Եվրոպայի համար Հարավային Կովկասը մղվում է երկրորդ պլան․ Ի՞նչ սպասել Հարավային Կովկասում գլոբալ բանակցություններին զուգահեռ

Այս օրերին աշխարհն ականատես է հիրավի պատմական, բեկումնային աշխարհաքաղաքական զարգացումների, որոնք ծավալվում են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, Ուկրաինայի ղեկավարության ու եվրոպական երկրների առաջնորդների միջև՝ մի շարք այլ առանցքային դերակատարների ներգրավմամբ։

Այն, ինչ տեղի է ունենում աշխարհաքաղաքական գլխավոր «խաղատախտակին», ուղղակիորեն վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությանը, նրան, թե ինչպես կդասավորվի ՀՀ արտաքին քաղաքականությունը, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության ապագան և բոլոր առանցքային հարցերը, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացները։

Սակայն մինչ Հարավային Կովկասին հասնելը, բանակցային գործընթաց է սկսվում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, որը բուռն արձագանքներ է առաջացնում թե Ուկրաինայում, թե եվրոպական երկրներում։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններն առանց Ուկրաինայի ու ԵՄ-ի՝ ոչ միանշանակ ընդունվեցին Ուկրաինայի կողմից, թեև հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ուկրաինական կարգավորման որոշ մոտեցումներ։ Կողմերը բանակցությունները որակեցին բավականին օգտակար և դրական։

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ ռուս-ամերիկյան հարաբերություններում զարգացումներն ու պայմանավորվածությունների տեմպը բավականին դինամիկ է։ Էր Ռիադի բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հաջորդ շաբաթ (մինչև փետրվարի վերջ), ամենայն հավանականությամբ, տեղի կունենա իր և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Կրեմլը սա ևս չի հերքել։

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին էլ մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը հրավիրված չէ բանակցություններին և չի ընդունելու դրանց արդյունքները։ Զուգահեռաբար Անկարա կատարած այցի ընթացքում նա նշել է, որ Կիևը հանդես է գալիս խաղաղության հաստատման օգտին՝ հիմնված Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման վրա։ Նրա խոսքով՝ Կիևը ցանկանում է որպես երաշխավոր տեսնել ԱՄՆ-ին, Եվրամիությանն ու Թուրքիային։

«Որպես երկիր՝ մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների տրամադրման վրա։ Մենք ցանկանում ենք, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրեն ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ամբողջ Եվրոպան, այդ թվում՝ Թուրքիան»,- մասնավորապես ասել է Ուկրաինայի նախագահը։

Գաղտնիք չէ, որ անվտանգության երաշխիքները ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Ուկրաինայի տարածքում խաղաղապահ զորքերի տեղակայման տեսքով ընդունելի չեն Ռուսաստանի համար, ՌԴ-ն նաև տարածքային զիջումներ չի պատկերացնում։ ՌԴ-ն կասկածի տակ է դնում նաև նախագահ Զելենսկիի լեգիտիմությունը նրա հետ բանակցելու գործընթացի շրջանակում։ Ավելին, պահանջում է, որ ՈՒկրաինան հաստատի իր չեզոք կարգավիճակը, իսկ Արևմուտքը հրաժարվի ՈՒկրաինայի ՆԱՏՕ անդամակցության խոստումներից։ Սակայն Զելենսկին նշում է՝ պաշտոնը կլքի, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ։

«Եթե ​​վաղն Ուկրաինան դառնա ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ, իմ կարիքն այլևս չի լինի»,- հայտարարել է նա։

Խիստ քննադատության ենթարկելով Զելենսկիին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափեցնող է համարել այն, որ Կիևը դժգոհ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններից։

«Գիտեք, նրանք (ուկրաինացիները) նեղված են, որ տեղ չունեն (բանակցությունների սեղանի շուրջ)։ Նրանք երեք տարի ունեին այդ տեղը։ Եվ դրանից շատ առաջ ամեն ինչ կարելի էր կարգավորել շատ պարզ»,- նշել է Թրամփը։ «Կիսատ-պռատ բանակցողը կարող էր այս հարցը լուծել տարիներ առաջ, և ես կարծում եմ՝ առանց մեծ տարածքներ կորցնելու և կյանքեր և քաղաքներ կորցնելու, որոնք պարզապես ավերակների մեջ են»,- հավելել է նա։ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները մոտ 350 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային, սակայն այդ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների բացակայությունը մտահոգիչ է: Այսինքն՝ Թրամփն անցել է Ուկրաինայի ղեկավարության ու Եվրոպայի ուղիղ քննադատության՝ զուգահեռաբար չանելով նման սուր հայտարարություններ Ռուսաստանի հասցեին։

Այս ամենին զուգահեռ՝ եվրոպական արտակարգ գագաթնաժողովներ է հրավիրվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին հավաքը տեղի ունեցավ փետրվարի 17-ին, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը Էր Ռիադում բանակցություններ են նախապատրաստում, որին հրավիրված չեն ԵՄ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Փարիզյան հանդիպմանը մասնակցել էին Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի ղեկավարները։ Փետրվարի 19-ին Մակրոնն անցկացնում է հերթական գագաթնաժողովն այլ ղեկավարների մասնակցությամբ։

Ինչո՞վ է այս ամենն առնչվում Հայաստանին և հարավկովկասյան ռեգիոնին, քննարկել ենք վերլուծաբանների հետ։

Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Եվրոպան բախվել է վերջին շրջանի ամենալուրջ մարտահրավերի հետ, որոնց հաղթահարմանն էլ ուղղված են փարիզյան գագաթնաժողովները։

Ըստ նրա, որքան էլ ԱՄՆ նախագահը անկանխատեսելի գործիչ է, նա Եվրոպայից պահանջում է ավելի մեծ պատասխանատվություն սեփական անվտանգության համար, ուստի փարիզյան հանդիպումների ժամանակ պետք է արագորեն մշակվի այդ պլանը, թե ինչպես է Եվրոպան տրամադրելու անվտանգության երաշխիքներ Ուկրաինային։

«Սա ամենահրատապ հարցն է՝ ԵՄ-ն պետք է կոնսենսուսային ծրագիր ունենա, թե ինչ կարող են անել եվրոպացիները, և ինչ է պահանջվում ԱՄՆ-ից, որը կարելի է անել՝ հաշվի առնելով նոր վարչակազմի մոտեցումները։ Բնականաբար, պետք է լինի ընկալումը, որ իրենց անվտանգությունն այս երկրները պաշտպանում են Ուկրաինայում, դա Եվրոպայի անվտանգության հարցն է։ Բացի այդ, պետք չէ հույսեր կապել, որ ԱՄՆ-ն է դա անելու։ Ուստի Եվրոպայի համար ներկայումս Ֆրանսիայի նախաձեռնած հանդիպումների ընթացքում լուրջ որոշումներ կայացնելն է և ապագա պայմանավորվածություններին մասնակցելը»,- ասաց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ այս ամենի ֆոնին, ցավալիորեն, երկրորդ պլան է մղվելու Հարավային Կովկասը և այնտեղ առկա հակամարտությունը։

«Այս պահին կարծես եվրոպական երկրներն ունեն ամենահրատապ հարց, որն Ուկրաինայի հարցով ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա վերադիրքավորումն է։ Մյուս կողմից էլ՝ ներկայումս ԵՄ-ն միջնորդ չէ ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում, սակայն ունի դիտորդներ ՀՀ-ում, ինչն արդեն իսկ առանցքային ներկայություն է Հայաստանում։ Ուկրաինական պայմանավորվածություններից հետո, կարծում եմ, ԵՄ-ն կվերանայի նաև իր գլոբալ քաղաքականությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- ասաց նա։

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ևս ասաց, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և, ամենայն հավանականությամբ, նաև ԵՄ-ն ներկայումս շատ ռեսուրս չեն ունենա Հարավային Կովկասով հետաքրքրվելու համար։ Սակայն, ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը դա հասկանում են, ուստի դեռ ակտիվորեն չեն սկսում բանակցությունները և սպասում են աշխարհաքաղաքական նոր գործարքների կայացմանը։

«Արդեն իսկ տեսանելի է, որ Ռուսաստանը դրանցից դուրս է գալու աշխարհաքաղաքական օգուտներով։ Սակայն պայմանավորվածությունների բնույթն իսկապես կարևոր է հասկանալու համար, թե հետագայում Հարավային Կովկասում ինչպես կդասավորվեն աշխարհաքաղաքական նոր շահերը և ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան և ԵՄ-ն»,- նկատեց նա։ Վերլուծաբանի կարծիքով, ակնհայտորեն, գլոբալ բանակցություններն առնչվում են ոչ միայն Ուկրաինային, դրանք վերաբերում են ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների նոր ճարտարապետության կառուցմանը, որը հենված պետք է լինի փոխադարձ հարգանքի, միմյանց անվտանգության նկատառումները, ազդեցության գոտիները հաշվի առնելու սկզբունքի վրա։ «Արդեն նկատվում են որոշ նշաններ, որ այդ ընկալումը կա։ Սակայն բանակցությունների ընթացքում արդեն կոնկրետ արդյունքները կտեսնենք։ Կարծում եմ՝ միայն այս ամենից հետո արտաքին միջնորդությամբ կարող են լինել բանակցություններ Երևանի ու Բաքվի միջև, եթե նրանք չորոշեն ուղիղ բանակցել։ Դա ևս չպետք է բացառել»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս