Նիկոլի, Պապոյանի, Արաբաթի համար գլուխ գովելու իսկական թեմա կլիներ, եթե նրանք կարողանային բացել Ադրբեջանի հետ ուղիղ հաղորդակցություն. Արմեն Մինասյան
Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է. «Օրվա իշխանությունների հիմարությունները սահմաններ չեն ճանաչում, և դա է պատճառը, որ շատ հաճախ հրապարակային դրսևորումները նախընտրում եմ պարզապես անտեսել: Բայց երբեմն պետք է արձագանքել, որ չթվա` իրենց փոխարեն հասարակությունն է հիմարը:
Այսօր խոսենք Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի ներկրման մասին: Քարոզչական թեզն այն է, որ վայ ամա՜ն, աննախադեպ բան` Ադրբեջանը թույլ է տվել իր տարածքով բեռ գա:
Իրականությունը շատ ավելի ռացիոնալ է: Չնայած Ադրբեջանի բարձրաձայն սանկցիային, նրա տարածքով Հայաստանից և Հայաատանի համար բեռներ (ոչ զանգվածային) նախկինում էլի են տեղափոխվել (բնականաբար, Վրաստանով տարանցմամբ): Օրինակ, եթե հարմար լինի, Յակունինին հարցրեք, թե Ռուսական երկաթուղիներն ինչպես են Մոսկվա հասցրել հայկական եկեղեցու համար նախատեսված տուֆը:
Կարող եք հետաքրքրվել նաև, թե ինչպես էր Բաքվում հայկական կոնյակ ու Երևանում ադրբեջանական թեյ հայտնվում:Իսկ եթե սկեպտիցիզմը շատ կուտի ոմանց, թող բացեն պաշտոնական վիճակագրությունը, գտնեն ու փորձեն պարզաբանել, թե ՀՀ Մաքսային ծառայությունն ինչ բեռներ է բաց թողել` պաշտոնապես ծագման երկիր ճանաչելով Ադրբեջանը:
Նիկոլի, Պապոյանի, Արաբաթի համար գլուխ գովելու իսկական թեմա կլիներ, եթե նրանք կարողանային բացել Ադրբեջանի հետ ուղիղ հաղորդակցություն, որպեսզի լոգիստիկ առումով հնարավոր լիներ շրջանցել Վրաստանի տարածքը: Ոչ թե Վրաստանի խնդիրն է, այլ` այլընտրանքի: Եթե իսկապես Ադրնեջանով տարանցումը գեթ կես լումայի արդյունավետ լինի, Վրաստանը ստիպված կլինի վերանայել Հայաստանի համար տարանցման սակագները: Քանի դեռ նման բան չի եղել, գործ ունենք, ներողություն արտահայտությանս, ֆուֆլոյի հետ:
Ասել կուզի, որ Ադրբեջանով բեռի թեման հայ ժողովրդին թեթև կուտ է` հերթական մախաթը մտցնելու համար: Ես հասկանում եմ, որ Ալիևի մախաթից քպականները կայֆ են ստանում, բայց հրաժարվում եմ ընդունել, որ դրանք չեն նվաստացնում հայ ժողովրդին»:

