Ադրբեջանը» հարցին, ընդհակառակը, վարպետորեն շրջեց թեման իրեն հարմար ուղղությամբ։
- Երկրի ղեկավարն իրեն լակոտի պես չպետք է պահի։ Դա լակոտական քաղաքականություն է։ Կա՛մ ալկոհոլի ազդեցության տակ էր, կա՛մ հոգեմետ դեղերի, կա՛մ երկուսը միասին։
- Շատ պարզ հաշվարկ կա․ 2018թ.-ից հետո, Փաշինյա՛ն, դու կորցրել ես 12.000 ք/կմ տարածք, հանձնել ես Արցախը, Ադրբեջանին ես թողել Արցախի էներգետիկ ու ջրային ռեսուրսների 60%-ը, զոհել ես 5000 կյանք․․․
- Նիկոլի այս ջղաձգումները պայմանավորված են իր արտաքին հովանավոր Էրդողանի վրա եղած ներքին ճնշումներով։ Իր խնդիրն այն է, որ Էրդողանը հիմա խառն է, ինքը խորհրդատու չունի ու կորցրել է հավասարակշռությունը։
- Փաշինյանը ԱԺ-ում ասաց՝ Ղարաբաղ չկա։ Եթե սրան գումարենք, որ Ազգային ժողովի՝ թքագեղձերով հարուստ նախագահը՝ Ալեն Սիմոնյանը, ասել էր՝ Ղարաբաղյան պարտությունը մեր հաղթանակն է, խճանկարը պարզ է լինում։ Այս մարդիկ եկել են ոչ թե Ղարաբաղը քանդելու, այլ Հայաստանը։ Եթե Ղարաբաղյան հաղթանակը չլիներ, Հայաստան պետություն չէր լինի, ու հիմա երբ սա ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, ակնարկում է՝ Հայաստան չկա։ Ըստ նրա՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը վախճանված է, ուրեմն կարելի է ավարը բաժանել տարբեր ուղղություններով։
- Օրը կգա, կբացահայտենք՝ այս նիկոլական թութակները դեռևս մինչև հեղափոխությունը Վիեննայում, Իզմիրում, այլ տեղերում ո՞ր հյուրանոցում, ե՞րբ, ի՞նչ էին խոսում Արցախի մասին։ Օրը գալու է, սրանցից մեկը ԱԺ ամբիոնից կասի՝ ուրախացեք, որ Ադրբեջանը մեզ զիջում է պետություն ունենալու իրավունքը։ Ու դա այդպես էլ լինելու է։ Սա ինձ մերձավորարևելյան ձեռագիր է հիշեցնում․ այսպես փլուզեցին Պաղեստինը։ Սյունիք, հանքեր, հակաիրանյան բլոկ… Սա է ամբողջ խնդիրը։
- Իրենց նվազագույն խնդիրը Զանգելանից մինչև Նախիջևան անկայուն վիճակ ստեղծելն է, առավելագույնը՝ կտրել այդ հատվածը Հայաստանից։ Հիմա մենք Սյունիքի պատկանելության հա՞րց ենք վիճարկում։ Ի՞նչ է նշանակում՝ Սյունիքը հայկական է։ Այս իշխանությունների գործողությունների արդյունքում մենք հիմա ներսում դա ենք վիճարկում, եթե այդ նարատիվը բերում ենք մեր խոսույթ։ Իսկ դա նշանակում է, որ սրանց ու Ադրբեջանի մտածողությամբ՝ դա Արևմտյան Ադրբեջան է։ Հայաստանի գոյության իրավունքը Փաշինյանը մատուցելու է մեզ՝ որպես մեծագույն փոխզիջում։ Նիկոլիզմի տրամաբանական ավարտը սա՛ է լինելու։ Մենք՝ որպես հայ ժողովուրդ, սրան ի՞նչ պատասխան ենք տալիս…
- 1994թ․ Թուրքիան հայ-թուրքական սահմանը փակել է Քելբաջարի համար։ Հիմա Քարվաճառի խնդիրը չկա, դե թող բացեն սահմանը, իրենք էին փակել, իրենք էլ թող բացեն, եթե իրենց այդքան պետք է։
- Թուրքիան պատրաստվում էր Հայաստան ներխուժման 1993թ․։ Եվ եթե չլիներ կազմաքանդված ԽՍՀՄ-ի իրավահաջորդ ՌԴ-ի դեսպանի հայտարարությունը` «Ոտներդ կջարդենք» տրամաբանության մեջ, հենց այդպես էլ կլիներ։
