ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որոնք իշխանության համար ունեն կենաց-մահու նշանակություն: Դրանց ընթացքը, արդյունքները մեծապես կանխորոշելու են, թե ինչ է անելու իշխանությունը հաջորդ տարվա ԱԺ ընտրություններում:

Վաղարշապատը՝ որպես ԱԺ ընտրությունների մանրակերտ, հետաքրքիր է նրանով, որ գրեթե ամբողջությամբ արտացոլում է այն դասավորությունը, որը գոնե այս պահին տեսանելի է նաև ԱԺ  ընտրությունների համար. իշխանության թեկնածուն ունի շատ ցածր վարկանիշ, այն էլ՝ պայմանավորված բացառապես վարչական լծակներով: Ճիշտ այնպես, ինչպես ՔՊ-ն՝ համապետական մակարդակով:

Վաղարշապատում իշխանական թեկնածուն, ճիշտ այնպես, ինչպես նրա ու ՔՊ-ի ղեկավարը՝ հանուն պաշտոնի ուրացել է սրբությունները և հետդարձի ճանապարհ չունի: Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատում կարող է գործել երկու սցենարով: Եթե ամեն գնով իր թեկնածուի հաղթանակն այդուհանդերձ չապահովվի և, օրինակ, Գյումրիի մոդելով իշխանություն ձևավորեն ընդդիմադիր ուժերը, ապա կարճ ժամանակ անց այդ համայնքի ղեկավարը/ղեկավարները մեծ հավանականությամբ կհայտնվեն անազատության մեջ: Այնպես, ինչպես տեղի է ունեցել ընդդիմադիր ղեկավարներ ունեցող գրեթե բոլոր համայնքներում՝ Վանաձոր, Գյումրի, Մասիս…

Ընդ որում, դա համեմատաբար մեղմ տարբերակն է: Կա նաև ավելի ողբերգական նախադեպ, երբ իշխանությունը չի կարողանում հաղթել որևէ համայնքում և հանցավոր անգործությամբ թույլ է տալիս այդ համայնքի ընդդիմադիր քաղաքապետի սպանությունը, ինչպես տեղի ունեցավ Մերձավանի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դեպքում:

Կարդացեք նաև

Բոլոր այս գործոնները Վաղարշապատի ընտրությունները դարձնում են շատ ավելի կարևոր, քան զուտ ՏԻՄ ղեկավար կազմի ձևավորման միջոցառումը: Իրականում դրանք ունեն խիստ քաղաքական նշանակություն և արտահայտում են իշխանության, անձամբ Ն. Փաշինյանի թաքնված վախերը, պետության ու իշխանության նկատմամբ նրա երկդիմի վերաբերմունքը: Կա տպավորություն, որ Փաշինյանը ոչ միայն դեմ չէ պարտությանը, այլ պարտությունը դարձրել է պաշտամունքի առարկա: Դա միանգամայն ճիշտ է, երբ խոսքը պետության պարտության մասին է և երբ պարտությունն արձանագրվում է թշնամուց:

Միանգամայն այլ է նրա վերաբերմունքը ներքաղաքական պայքարում, որտեղ նա պարտությունը չի հանդուրժում օրգանապես: Նա բառի ամենաուղիղ իմաստով վրեժ է լուծում իրեն ու իր ղեկավարած քաղաքական ուժին հաղթած մարդկանցից՝ ամենալկտի կերպով նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելով:

ԱԺ ընտրությունները, սակայն, ունեն որոշակի տարբերություն. ՏԻՄ-երի դեպքում Փաշինյանը հաղթողներից  վրեժ է լուծում պոստֆակտում, քանի որ ամբողջությամբ վերահսկում է իրավապահ մարմիններին: ԱԺ ընտրությունների ժամանակ դա կարող է չգործել, քանի որ կախված ելքից՝ մինչև նոր իշխանության ձևավորումը, իրավապահ  մարմինները կարող են դուրս գալ նրա վերահսկողությունից: Այդ դեպքում՝ նրան մնում է անել նույնը, սակայն ոչ թե՝ ընտրություններից հետո, ինչպես ՏԻՄ-երի դեպքում, այլ դրանից առաջ: Այնպես, որ իրեն հաղթելու հնարավորություն ունեցող ուժերի առնվազն ղեկավարներն ընտրությունների ժամանակ գտնվեն անազատության մեջ:

Այս իրողություններն առաջիկա ընտրությունների վրա ունենալու են շատ ավելի մեծ ազդեցություն, քան սոցիոլոգիական հարցումների արդյունքներն ու նախընտրական խոստումները: Ն. Փաշինյանն ընտրություններին մասնակցելու է հաղթելու և/կամ վրեժ լուծելու նպատակով: Նա պաշտում է Ադրբեջանից կրած պարտությունը, որովհետև դա հնարավորություն է տալիս չպարտվել ներքաղաքական պայքարում, կամ պարտվելու դեպքում՝ դատել հաղթողներին: Որքան էլ ոմանց թվում է, թե հաղթողներին չեն դատում:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս