
Ադրբեջանը ԿԽՄԿ-ին և ՄԱԿ-ի գրասենյակներին «դուրս է հրավիրում», «առաջադրվել են» կոնկրետ մեղադրանքներ

2023 թվականին Արցախի հայաթափումից ամիսներ առաջ ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Արցախից Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի էր վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել անհայտ վայր, ինչը, ըստ էության, շրջափակման մեջ գտնվող արցախահայության վրա հոգեբանական և ֆիզիկական ճնշման նոր փուլի մասին էր հուշում, որի անհրաժեշտության մասին այդ օրերին՝ 2023 թվականի հուլիսին, խոսել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում:
«Ադրբեջանը հարց է բարձրացնում, որ Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը պետք է ենթարկվի Կարմիր խաչի Բաքվի գրասենյակին: Ֆորմալ առումով նրանք կարող են հիվանդներ տեղափոխել Երևան կամ մեկ այլ տեղ, դա իրենց գործն է, բայց ֆորմալ առումով Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը պետք է ենթարկվի Բաքվի գրասենյակին: Ժամանակին, երբ ես այս հարցը բարձրացնում էի, ինձ պատասխանում էին, որ իրենք Բաքվից չեն կարող գնալ Ղարաբաղ, դրա համար փոխգործակցությունը և կապերն ապահովվում են Երևանի գրասենյակից: Ես կարծում եմ, որ կարող ենք միջանկյալ փուլ դուրս գալ, և Ստեփանակերտի Կարմիր խաչը ենթարկվի և՛ Բաքվի, և՛ Երևանի գրասենյակներին: Կրկնում եմ՝ դեռ այսպես կարող է լինել, այսինքն, միջանկյալ նման փուլ կարող է լինել՝ պահպանելու Կարմիր խաչի «դեմքը»»,- մանրամասնել էր Մամեդյարովը:
Եվ, ինչպես միշտ, Ադրբեջանն իր պահանջների համար «լեգիտիմ հիմքեր էր ստեղծել»:
2023 թվականին, երբ դեռ Արցախը հայաթափված չէր, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում արգելափակել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից Արցախ վերադարձող բուժառուների և նրանց ուղեկիցների, ինչպես նաև դեղորայքի առանց այն էլ սահմանափակ քանակի մուտքն Արցախ՝ «մաքսանենգության» կեղծ պատրվակով:
Արցախի ՄԻՊ-ից արձագանքել էին, թե աշխարհի ոչ մի կետում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներն այնքան մանրազնին չեն խուզարկվում, ինչքան Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետում, որը միտված է դիտավորյալ խոչընդոտելու Արցախում միակ միջազգային մարդասիրական կազմակերպության կողմից իրականացվող առաքելությանը:
Արդեն Արցախի հայաթափումից հետո հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա, թեև օկուպացված Արցախում հայեր էին մնացել և ինչ-որ մարդիկ դեռ կան:
Այսօր Ադրբեջանը նաև Բաքվում հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» ֆոնին, օրակարգ է բերել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ Ադրբեջանից հեռացնելու հարցը, ինչը տեղի ունեցավ տարբեր միջազգային կազմակերպությունների կամ օտարերկրյա լրատվամիջոցների դեպքում, և ինչին նախորդել էր քարոզչական-տեղեկատվական գրոհը:
Ընդ որում, այս ճակատագիրը սպառնում է ոչ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, այլև UNDP-ին (Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, ՄԱԶԾ), UNHCR-ին (ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ):
Caliber.az-ը ռեպորտաժ է պատրաստել, որտեղ նշվում է, որ այսօր, երբ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը« և ադրբեջանցի փախստականների վերաբնակեցում է գնում, այս կազմակերպությունների ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, ինչպես առաջին պատերազմից հետո:
Բայց Ադրբեջանն Ադրբեջան չէր լինի, եթե միջազգային այս կազմակերպության հեռացման պահանջը չփորձեր «լեգիտիմացնել» նաև նրանց ուղղված տարբեր մեղադրանքներով:
Մասնավորապես, ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մեղադրում է հայկական զինված ուժերին օգնելու մեջ, թե իբր «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 44-օրյա պատերազմի օրերին հետախուզական և լրտեսական գործունեություն է իրականացրել Ադրբեջանի դեմ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Արցախի հայաթափումից առաջ, իբր նրանց մեքենաներով զենք է տեղափոխվել Ստեփանակերտ և ոչ միայն, արձանագրվել են նաև «մաքսանենգության» դեպքեր»:
Ավելին, Ադրբեջանը Կարմիր խաչին մեղադրում է նաև երկակի ստանդարտներ կիրառելու համար: Իսկ վերոնշյալ մյուս երկու միջազգային կազմակերպություններին ուղղված մեղադրանքը վերաբերում է կոռուպցիային, Ադրբեջանի օրենքների խախտմանը և այլն:
Այս ամենը, ըստ Ադրբեջանի, իրավունք է վերապահում պահանջել նրանց հեռացումը երկրից և վերանայել նրանց հետ համագործակցության ձևաչափը:
Ադրբեջանական կողմը նշում է, թե այսօր իրենք ի զորու են միայնակ լուծել հումանիտար կամ նմանօրինակ հարցեր, միգուցե Եվրոպան և միջազգային կառույցները թողնեն, որ Ադրբեջանը միայնակ վերջացնի՞ օկուպացված Արցախի տարածքների ականազերծումը…