Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Արցախը հանձնած Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը գերիների վերադարձի հետ կապված նոր բան չունի ասելու: ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա հայտարարեց, որ այն գործիքակազմը, որը կիրառել են, շարունակում են կիրառել և ապագայում էլ պետք է կիրառեն:

«Դա շատ կարևոր հարց է, որը մեզ անհանգստացնում է՝ որպես հումանիտար հարց, քաղաքական հարց, որպես կարևոր թեմա տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու վերաբերյալ»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցի՝ ասաց նա:

Փաշինյանը կրկնեց իր այն հայտարարությունը, թե խաղաղության պայմանագրում չկա գեթ մեկ նախադասություն, որը վերաբերում է կամ պարտավորություն է առաջացնում ՀՀ համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար:

Լիլիթ Գալստյանը Փաշինյանի խոսքը ոչինչ չասող համարեց. «Դուք հերքում եք զիջումները, բայց այն, որ այդ զիջումները համարձակ են, այդ մասին խոսեց նույնիսկ Գերմանիայի ԱԳ նախարարը: Այո, ես հասկանում եմ այն անվտանգային մղձավանջը, ինչի մեջ նաև ձեր քաղաքական իշխանության, պատասխանատվության և արժեհամակարգի արդյունքում հայտնվել է Հայաստանը, բայց ինչո՞ւ չի գործադրվում փոխադարձության սկզբունքը: Դուք հրաժարվում եք բոլոր գործիքներից, որոնք մեզ ուժեղացնում են, հետո ասում եք՝ ոչինչ չենք զիջում: Ես կոնկրետ հարց էի տալիս՝ գերիների վերադարձի ուղղությամբ ՀՀ կառավարությունն ի՞նչ գործողությունների ծրագիր ունի: Սա մեր հավաքական արժանապատվության հարցն է»:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու հարցը ուժի մեջ է մտնում պայմանագիրը ստորագրելուց և այն վավերացնելուց հետո. «Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է, ինչպես դուք եք նշում, թուլանալու, այդքան էլ Ադրբեջանն է թուլանալու: Սա ֆունդամենտալ արձանագրում է: ՀՀ-ն, Հայաստանի ժողովուրդն ուզո՞ւմ է շարունակել ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում շարունակել»:

Փաշինյանն անդրադարձավ նախկինում արած հայտարարություններին, թե «ինչպես է օգտագործվել ղարաբաղյան շարժումը ՀՀ պետականության չկայացման ճանապարհին»:

«Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է, պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի, և մեր ընկալումը համապարփակ է և ամբողջական»,- եզրափակեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս