Ռիսկերն ահագնացել են, ակտիվությունը՝ դանդաղել

Հայաստանի տնտեսությանը սպառնացող ռիսկերը գնալով ահագնանում են։ Տարածաշրջանում պահպանվող լարվածությունը՝ մի կողմից, մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերությունների սրացումը, խնդիրներ է ստեղծել տնտեսության հատկապես արտահանելի հատվածի համար, որն առավել ևս՝ մտահոգիչ է։ Արտաքին հատվածից բխող մարտահրավերներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են թողնում տնտեսության վրա։

Տնտեսական ակտիվության տեմպերը գնալով թուլանում են, ինչը նկատելի էր նույնիսկ հայ-ռուսական հարաբերությունների սրացումից առաջ։

Տարեսկզբի 7.6 տոկոսից, 4 ամիսների արդյունքներով, տնտեսական ակտիվության աճն իջել է 6.9 տոկոսի։

Չնայած նրա, որ այս թուլացումից հետո էլ տնտեսական ակտիվությունն արտաքուստ դեռ մնում է բավականաչափ բարձր, այնուհանդերձ, առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը ցույց տվեց, որ դա հիմնականում «օդ» է։ Պաշտոնական տվյալներով, արձանագրված 7.1 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմեց ընդամենը 4 տոկոս։ Այդ ժամանակահատվածի կտրվածքով, վերջին 5 տարիներին երբևէ նման ցածր ցուցանիշ չէր արձանագրվել։

Կարդացեք նաև

Տնտեսական ակտիվության վրա, ինչպես նախորդ մի քանի տարիներին, ամենամեծ ազդեցությունն ունեցել է շինարարությունը։ Տարեսկզբի առաջին 4 ամիսներին շինարարության աճը հասնում է գրեթե 23 տոկոսի։ Բայց սա այն ոլորտը չէ, որի վրա կարելի է կառուցել տնտեսության ապագան։

Շինարարության այս աճերի տնտեսական արդյունքը շատ փոքր է, որովհետև այստեղ շատ քիչ հավելյալ արժեք է ստեղծվում՝ չնայած արձանագրվող այդպիսի բարձր աճերին։ Այդ աճերն էլ հիմնականում մի բանի շնորհիվ են՝ դեռևս մեծապես զգացնել է տալիս հիփոթեքային վարկերի գծով եկամտային հարկի հետվերադարձի գործոնը։ Թեև արդեն երկրորդ տարին է, ինչ այդ ծրագիրը տեսականորեն հանված է Երևանից, այնուհանդերձ դեռ բազմաթիվ բնակարանային կառուցապատման նախագծերի համար եկամտային հարկի հետվերադարձի արտոնությունը պահպանվում է։

Սա էլ, թերևս, դարձել է շինարարության ոլորտի աճի պահպանման հիմնական գործոնը, մյուս կողմից, իհարկե, ավելացնելով բյուջեի ֆինանսական ծանրաբեռնվածությունը՝ եկամտային հարկի հետվերադարձով պայմանավորված։

Այդ գործոնի ազդեցությունը բյուջեի վրա արդեն հասել է տարեկան գրեթե 300 մլն դոլարի։

Շինարարությունից բացի, պաշտոնական վիճակագրությունն այս տարի բավական բարձր աճեր է գրանցել նաև արդյունաբերության մեջ։ Բայց այստեղ էլ կա աճի տեմպի ակտիվ նվազում։ Տարեսկզբի առաջին 2 ամիսներին, մի հրաշքով, աճը հասել էր ընդհուպ 24 տոկոսի։ Սակայն կարճ ժամանակ անց հրաշքն արագորեն անհետացավ ու ընդամենը 2 ամսվա ընթացքում արդյունաբերության աճը միանգամից 11 տոկոսային կետով նահանջեց։

Դրանով հանդերձ, էլի թվում է՝ բարձր է, բայց դա էլ է խաբուսիկ. Այն գերազանցապես նախորդ տարվա խոր անկման արդյունք է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արդյունաբերության անկումը շատ ավելին էր, քան այս տարվա աճն է։

Նախորդ տարվա առաջին 4 ամիսներին արդյունաբերության անկումը գերազանցում էր 16 տոկոսը։ Այսպիսի խորը անկումից հետո է, որ այս տարի 13 տոկոսով աճել է։ Նախորդ տարվա կորցրածը չի էլ հասցրել վերականգնել։

Արձանագրված աճն էլ հիմնականում ընդերքի հաշվին է։ Այս տարվա սկզբից էապես ավելացել են ընդերքի շահագործման ծավալները։ Ըստ էության, համապետական ընտրություններից առաջ իրավիճակը փորձում էին փրկել ընդերքը քանդել-ծախելով, որը մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը համարում էր մեծագույն չարիք Հայաստանի համար։

Ընդերքի արդյունահանման ծավալներն այս տարվա առաջին 4 ամիսներին ահռելի տեմպերով ավելացել են։ Աճը կազմել է ավելի քան 35 տոկոս։

Արդյունաբերության աճը տեղի է ունեցել հիմնականում ընդերքի հաշվին, բայց նույնիսկ դա չի փրկել՝ ինչպես ընդհանրապես արտաքին առևտուրը, այնպես էլ՝ հատկապես արտահանումը։ Արտահանումը շարունակել է նվազել։

Ապրիլին արտահանման անկումը կազմել է գրեթե 26 տոկոս։ Ընդամենը 535 մլն դոլարի ապրանք է արտահանվել Հայաստանից։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել արտահանման առումով, նշենք, որ 2024թ. ապրիլին արտահանումը Հայաստանից հասել էր 1 մլրդ 552 մլն դոլարի։

Երկու տարի առաջվա համեմատ, ավելի քան 3 անգամով նվազել է։ Նվազել է նույնիսկ նախորդ տարվա կտրուկ նվազումից հետո։ Նախորդ տարվա ապրիլին արտահանման ծավալների անկումը կազմել էր ավելի քան 57 տոկոս։ Այդ 57 տոկոսի վրա այս տարի ևս շուրջ 26 տոկոսով նվազել է։

Արտահանումը նվազել է ոչ միայն ապրիլի, այլև տարեսկզբի 4 ամիսների կտրվածքով։ Իհարկե, 4 ամիսների կտրվածքով անկումը համեմատաբար փոքր է՝ 3.3 տոկոսի շրջանակներում է։ Բայց դա էլ հիմնականում նրա շնորհիվ, որ փետրվարին արտահանման անտեսանելի աճ գրանցվեց՝ հավանաբար ոչ միայն հանքահումքային ապրանքների արտահանումների, այլև «փայլող» վերաարտահանման արդյունքում։

Հետո էլի արտահանումների ծավալները վերստին սկսեցին նահանջել։

Էապես դանդաղել է նաև ներքին առևտրի շրջանառության աճի տեմպը։ Չնայած սա էլ նոր բան չէ. Չորս ամսվա տվյալներով, ներքին առևտուրն աճել է ընդամենը 1.5 տոկոսով։ Տարեսկզբին էլ, իհարկե, շատ բարձր չէր, բայց մի պահ գոնե հասնում էր 3.3 տոկոսի։ Երկու ամսում աճի տեմպն ավելի քան կիսով չափ կրճատվել է։

Ինչպես մարտին, այնպես էլ ապրիլին ներքին առևտրի շրջանառությունը, նախորդ տարվա համեմատ՝ գրեթե մնացել է նույն մակարդակին, աճը եղել է ընդամենը 0.1-0.2 տոկոս։ Այս «ահռելի» աճերը ցույց են տալիս, թե ինչքան է ավելացել՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ տնտեսության պահանջարկը։

Տարվա մեկնարկին տեսնում ենք, որ տնտեսական գործընթացները Հայաստանում գնում են դեպի դանդաղում։ Բայց դեռ վաղ է ասել, թե դրանք մինչև ուր կարող են հասնել։ Անորոշությունները, որոնք կան հատկապես արտաքին հատվածից, եթե շարունակեն պահպանվել, ազդեցությունները տնտեսության վրա առաջիկայում շատ ավելի կտրուկ կլինեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930