Թուրքիա և Ադրբեջան. «դաշնակիցների» միջև տարաձայնությունները  թաքցնելը գնալով դժվարանում է

Երբեմնի անբաժան համարվող Բաքուն և Անկարան ավելի ու ավելի են տարակարծիք Հայաստանի և Իսրայելի հետ իրենց արտաքին քաղաքական կապերի շուրջ: Տասնամյակներ շարունակ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը բնորոշել է թուրք-ադրբեջանական հարաբերությունները` սերտորեն կապված էթնիկ եղբայրության, էներգետիկ փոխկախվածության և ռազմական դաշինքի հետ:

Բոլորովին վերջերս այդ ամենը «վահանի վրա էին բարձրացնում՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, իսկ Թուրքիան ոչ միայն խոսքով, այլև գործով անսասան աջակցություն էր ցուցաբերում պաշտոնական Բաքվին։ Իսկ հիմա պանթուրքիստական հռետորաբանության հետևում հայտնվում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, «իսրայելական» և «իրանական» հարցերը:

Ինչի մասին է խոսքը: Անկարայում Ադրբեջանի դեսպանը վերջերս հայտարարել էր, որ թուրքհայկական սահմանը կբացվի Հայաստանում հունիսյան ընտրություններից հետո, հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեի արդյունքներով, որն ամբողջությամբ համահարթեցնում է Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում: Հունիսի 7-ի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաջողության դեպքում նման հեռանկարն առավել քան իրական է թվում:

Հատկանշական է, որ օտարերկրյա դեսպանը հրապարակայնորեն հայտարարել է Թուրքիայի ինքնիշխան սահմանային քաղաքականության իրականացման ժամկետներն ու պայմանները: Այս պահանջը պատկերում է այն միտումը, որը նշել է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտից Գյոնուլ Թոլը: Վերջին մեկ տարվա ընթացքում թուրք դիվանագետներն ավելի հաճախ էին բողոքում, թե որքան «բարդ» է դարձել իրավիճակն Ադրբեջանում, հատկապես, երբ Բաքուն փորձում է պայմաններ թելադրել Անկարային:

Դեսպանի հրապարակային հայտարարությունը նոր մակարդակի է բերում իրավիճակը:   Նախկին դիվանագետ Ֆաթիհ Ջեյլանը նշում է. «այն ժամանակաշրջանում, երբ պաշտոնական Անկարան խնամքով խուսափում է Բաքվի դեմ ուղղված հայտարարություններից`Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմավարական և ռազմական կապերի պատճառով, Ադրբեջանի դեսպանի մեկնաբանությունը Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առնվազն անհաջող է: Ավելի ճիշտ, սա սեփական տեղը չիմանալու դեպք է»,- ասել է Ջեյլանը` հավելելով, որ ակնկալում է «մոտալուտ կոշտ դատապարտում արտաքին գործերի նախարարության կողմից»:

Կտրուկ դատապարտում այդպես էլ տեղի չունեցավ, բայց շփումներն իրական են: Սա հիշեցնում է 2009 թվականը, երբ Թուրքիան և Հայաստանը ստորագրեցին Ցյուրիխյան արձանագրությունները հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, սակայն Ադրբեջանը քաղաքական և դիվանագիտական ճնշում գործադրեց` ստիպելով Անկարային նահանջել: Բաքվի ԶԼՄները և որոշ փորձագետներ քննադատել են Հայաստանում Անկարայի դեսպան Սերդար Քըլըչին այն բանի համար, որ նա համարձակվել է ասել, թե «իրեն զգացել է՝ ինչպես տանը» վերջերս Երևան կատարած այցի ժամանակ: Իշխանամետ վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը քննադատել է նրան իբր «Բաքվի կարմիր գծերն անտեսելու» համար:

Բայց 2026 թվականը 2009 թվականը չէ: Այսօր Անկարան Բաքվին զիջելու ավելի քիչ պատճառներ ունի: «Ղարաբաղյան հարցը» փակված է, Ադրբեջանն իր տարածքային նպատակներին հասել է Թուրքիայի օգնությամբ: Անկարայի սեփական ռազմավարական հաշվարկները փոխվել են. Հայաստանի հետ հարաբերությունների լիցքաթափումն ունակ է նվազեցնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում (օրինակ՝ Երևանում կարող են բարձրացնել Գյումրիից 102-րդ բազայի դուրսբերման հարցը)՝ բացելով ուղիղ առևտրային ուղի դեպի Կենտրոնական Ասիա և ամրապնդելով Ռեջեփ Էրդողանի կառավարության հեղինակությունն Արևմուտքում։

Թյուրքական դաշնակիցների միջև ավելի ու ավելի խորը պառակտում են առաջացնում նաև Իսրայելի վերաբերմունքի և Մերձավոր Արևելքում նրա վարած քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունները։ Ժամանակին Իլհամ Ալիևն ասել էր, որ ադրբեջանա-իսրայելական կապերը նման են սառցաբեկորի, որի 9/10-ը թաքնված է ջրի տակ, և դա պարզապես գեղեցիկ արտահայտություն չէ: Գաղտնիք չէ, որ Բաքուն և Արևմտյան Երուսաղեմը, ավելորդ աղմուկ չգրավելով, ձևավորել են հետխորհրդային տարածքում ամենաամուր ռազմա-հետախուզական գործընկերություններից մեկը:

Իսրայելական անօդաչու թռչող սարքերը և արգելապատնեշ զինամթերքը վճռորոշ դեր են խաղացել 2020 թվականին հայկական պաշտպանության բեկման գործում։ Այսօր իսրայելական զենքին բաժին է ընկնում Ադրբեջան ժամանակակից սպառազինության ներմուծման գրեթե 70 տոկոսը: Փոխարենը՝ Բաքուն «սիոնիստական ռեժիմին» մատակարարում է հում նավթի մոտ 40 տոկոսը, որը կենսական ռեսուրս է մի երկրի համար, որն այս կամ այն աստիճանի ինտենսիվությամբ մշտական պատերազմ է մղում գրեթե իր հարևանների հետ:

Բայց այստեղ Բաքվի համար կա մի կարևոր խնդիր. Իսրայելը և նրա կողմնակիցները Վաշինգտոնում ավելի ու ավելի հաճախ են Թուրքիան ներկայացնում՝ որպես «նոր Իրան»:  Ընդդիմության առաջնորդ Նաֆթալի Բենեթն ահազանգել է «առաջացող թուրքական սպառնալիքի» մասին: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է քրդերին ճնշելու մեջ` խախտելով Անկարայի «կարմիր գծերից» ալ կարմիր գույնը:

Տարիներ շարունակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հաջողությամբ հաղթահարել են այդ մշակութային և քաղաքական անջրպետը` կենտրոնանալով ընդհանուր թյուրքական ինքնության, անվտանգության և տնտեսական փոխկախվածության վրա: Բայց 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հաջողությունը մեծամտություն է ծնել Բաքվում։ Ալիևն այլևս իրեն չի տեսնում՝ որպես կրտսեր գործընկեր, որն «ավագ եղբոր» կողմից ինչոր հովանավորության կարիք ունի: Ավելի ու ավելի վստահ ներգրավվելով տարածաշրջանային հեգեմոնի դերի մեջ` նա, կարծես, ակնհայտորեն ակնկալում է համապատասխան ըմբռնում Անկարայում: Նման վերաբերմունքը նյարդայնացնում է թուրք պաշտոնյաներին, որոնք հիշեցնում են, թե ինչպես են տրամադրել անօդաչու թռչող սարքեր, ռազմական խորհրդականներ և դիվանագիտական ծածկույթ, որը հնարավոր դարձրեց հաղթանակը Ղարաբաղում:

Իրանի դեմ Իսրայելի պատերազմն էլ ավելի բացահայտեց թյուրքական հավակնոտ դաշնակիցների տեսակետների անհամապատասխանությունը։ Եթե հավատանք CNN հեռուստաալիքին՝ «Իսրայելը վերջին պատերազմի ընթացքում գործողություններ է իրականացրել Իրանի դեմ` օգտագործելով Ադրբեջանում ուժերի տեղակայումը»: Իսրայելի ռազմական և հետախուզական հատուկ ստորաբաժանումները (այդ թվում` հատուկ նշանակության ուժերի զինյալները, որոնողափրկարարական ուղղաթիռային ստորաբաժանումը և «Մոսադի» աշխատակիցները) իբր գործել են Իրանի հետ սահմանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Թավրիզից ընդամենը 96 կմ հեռավորության վրա:

Գործողության նախապատրաստումը սկսվել է պատերազմի սկսվելուց մի քանի շաբաթ առաջ: Իսրայելցիները տեղադրել են գաղտնալսող սարքեր և հետախուզական սարքավորումներ՝ հիմք դնելով հետագա գործողությունների համար: Ադրբեջանում գտնվելու ընթացքում Նեթանյահուի ռեժիմը հետախուզական տվյալներ է հավաքել իրանական տեղաշարժերի և ռազմական օբյեկտների վերաբերյալ, այդ թվում՝ իրանական հրթիռների արձակման վաղ նախազգուշացման տվյալներ տրամադրելու նպատակով։

Ադրբեջանից Իսրայելի կողմից իրականացված հիմնական գործողություններից մեկը պատերազմի առաջին շաբաթում ԻՀՊԿ հետախուզական գործակալության ղեկավար Ռահման Մողադամի սպանությունն էր։ Այսպիսով, Թեհրանը Բաքվին կասկածում է Իսրայելին գաղտնի օգնելու մեջ, ընդհուպ մինչև 2025 թվականի հունիսին Իրանին հարվածելու համար մերձկասպյան երկրի օդային տարածքն օգտագործելու մեջ: Երբ 2026 թվականի մարտին իրանական անօդաչու սարքերը վայրէջք կատարեցին Նախիջևանում` խոցելով օդանավակայանը և վիրավորելով չորս խաղաղ բնակչի, Ալիևն այն անվանեց «ահաբեկչություն» և խոստացավ վրեժ լուծել: Սակայն միջադեպն արագ կոծկվեց, և Բաքուն նույնիսկ մարդասիրական օգնություն ուղարկեց Իրան` Նավրուզ:

Բաքվի հետազոտական ինստիտուտից Ալթայ Գեյուշովի խոսքով` իրադարձությունների այս շրջադարձը, գոնե մասամբ, արդյունք էր Թուրքիայի կողմից Ալիևի նկատմամբ գործադրված ոչ հրապարակային ճնշման` դեէսկալացիայի նպատակով: Այն դեպքում, երբ Ադրբեջանը ռազմավարական շահ է տեսնում Իրանի ադրբեջանական շրջաններում իր դիրքերի ամրապնդման մեջ, Թուրքիայի համար Իրանն էթնիկ հիմքով մասնատելու ցանկացած ծրագիր անընդունելի է, քանի որ նա մտավախություն ունի, որ նման արկածախնդրությունը կխթանի նաև թուրքական միասնության համար խիստ վտանգավոր քրդական անջատողականությունը:

Իր հերթին, Իսրայելն Ադրբեջանին մանևրելու դիվանագիտական տարածք է տրամադրում, այդ թվում` արժեքավոր կապեր Վաշինգտոնի հետ: Սա հատկապես արժեքավոր է, քանի որ Բաքուն ձգտում է վերջնականապես վերացնել 1992 թվականի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ուղղումը, որն արգելում է Ադրբեջանին ուղղակի ամերիկյան ռազմական աջակցություն ստանալ:

Հավանաբար այնքան էլ շատ հիմքեր չկան ենթադրելու, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վստահության երկխոսությունը տեսանելի հեռանկարում կվերսկսվի: Բաքվի և Անկարայի միջև հակասությունները բազմապատկվում են և վաղ թե ուշ ջրի երես դուրս կգան ամբոխին ու «բարյացակամներին» զվարճացնելու համար:

Յուրի Մավաշև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930