ԵԿԵՂԵՑԻ-ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ
Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) և ՀՀ կառավարության միջև սրվող հակամարտությունը նպատակահարմար է դիտարկել արժեքային, քաղաքական‑ինստիտուցիոնալ, հաղորդակցական և աշխարհքաղաքական մակարդակներում։
Արժեքային մակարդակ (ինքնություն և առաքելություն)
2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի իշխանավորներին դրսից պարտադրվեց գոյության «ռացիոնալացման» և «նորմալացման» կարգախոսների ներքո մեկնաբանել 2020-23թթ. ազգային աղետը և ամբողջությամբ չեղարկել «հայոց պատմություն» նարատիվը։ Դա հասարակության զգալի մասը գնահատեց՝ որպես ոտնձգություն ազգային ինքնության նկատմամբ։ Ի հակադրություն իշխանության՝ ՀԱԵ-ն մնում է հավատարիմ ազգային ինքնության ավանդական ատրիբուտների և պատմական հիշողության պահապանի իր առաքելությանը։ Ուստի, ներկա հակամարտությունը պայմանավորված չէ հոգևորականների կողմից կրոնական կանոնների ենթադրյալ խախտումներով կամ եկեղեցու և պետության տարանջատման խնդիրներով։ Ըստ էության, գործ ունենք քաղաքացիական և ազգային ինքնության մոդելների բախման հետ։
Քաղաքական‑ինստիտուցիոնալ մակարդակ
Վերջին տարիներին դրսևորվեց աննախադեպ հանրային անտարբերություն և անվստահություն իշխանության բոլոր ճյուղերի, ընդդիմության, բանակի, մտավորականության և կուսակցությունների հանդեպ։ Այս ֆոնին միայն ՀԱԵ‑ն մնաց որպես բարոյական կողմնացույց։ Դա հանգեցրեց Եկեղեցու դերի փոխակերպմանը՝ սահմանափակ հանրային ազդեցություն ունեցող կառույցից այն դարձավ բավականին ազդեցիկ հասարակական դերակատար։ Որոշ հոգևորականների ներգրավվածությունը բողոքի շարժմանը ցուցադրեց Եկեղեցու պատրաստակամությունը՝ դուրս գալու իր գլխավորապես ծիսական գործառույթների սահմաններից և դառնալու քաղաքացիական մոբիլիզացիայի գործոն։
Դա ամրացրեց բողոքի շարժման բարոյական չափումը՝ հարուցելով հուզական լայն ռեզոնանս։ Կառավարությունը միանգամայն սպասելիորեն սկսեց վարկաբեկել ՀԱԵ‑ն և կասկածելի պատրվակների ներքո քրեական հետապնդման ենթարկել նրա առավել ակտիվ ներկայացուցիչներին։ Նման աննախադեպ ճնշման նպատակներից մեկը բողոքի շարժման բարոյա-հոգևոր հենարանը կազմաքանդելն է։ Թեև սաստկացող հակամարտությունը նպաստեց ՀԱԵ‑ի տեսանելիությանը և հեղինակության ամրապնդմանը, այն միևնույն ժամանակ հարվածեց դրա միասնությանը. եկեղեցուց հեռացվածներին իշխանության կողմից ցուցաբերվող աջակցությունը սրեց ներեկեղեցական խմորումները։ Աճեցին ՀԱԵ պառակտման և արտաքին քաղաքականության մեջ գործիքայնացման ռիսկերը, ինչը կարող է հանգեցնել մեր ազգային ինքնության սրբազան տարրի էրոզիային։
Հաղորդակցական մակարդակ
Կառավարության և ՀԱԵ միջև երկխոսությունը փաստացի դադարել է։ Հեռակա «շփումը» ստացել է բացարձակ թշնամական բնույթ, ինչը խորացնում է հանրային պառակտումը։ Հռետորաբանության էսկալացիայի ներկա պայմաններում չափազանց բարդանում է ոչ միայն ուղիղ, այլև միջնորդացված հաղորդակցության հաստատումը։
Աշխարհքաղաքական մակարդակ
Արտաքին քաղաքական գործոնը ևս դարձավ հակամարտության գործոն։ 2020 թվականից հետո իշխանությունները հետևողականորեն հրաժարվում են «հայկական աշխարհի» բոլոր խորհրդանիշներից և գործառույթներից։ Այդ կոնտեքստում Սուրբ Էջմիածնի և, մասնավորապես, ՌԴ-ի հայ համայնքի և դրա առավել ազդեցիկ գործիչների միջև ձևավորված համագործակցությունը և փոխկապվածությունը որոշ հանրային շրջանակներում հանգեցրեց ՀԱԵ‑ի ասոցացմանը ռուսական բևեռի հետ։ Այսպիսով, աշխարհքաղաքական գործոնը դարձավ Եկեղեցու և կառավարության միջև սրվող առճակատման կատալիզատոր։ Դրա բացակայությամբ կոնֆլիկտը, հավանաբար, կմնար մշակութա‑քաղաքական դիսկուրսի սահմաններում։ Մինչդեռ այժմ այն ստացել է քաղաքակրթական երանգ. այն է՝ լինելո՞ւ է Հայաստանը տարածաշրջանում ձևավորվող «թուրքական աշխարհի» տարր, թե՞ երկիրը կզարգանա իր իմաստաբանական մատրիցայի շրջանակներում։
Դեռ երեք տարի առաջ ես կանխատեսել էի Հայաստանի Հանրապետության «մաքիավելյան պահի» մեկնարկը, որը կպահանջի մեր ազգային համոզմունքների, առասպելների և պատմական բարդույթների աուդիտ, և, որպես հետևանք, երկրի raison d’être‑ի (գոյության իմաստի) վերաարժևորում[1]։ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չէ, որն ազգային աղետի հետևանքով առճակատվել է նման գոյաբանական խնդրի հետ։ Ճապոնիայի և Ֆինլանդիայի հետպատերազմյան վերականգնումը վկայում է, որ հասուն հասարակությունները, անգամ արտաքին ճնշման տակ, դիմակայել են անցողիկ և նեղ խմբակային շահերով պայմանավորված գայթակղություններին և առանց ազգային ինքնության արմատական վերանայման՝ հաջողությամբ փոխառել զարգացման արդյունավետ մոդելներ։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

