«Թուրքիան մեր բնական գործընկերն է». Սիրիայի էկոնոմիկայի նախարար
Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Մուհամեդ Նիդալ էշ-Շաարը հայտարարել է, որ Թուրքիային դիտարկում են որպես բնական գործընկեր և մի երկիր, որի հետ ունեն ճակատագրի ընդհանրություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նրա խոսքով՝ երկու պետությունները պետք է դառնան արտադրության համատեղ աղբյուր:
Թուրքական պետական «Anadolu» (AA) լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի նախարարն այս մասին խոսել է Գազիանթեփում (Այնթապ) մեկնարկած «Քաղաքային տնտեսությունների գագաթնաժողով. Գազիանթեփ-Հալեպ» համաժողովի շրջանակներում։
«Թուրքիան մեր բնական գործընկերն է» խորագրով նիստի ժամանակ Շաարը շեշտել է, որ Սիրիան ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ կայուն, ներդաշնակ և ուժեղ տնտեսական հարաբերություններ հաստատելու համար։
Միջոցառմանը ներկա Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն իր հերթին անդրադարձել է սահմանային անցակետերի խնդրին՝ նշելով. «Սիրիացի գործընկերներին հայտնել ենք, որ պատրաստ ենք բացել Նուսայբինի (Մծբին) և Քամըշլըի միջև գտնվող մեր մաքսային անցակետը»։
Բացի այդ, վերջինս հայտարարել է, որ նպատակ ունեն մինչև 2030-ի սկզբները երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 10 մլրդ դոլարի:

