Ադրբեջանը տապալում է, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ ո՞ր երկիրը կմիջնորդի

Հայ-ադրբեջանական, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու արձանագրումից և հայ-ադրբեջանական գործընթացում Թրամփի աշխատակազմի ակտիվությանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին լայնամասշտաբ լարվածության տպավորություն է փորձում ստեղծել։ Լրատվական դաշտում այդ ֆոնն ապահովելու համար Ադրբեջանի ՊՆ-ն, մի քանի օր է, օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ Բնականաբար, ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական բոլոր հաղորդագրությունները հերթով հերքում է։

Նախօրեին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարեց, որ մարտի 16-ին և 17-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում պարեկություն իրականացրած դիտորդները սահմանին որևէ անսովոր ակտիվություն չեն նկատել՝ փաստացի հերքելով Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքները։

Այսօր Փաշինյանի աշխատակազմը հայտարարություն տարածեց, նշելով, որ ս/թ մարտի 16-18-ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։ Այս հայտարարությամբ ՀՀ իշխանությունները վերահաստատել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկը՝ հայտարարելով՝ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։

«Հայաստանի Հանրապետության Կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը»,- ասված էր հայտարարության տեքստում։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ բանակցային տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Այսինքն՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների պահանջն Ադրբեջանը վերածում է պայմանի, առանց որի՝ համաձայնագիրը չի ստորագրվի։

Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերջին օրերին հնարավորությունը բաց չի թողնում, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրից դուրս խնդիրները քննարկումների ակտիվ օրակարգ բերելու և համաձայնագիրը ստվերելու համար։

Նա նաև հոդված է հրապարակել, ինչը հաճախ չի պատահում, և դրանում արձանագրել՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար լուրջ խոչընդոտներ կան, չնայած Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացին։ Նրա խոսքով, Արցախի առաջին պատերազմում անհետ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային ջանքերի ընդլայնումը, ականազերծման աշխատանքներին աջակցությունը, «Հայաստանից վտարված մոտ 300.000 ադրբեջանցիների իրավունքների վերականգնման խնդիրը» մնում են Ադրբեջանի դիվանագիտության ուշադրության կենտրոնում։ Ադրբեջանցի պաշտոնյաները խոսում են ՀՀ Սահմանադրության փոփոխության, Բաքվի շինծու դատավարություններին աջակցելու անհրաժեշտության, ապառազմականացման մասին, ինչպես նաև պահանջում են, այսպես կոչված, «միջանցք»։

Ադրբեջանն ամենաբարձր՝ Իլհամ Ալիևի մակարդակով հայտարարում է, թե չի վստահում հայ ժողովրդին, ինչպես նաև ՀՀ իշխանություններին, որոնք հերթով համաձայնում են ադրբեջանական պահանջներին։

Այս ամենից անկախ, հարկ է նշել, որ չնայած տարածաշրջանում գետնի վրա Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ, միակողմանի պահանջների ու ճնշումների քաղաքականությունը, շատ փորձագետների պնդմամբ, հող նախապատրաստելով հետագա ռազմական սադրանքների համար, Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ողջունել են մի շարք առանցքային երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն, Վրաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ԱՄԷ-ն, Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, Մոլդովան, ԵԱՀԿ ԽՎ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և այլք։

Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որևէ անակնկալ զարգացում տեղի չի ունենում, պարզապես հակամարտությունը շարունակվում է աշխարհաքաղաքական վերադասավորումների և տարբեր խաղացողների կողմից ռեգիոնալ տարբեր սցենարների առաջմղման պայմաններում։ Իսկ խաղաղ տրամադրություններ, ըստ նրա, չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին, չեն ձևավորվել, չկա մոտալուտ խաղաղության զգացում, չկան համապատասխան նշաններ, որ մոտ ապագայում արդեն կլինի վերջնական խաղաղություն։

«Իսկ ի՞նչ կա. կարելի է հստակ ասել, որ կա հակամարտություն ու դիմակայություն, անընդհատ վերադիրքավորումներ լավ դիվանագիտական դիրքեր ձեռք բերելու նպատակով, Ադրբեջանի մոտ ավելիին հասնելու ցանկություն կա, ուստի բոլոր քայլերը, որոշումները, ինչպես նաև Սահմանադրության փոփոխության պահանջը ելնում են հենց այս նպատակից:

Ադրբեջանից հնչող հայտարարություններից ու քայլերից կարելի է ենթադրել, որ համաձայնագիրը գոնե ներկայումս չի ստորագրվելու։ Այդ երկիրը ցանկանում է ցույց տալ (այդ թվում՝ միջազգային հանրությանը), որ կողմերի միջև այս համաձայնագրով խնդիրները սպառված չեն, կան հարցեր, որոնք ռեգիոնը պահելու են «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում։ Այսինքն՝ թվում է՝ տեղի է ունենում կարգավորում, այս տեքստը երկար ժամանակ կողմերը բանակցեցին, ու ներկայումս ըստ էության այն գուցե չստորագրվի։ Սահմանադրական փոփոխությունները բավականին երկար գործընթաց են, որը հնարավոր չէ երկու ամսում կազմակերպել։ Սակայն սա ոչ միայն կողմերի, այլև միջնորդի պատասխանատվությունն է, քանի որ ի սկզբանե համակարգված կերպով այս ամենին մասնակցել է ԵՄ-ն, ապա կողմերին թողել է միայնակ, ու ստացվում է՝ ռեգիոնն այս աշխարհաքաղաքական անկայունությունից, խնդիրներից ևս տուժում է»,- ասաց Եվսեևը։

Նա գտնում է, որ եթե առաջիկայում կայուն և պատասխանատու միջնորդներ չհայտնվեն, ապա իրավիճակը ռեգիոնի համար վտանգներ կունենա։

«Կան որոշակի ազդանշաններ, որ այդպիսիք կարող են հայտնվել։ Դա կարող է լինել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, սակայն խնդիրն այն է, որ ՌԴ-ԱՄՆ բանակցային կոնտակտները նոր են ձևավորվում, աշխատանքը բավականին բարդ ու ծավալուն է։ Սակայն ի սկզբանե հարավկովկասյան խնդիրները եղել են Թրամփի թիմի ուշադրության կենտրոնում, երբ եղել են հեռախոսազրույցներ նոր պետքարտուղարի ու Թուրքիայի ԱԳ նախարարի միջև, ինչպես նաև տեղեկությունն ամերիկացի բանակցողի Բաքու կատարած այցի մասին։ Օրերս էլ ԱՄՆ-ից մեկ այլ հայտարարություն եղավ, որը ցույց է տալիս, որ հարավկովկասյան հարցերն այդքան էլ ստվերում չեն։ Այս փուլում, թերևս, ավելի պարզ կդառնա, թե որքանով են պատրաստ կառուցողական ներգրավվել այս հարցերում»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս