«Արձանագրենք, որ ՀՀ իշխանության կողմից չկա ներգրավվածություն և աջակցություն Շվեյցարիայի խորհրդարանի նախաձեռնած գործընթացին». Գեղամ Ստեփանյան

Այսօր Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ «46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար»։

Ի՞նչ պետք է հետևի բանաձևի ընդունմանը, այստեղ ի՞նչ անելիքներ ունի ՀՀ իշխանությունը, գնդակը ՀՀ կառավարության դաշտո՞ւմ է։

168.am հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մանրամասնեց, որ այս պրոցեսում գնդակը ՀՀ իշխանության դաշտում չէ և չի էլ եղել, այն Շվեյցարիայի խորհրդարանի դաշտում է։

«Բանաձևի ընդունումը պարտավորություն է սահմանում հենց Շվեյցարիայի Կառավարության համար։ Իհարկե, շատ ցանկալի կլիներ, եթե այդ գործընթացում Հայաստանի Կառավարությունը, իշխանությունները ներգրավվածություն ունենային։ Բայց, ցավոք, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ Հայաստանի իշխանությունների կողմից չկա որևէ ներգրավվածություն և աջակցություն այս գործընթացին»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ տրամաբանությունը հուշում է, որ բանաձևին պետք է հաջորդեն հստակ քայլեր Շվեյցարիայի կառավարության, Արտաքին գործերի նախարարության կողմից՝ նման համաժողով գումարելու, կազմակերպելու հարցում։

«Այնպես չէ, որ սրանով գործընթացն ավարտվեց, դեռ երկար աշխատելու տեղ ունենք։

Իհարկե, հայ-ադրբեջանական երկխոսության համար ՀՀ իշխանությունը կարող է օգտագործել Շվեյցարիայի տրամադրած հարթակը։ Սակայն մենք տեսնում ենք, որ այդ ցանկությունը ՀՀ իշխանությունների մոտ չկա, որովհետև այդ հարթակում հիմնական հարցը պետք է լինի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, բայց ՀՀ իշխանությունը որևէ շահագրգռվածություն չի ցուցաբերում այդ հարցը քննարկելու համար»,- ընդգծեց Գեղամ Ստեփանյանը։

Տեսանյութեր

Լրահոս