Իրանցիները կասկածով են վերաբերվում ՀՀ-ում ռուսական զինվորական ներկայությանը. Արեշև

«Կուլիսային խոսակցություններում Իրանը Հայաստանին ակնարկում է ՀՀ-ում իրանական ռազմական ներկայության հնարավորության մասին»,- այս մասին այսօր «ԵՄ, թե ԵԱՏՄ, Հայաստանի ընտրությունը նոր աշխարհակարգի պայմաններում» վերտառությամբ քննարկման ընթացքում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով բնական ռեսուրսների և դեպի դրանք տանող երթուղիների նկատմամբ գերտերությունների հետաքրքրությանը։

Արեշևը կիսում է քննարկման բանախոսի այն կարծիքը, որ Ֆրանսիան հետաքրքրված է ղազախական ուրանով, և, ընդհանրապես, ըստ նրա, միջազգային հարաբերությունների նյարդը, պայքարի նպատակը բնական ռեսուրսների հասանելիություն ձեռք բերելն է։

«Խոսքն օգտակար հանածոների, հազվագյուտ մետաղների, ուրանի հանքավայրերի և դրանց փոխադրման երթուղիների, այսինքն՝ տրանսսահմանային տրանսպորտային միջանցքների մասին է, դրա շուրջ ծավալվելու են տարատեսակ զինված հակամարտություններ, աշխարհաքաղաքական պայքար, այն, ինչ դրա հետ կապված է։ Դա մենք տեսնում ենք Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, դա տեսնում ենք Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ այն չափով, որ չափով որ կսրվի պայքարն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, արտաքին խաղացողների ձգտումը՝ վերաֆորմատավորել հետսովետական տարածքը»,- ասաց Արեշևը։

Ռուս վերլուծաբանը նաև գտնում է, որ ճիշտ են կարծիքներն այն մասին, որ ՌԴ-ն փորձում է ինչ-որ առումով կոնսոլիդացնել այս ամենը դեռ քաղաքական-դիվանագիտական մակարդակում։ «Կարծում եմ՝ մենք որքան պարզ Ուկրաինայում զինված հակամարտության ավարտի հորիզոնը տեսնենք, այնքան շատ հնարավորություններ կունենա Ռուսաստանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»,- նկատեց քաղաքագետը։

Կարդացեք նաև

Նրա գնահատմամբ, վերջին ամենահետաքրքիր թեման կապված է Իրանի հետ։ «Չեմ կարող չկիսվել այն մտքերով, որոնք առաջացան հետսովետական տարածքում և մասնավորապես վերջերս Մոսկվայում Անդրկովկասում իրանական քաղաքականությունը քննարկելիս՝ հարթակներից մեկում։ Տարբեր կարծիքներ էին արտահայտում ռեգիոնում ռուս-իրանական փոխգործակցության մասին։

Այո, մենք գիտենք, որ իրանցիները կասկածով են վերաբերվում ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայությանը և որոշակի կուլիսային ու այլ խոսակցություններում նրանք ակնարկում են իրենց ռազմական ներկայության հնարավորության մասին ՀՀ-ում այն դեպքում, երբ Գյումրիի ռուսական բազան որոշակի դասավորության պարագայում դուրս բերվի ՀՀ-ից, կամ դրա հնարավորություններն էապես սահմանափակվեն։ Գիտենք, որ ռուս-իրանական հարաբերությունները բավականին զգուշավոր բնույթ են կրում ներկայումս, չնայած ասվում են բազմաթիվ աղմկոտ բառեր և բազմաթիվ հռչակագրեր են հրապարակվում, այդ թվում՝ եվրասիականների կողմից։ Սակայն բավական է Կրեմլի կայքում ուսումնասիրել ռուս-իրանական վերջին պայմանագիրը՝ համոզվելու համար այդ պայմանագրի շատ կետերի հռչակագրային բնույթի մեջ, ուստի դեռ բավականին շատ աշխատանք է սպասվում։

Չգիտեմ՝ արդյոք իրականացվելո՞ւ են այն ռազմական միջոցառումները, որոնք վերջերս հայտարարվեցին, եթե չեմ սխալվում՝ Հայաստանում Իրանի դեսպանի կողմից, խոսքը ռազմական վարժանքների մասին էր։ Այնուամենայնիվ, կարծում եմ, Իրանի ազդեցությունը, այդ թվում՝ անդրկովկասյան գործընթացների վրա, տեսանելի ապագայում մեծ չի լինելու, որքան շատերը կցանկանային։ Դա պայմանավորված է այն խնդիրներով, որոնց բախվում է իսլամական հանրապետությունը»,- ասաց Արեշևը։

Տեսանյութեր

Լրահոս