- Թուրքիայի համար տնտեսության տեսանկյունից մենք գրոշի արժեք չունենք։ Մենք Թուրքիային պետք ենք՝ որպես տարանցիկ ճանապարհ։ Ու նրանց այս քաղաքականությունը չի փոխվել վերջին 120 տարում։
Հիշեցնենք, օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է. «Մենք մեր ռազմավարական գործընկերների հետ կկառուցենք զարգացման և առևտրային միջանցքներ Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև, Կասպից ծովում՝ Զանգեզուր կենտրոնով»։ Այս մասին նա հայտարարել է 2030 թվականի արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացման ռազմավարության շնորհանդեսին։ «Մեր արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը մեր երկրի արդյունաբերականացման փորձով կկիսվի թյուրքական, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ, կուղղորդի նրանց՝ ամրապնդելու և զարգացնելու իրենց արտադրական և հետազոտական էկոհամակարգերը»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա նշել է, որ իրենց ռազմավարության հինգերորդ և վերջնական նպատակը մշակող արդյունաբերության արտադրողականության, կարողությունների և մասշտաբների խնդիրներին անդրադառնալն է, ինչպես նաև ճգնաժամերին և ցնցումներին նրա դիմադրողականության բարձրացումը։ «Մենք ստեղծելու ենք նոր պլանային արդյունաբերական գոտիներ՝ ընդլայնելով գործող ռազմավարական գոտիները»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ ստեղծելու են նոր արտադրական, լոգիստիկ և զբաղվածության միջանցքներ։
- Դու դեպի Սև ծով ճանապարհ ունենալո՞ւ ես, Թուրքիայի հետ խոսե՞լ ես այդ մասին… Իհարկե ո՛չ։ Բա ինչի՞ ես Զանգեզուրը դնում սեղանին։ Խնդիրը «ծովեր VS ցամաք» հարցն է։ Ավելին ասեմ, Թուրքիայի հեռահար նպատակը Բալկաններն են։
- Իրանն այս տարածաշրջանը կդարձնի քաոս, եթե Սյունիքի հետ իր սահմանին իրապես վտանգ սպառնա։ Եթե Իրանը մտավ, հաջորդը լինելու է Թուրքիան, ու Սյունիքը կտրելու են։
- Ամենայն հարգանքով Hajastanwum Ֆրանսիայի դեսպանի նկատմամբ, բայց նա մի փոքր իրեն վերապահված դերից ավելի ակտիվություն է ցուցաբերում։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի Սյունիք այցը ու նրա գործելակերպն առհասարակ պետք է դիտարկել Ռուսաստանի դեմ իրավիճակը սրելու տրամաբանության մեջ։
- Որ հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի խնդիր ունեն, հաստատ է։ Դրանք վերջին 7 տարվա ընթացքում բազմաթիվ ցնցումների միջով են անցել, և հայ ժողովուրդը հարցեր ունի։ Դա չի քննարկվում։ Բայց եթե ֆիքսվենք այդ հարցերի վրա, լինենք ռեակտիվ ու առաջնորդվենք էմոցիաներով, կմնանք այդ հարցերի փլատակների տակ։
- Եթե նկատել եք, Փաշինյանը այնպես չի սողում Էրդողանի ոտքերի առաջ, որքան Ալիևի: Դրա պատճառը հայ-թուրքական սահմանին ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունն է:
- Եվրաքվեի օրակարգը ֆեյք է։ Հեքիաթ է, որ Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ առաջիկա 20-25 տարիների նկատմամբ, եթե, իհարկե, ԵՄ-ն այդքան ձգի։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահներից Մեթյու Բրայզան, որի կինը թուրք է ու թուրք քաղհասարակության ներկայացուցիչ, տարիներ առաջ Երևանում՝ դեռ քառօրյա պատերազմն էլ չկար, հայկական քաղհասարակության հետ հանդիպումից ու Արցախի մասին խոսակցությունից հետո շշմած է մնացել ու ասել՝ ինչպե՞ս կարելի է այսքան ատել սեփական երկիրը։
- Քոչարյան Անդրանիկի թիկունքին ուրիշ ականջներ կան։
- Նրանցից ոմանք 2012-2013թթ․ ՀՀ ԱԳՆ-ում աշխատելու ժամանակ այնպիսի կապեր են ունեցել Թուրքիայում, որ կարողացել են մուտք գործել թուրքական արխիվներ։ Սրանց պապաները շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, որոնցից մեկը հարևան երկրում բարձր դիվանագիտական պաշտոն է զբաղեցնում։ Սրանք մեր ներսում Տրոյական ձի են եղել։ Մինչև 2018թ․ սրանք շատ լուրջ պատրաստություն են անցել։ Բրիտանական ձեռք է։ Ո՞վ է հավաքագրում գործակալներին… Էրդողանի գլխավոր խորհրդատուն ո՞վ է՝ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։
- Չեմ բացառում, որ Փաշինյանն իր թիկնազորում Արևմուտքից, այդ թվում՝ Թուրքիայից ունենա մարդիկ։ Ռուսներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելը ուներ Հայաստանը փակ գրքի վերածելու նպատակ։ Հիմա ոչ ոք չգիտի՝ ովքեր են գնում-գալիս, ինչ նպատակով, ի՞նչ կապիտալ են բերում, ի՞նչ են անում առհասարակ։
- Եվրաքվեի կեղծ օրակարգով դու ձեռք ես առնում աշխարհի անվտանգային ճարտարապետությունը կերտող պետությանը։ Դրսում կարո՞ղ ես Ռուսաստանի հետ այդպես խոսել, կուռկուռի ձագ ես դառնում։
Հիշեցնենք, այսօր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս մեկ անգամ ՀՀ իշխանություններին զգուշացրել է.
«Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, երկու աթոռի վրա նստել չի հաջողվի: Եթե Երևանը գնում է Եվրոպա, ապա պետք է վերանայի Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը»:
- Հայ-թուրքական սահմանին անկայունություն կա, որը հրահրում են քրդերը, ովքեր հրաժարվեցին զենքը վայր դնել ու քաշվեցին այդ կողմերը։ Հիմա Թուրքիան հայտարարում է, որ իրավունք է վերապահում իրենց այդ հատվածում զորք տեղակայել։
- Էրդողանի հետ սիրախաղի վերջը Սիրիան է։ Վերջը մենք պիտի սովորե՞նք ուրիշի սխալներից դաս քաղել։ Քանդվեց մի կանգուն պետություն։ 60 տարի էլ էդ պետությունը խելքի չի գա։
- Մենք ունենք մի շանս։ Պետք է այս տարի լուծել այս իշխանության վերջը դնելու հարցը։ Եթե մենք այս տարի չպրծանք այս իշխանությունից, Հայաստանը դառնալու է Հյուսիսային Կորեա։
- Գյումրիի ընտրությունները Փաշինյանի համար լուրջ նշանակություն կարող են ունենալ։ Ու նա սա հասկանում է։ Դրա համար է փորձում ուզուրպացնել իշխանությունը։
- Գյումրիում պետք է ապահովել բարձր մասնակցություն ու չընտրել այն թեկնածուին, որի երաշխավորը ՔՊ-ն է։ Գյումրիի քաղաքապետի իմ թեկնածուն Ռուբեն Մխիթարյանն է, կարող ուժ, ով կարող է Գյումրին առաջ տանել։